Հասմիկ Սարգսյան. ՔԵՐԾԻ
(Գրիգոր Նազարյանի «Ոզմ գավառի պար» կտավի մոտիվներով՝ ի հավաստում ապագա հաղթության)
Երկտակ գոտեպինդ, նախշով շուշանա
Փեշն մինչև կոճեր, գոգինը՝ ալվան,
Երկայն զոլերին ծննդոց նշան՝
Հարսն կճամփի կռվի՝ իր փեսան։
Դաստակներն վերև՝ կոգեկոչե,
Առաջ կքայլի, ձախ ոտք կզարկե,
Ճամփելուց քաջին ինքն է մատուցել՝
Խաչ պատերազմին՝ գործքով մանրաթել։
Եվ հմայական շարժով կխաղա
Արեգհայտնության լույսին ընդառաջ,
Ո՜վ, դուք՝ նախնիներ, վանք Աստվածընկալ,
Պահպանիչ աղոթք հղեցեք նրան։
Իր գլխանոցը ուժ կհաղորդի,
Մորթե վահանը՝ իր պարեգոտին,
Շապկի ծոփքերը՝ վիշապագալար,
Նիգեր կարձակե իր խրոխտ հայացք։
Հարսի թիկունքը՝ կրծքով պարսպում,
Ոստյունը՝ վստահ, շարժմունքը՝ հատու,
Ոնց կռվի գնա, քերծի է պարում
Վահագնամռունչ և ամպրոպազդու․․․
Մայիս 9, 2022
Հասմիկ Սարգսյան
(Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Ոզմ գավառի պար» կտավի մոտիվներով)