ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. «Ներկայիս սերնդի առողջ ու ազգասեր շերտը պարտավո՛ր է երկիրն անվնաս դուրս բերել վտանգավոր այս շրջադարձից»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ:
—Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
—Համոզված եմ, որ յուրաքանչյուրիս ճակատագրում նախախնամություն կա: Այլապես, ինչո՞ւ, դեռ թոթովախոս, պատմություններ եմ հնարել ու ստիպել, որ մեծերը լսեն իմ «բանահյուսությունը», այբուբենի վերջին տառը սովորելուց հետո ինչո՞ւ բացականչեցի՝ «Օ՜ֆ, է, արդեն կարող եմ ուզածս գրել…», ինչո՞ւ էի նպատակադրվել, որ մանկական գրադարանի բոլոր գրքերը կարդամ…
Մեր ընտանիքում գիրքը մեծ հարգ ուներ: Բոլորվում էինք վառարանի շուրջ ու մինչև ուշ գիշեր մայրս բարձրաձայն գեղարվեստական գրքեր էր կարդում և ամեն անգամ չուզելով էինք ավարտում այդ ծեսը: Այո, դա յուրատեսակ ծես էր: Եվ գրքից-գիրք, ես մտածում էի, թե կկարողանա՞մ սիրված հերոսներին նմանվել, կկարողանա՞մ այդպիսի մի վեպ գրել: Վերջապես, ճիշտ ժամանակին և տեղում ինձ հանդիպել են մարդիկ՝ ուսուցիչներս, դասախոսներս, գործընկերներս, ովքեր ինձ անշահախնդրորեն ուղղորդել են: Դպրոցական տարիքում հավակնեցի թղթակցել ոչ միայն «Պիոներ կանչին», այլև՝ Կիրովականի քաղաքային «Կայծ» թերթին: Ուղղորդեցին՝ երգիծանք գրիր: Հետագայում, երբ այդ նույն թերթում բաժնի վարիչ էի և պլանային հոդվածներից զատ պատրաստում էի նաև պարբերաբար լույս ընծայվող երգիծական «Խաթաբալա» էջը, մի օր ինձ հրավիրեցին շրջանային կուլտուրայի տուն՝ դիտելու իմ երգիծանքներով բեմադրած ներկայացումը… Ուղղորդեցին՝ պիես գրիր…
-Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
—Ավելի քան 50 տարվա ստեղծագործական տքնանքով ձեռքբերումների շարքում դասում եմ նաև այն հազարավոր հոդվածները, ակնարկները, գրախոսությունները, ֆելիետոններն ու երգիծանքները, որոնք տպագրվել են քաղաքային, հանրապետական և միութենական պարբերականներում հանդեսներում: Երիտասարդ տարիքում դրանք, գրավոր ազդեցիկ խոսք ստեղծելու գործում մեծ վարժանք էին, բացի այդ, հետագայում հիմք հանդիսացան ստեղծելու գեղարվեստական վավերապատումների, մենագրությունների մի քանի ժողովածու, այդ թվում՝ «Ուղղալարի հրաշքը» գիրքը, որում ամփոփված է Ղարաքիլիսա-Կիրովականի 1900-2000 թվականի կառուցապատման պատմությունը: Գեղարվեստական գրականության առումով, այս ընթացքում հրատարակվել են բանաստեղծությունների, վիպակների, պիեսների ու երգիծանքների 49 ժողովածու, շարունակում եմ տպագրվել գրական-գեղարվեստական բազմաթիվ հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։ Իմ հեղինակած 28 պիես Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյանի արտիստական», «Գոյի», «Փոսի», Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի պետթատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում և այլ թատերախմբերում, ունեցել են 78 բեմադրություն։ Ստեղծագործություններս թարգմանվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Ընդսմին, այսքան «գլուխ գովալուց» հետո, չեմ կարող անկեղծորեն չխոստովանել, որ թեև բանաստեղծությունների երկու ժողովածու եմ հրատարակել և, կարծես, երրորդն է ուրվագծվում, ես ինձ բանաստեղծ չեմ համարում, իսկ հրատարակածս շուրջ 50 ժողովածուներից, գրական-գեղարվեստական արժեքավորությամբ, կառանձնացնեի ընդամենը 8-10-ը… Ձեռքբերումների շարքում երևի պետք է հիշատակել նաև պարգևներն ու կոչումնե՞րը… Դրանք շատ-շատ են. հանրապետական, Միութենական, միջազգային գրական-թատերական փառատոների բազմակի դափնեկիր, մրցանակակիր, «Համազգային» հայ կրթական-մշակութային միության «Լևոն Շանթ» մրցանակ՝ «Գնացքի երկու տոմս» պիեսի համար, «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակ՝ «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի, Համահայկական Գրական մրցույթում առաջին մրցանակ՝ «Հրադադար» պիեսի, ՀԳՄ նախագահության Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակ՝ «Փակուղուց այն կողմ» պիեսների ժողովածուի, «Արտավազդ» մրցանակ՝ «Պադամ, պադամ» պիեսի համար, Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալ և այլն: Դրանց շարքում ամենանվիրականը ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումն է և, իհարկե, իմ հարազատ քաղաքի՝ Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալը: Կեղծ համեստություն չընդունեք, չեմ կարող չնշել կոչումների, մրցանակների մասին իմ բնորոշումը. այդ բոլորն, ի վերջո, մահախոսականում մեկ տող է, ուրիշ ոչինչ: Կարևորն այն է, թե ի՞նչ նոր բան ավելացրիր գրականության մեջ, ի՞նչ արժեքներ ստեղծեցիր: Իսկ դա ժամանակը ցույց կտա, եկող սերունդները կքննեն…
— Ձեր արձակն ու բանաստեղծությունները նույն թեմատիկա՞ն են զարգացնում:
-Երգիծական պատմվածքներում, սատիրայով ու սարկազմով ստվերոտ երևույթներն են խարազանվել, կան նաև մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների, սիրո թեմայով գրվածքներ: Շատ եմ արժեքավորում «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպս, որի առաջին մասն է դեռ հրատարակվել: Դրանով ես փորձեցի շարունակել մեծն Պարոնյանի «Ազգային ջոջերի», Չարենցի «Երկիր Նաիրիի», Բակունցի «Կյորեսի» գրական ավանդույթները: Գիրքն արժանացավ «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակին, և ես ոգևորված եմ շարունակելու վեպը և իրադարձությունները, որ սկիզբ են առնում 1975 թվականից՝ հասցնել մինչև մեր օրերը: Իսկ բանաստեղծություններում գերակշռողը սիրո թեմատիկան է և հայրենասիրականը: Ունեմ նաև չհրատարակած չափածո առակներ: Ժամանակս չի բավականացնում, թեև ծույլ չեմ…
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
—Որպես մասնագետ՝ հայ գրող լինելու հանգամանքով, չեմ կարող ասել: Ջանացել եմ ժամանակից ետ չմնալ, տուրք չտալ անցողիկ «արժեքներին», մնալ այն դավանանքին, որի Աստվածներն ու քրմերը հայոց գրականության Մեծերն են: Այդ հոյակերտ տաճարում ես ինձ համարում եմ շարքային հավատացյալ: Իհարկե, եղել են ու կլինեն ստեղծագործական ներշնչանքին օժանդակող ինքնամեծարման ներքին ցուցանքներ, բայց, վերջին հաշվով, առաքելությանդ արժեքն ու կշիռը որոշողը դու չես: Իսկ որպես հայ մարդ ու իմ երկրի քաղաքացի, մեծ պարտավորություն եմ զգում լինել այն դիրքերում, որոնք դիմակայում են ազգակործան մարտահրավերներին, որոնք, ցավոք, մեր օրերում բազմատեսակ են, շատ են ու հանդուգն:
-«Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է ՄխիթարԳոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Ես մայրապաշտ եմ ու կնապաշտ: Ինձ մեղադրեք ազգայնամոլության մեջ՝ խոսքս հայուհո՛ւ մասին է: Նա է իմ Արարչատու ազգի արգանդն ու պահապան հրեշտակը, նա է մեր սլացքի թևերն ու մեր ապրել-հարատևելու, տոկալու և մաքառելու ավիշը: Բյուր հազարավոր օրինակներ կան: Պատահական չէ, որ լեզուն մոր անունով ենք կոչում, երկիրը՝ հոր. ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ:
Հայ կնոջ ամենամեծ համալսարանը ընտանիքն է, որում նա և՛ ուսանող է, և՛ ուսուցիչ: Եթե ունի նաև մասնագիտական կրթություն, ապա, նա առավել քան բարեբեր է: Գանձն ի՜նչ է, որ համեմատվի… Գանձի արժեքը ծախսվել-սպառվելու մեջ է, հայուհին այս կյանքից հեռանում է չսպառված: Մի՞թե այդպես չէ:
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Շլիմանն այդ կարծիքին հանգել է ոչ թե մեր գեղեցիկ աչքերի սիրույն, այլ գիտական խոր վերլուծությունների, համադրությունների արդյունքում: Սակայն, ազգային քաղաքակրթությունդ տարածելու համար հզոր պիտի լինես, նվաճող, ընդարձակվող: Հունաստանն ինչ-որ տեղ ու չափով նաև պարտադրեց դա: Շլիմանի կարծիքը մեզ ոչինչ չի տալիս, սոսկ մեր ինքնասիրությունն է շոյվում: Դեռ էն գլխից, մենք մեր արժեքները պահպանելու, հանրահռչակելու գործում ծույլ ենք ու թափթված, երբեմն, նույնիսկ, ներհակ դրսևորումներով: Նկատենք նաև, որ Եվրոպայի այսօրվա դժբախտությունները ևս, իր նախընտրած քաղաքակրթության կողմից բացասական երևույթների նկատմամբ պաշտպանիչ իմունիտետ չունենալու և հեշտությամբ այլասերվելու, տարատեսակվելու արդյունքն են:
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
—Նժդեհի Ցեղակրոնությունը:
-Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
—Մերօրյա իրականությունը բազմադեմ է՝ հերոսականությունից մինչև վախկոտություն ու փոքրոգություն, հայրենասիրություն ու դավաճանություն, զվարճանք ու ողբերգություն… Կասեք՝ կյանքը միշտ էլ բազմադեմ է: Իհարկե, դա այդպես է, սակայն, քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ, դրանք մեր օրերում ավելի շեշտված ու միմյանց նկատմամբ անզիջում մոլուցքով են հառնում: Դրանք, նայած թեմային, ինձ թելադրում են ստեղծագործության ժանրը՝ ֆա՞րս գրել, թե՞ դրամա՞, ողբերգությո՞ւն, թե՞ կատակերգություն: Վերջերս, Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում տեղի ունեցավ իմ «Արտավազք» կատակերգության, իսկ հունիսի 14-ին և 15-ին, Երևանում, Ստանիսլավսկու անվան թատրոնի դահլիճում, տեղի կունենա «40 օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիայի առաջնախաղը: Ձեր հարցի հետ զարմանալի զուգադիպությամբ, այդ երկու թատերագրություններում արտացոլված են մեր իրականության գրեթե բոլոր կողմերը: Տրագիկոմեդիայում, հերոսները՝ հանցագործը, բանտի վերակացուն, կաշառակեր-օլիգարխ մեկը, մարմնավաճառը, բանաստեղծը, այլք, մահացել են և անդրաշխարհում իրար հետ անց են կացնելու 40 օր՝ մինչև իրենց դատաստանը: Ինքնին գուշակելի է, թե հոգեվիճակների ինչպիսի բախումներ կունենան նրանք՝ արտացոլելով վերերկյա կյանքի իրենց մեղանչումները: «Արտավազք» կատակերգությունում, հայոց արքա Արտավազդ Ա-ն, որին ըստ լեգենդի չարքերը փախցրել, գետնակուլ են արել Մասյաց վիհում, հայտնվում է մեր օրերում, «Արտավազդ» հինգ աստղանի հյուրանոցում և պաշարվում նորօրյա «չարքերի»՝ իշխանատենչ կուսակցությունների, կեղծ հայրենասերների, թալանչիների, եսապաշտների կողմից: Այս երկու գործերում էլ, իհարկե, անկարելիի հնարանքն է օգտագործված, իսկ ընդհանրապես, իմ մյուս «անհնարանք» ստեղծագործություններում ևս, առաջնորդվել եմ հենց այդ սկզբունքով՝ գեղարվեստորեն բացահայտել մերօրյա իրականությունն իր լավ ու վատ կողմերի շեշտադրմամբ: Նույնիսկ, երբ առաջարկներ ստացա մենախաղեր գրել ըստ Վ. Շեքսպիրի «Թիմոն Աթենացի» և «Վենետիկի վաճառականը» ստեղծագործությունների, թող ներվի, հարազատ չմնացի մեծ դրամատուրգին, իմ Թիմոնը, բեմի մեծ վարպետ ՀՀ ժողովրդական արտիստ Գույժ Մանուկյանի մարմնավորմամբ և Շայլոկը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի կերպավորմամբ, այսօրվա մեր իրականության հոգեբանական անաչառ վերլուծողներ էին և ոչ թե՝ անտիկ շրջանի կամ միջնադարի իրենց միջավայրի: Ահա թե ինչու, այդ ստեղծագործությունները կրում են «Շեքսպիրյան մոտիվներով» որակումը և ոչ թե՝ «Ըստ Շեքսպիրի»:
-Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
—Թող զարմանալի չթվա, տարիներ ի վեր ինձ խանգարել է լրագրողական աշխատանքը: Հրապարակախոսության ազդեցությունը հաղթահարել և գեղարվեստական գրականություն ստեղծելը դյուրին բան չէր: Այդուհետ, երբ աշխատանքի անցա ՀԿԿ քաղկոմում՝ հրահանգիչ, տարիներ անց աշխատում էի Վանաձորի մարզպետարանում՝ բաժնի վարիչ, չինովնիկ լինելով՝ վարչարարական ծավալուն գրագրության ազդեցությունները պիտի հաղթահարեի: Մեծ բավականությամբ անցա կենսաթոշակի, ամբողջովին նվիրվեցի գեղարվեստական գրականությանը և… Պատերազմ, դավ, քովիդ… Մեկ տարուց ավելի գրիչս թղթին չէի կարողանում դիպցնել: Մտքովս երբեք չէր անցել, թե ես, իմ կամային հատկություններով, այդպիսի ընկճախտի մեջ կհայտնվեմ: Վերջերս կարծես թե ուշքի եմ գալիս, բայց վայ էդ սթափությանը, երբ ամեն օր, ծանոթանալով օրվա տեղեկատվությանը, ճիշտ այն զգացումն ես ունենում, երբ մարդը գիտակցելով իր հարազատի մոտալուտ կորուստը՝ ձգտում է վանել ցավ պատճառող մտածումներն ու հուսալ… Հայրենիքը, ազգային պետականությունը, մեր ազգայինն ինձ համար անգնահատելի, վեհ արժեքներ են և, ավաղ, բոլորն էլ այսօր վտանգված…
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Կարծես թե՝ արդեն ասացի… Ախր սա մեր բնականոն կյանքի իրականությունը չէ, սա, մի կողմից, հզոր երկրների աշխարհաքաղաքական վերաձևումների նորօրյա ընթացքում՝ մեզ պարտադրվող, մյուս կողմից՝ մեր ազգային հին ու նոր «ջոջերի» եսակենտրոն, ապազգային քաղաքականությամբ և գործունեությամբ ստեղծված կործանման տանող շղթա է՝ այլասերության, ազգային շահերն ու արժեքները ոտնահարելու դրսևորումներով: Իմ հերոսի՝ Արտավազդի խոսքով ասած՝ մենք բոլորս արտավազքի մեջ ենք: Սթափվել է պետք:
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Աստծո սիրուն, միայն ոչ այնպիսին, ինչպիսին ներկայում ունենք: Մե՛նք, մեր ներկայիս սերունդն է ծռել ընթացքը, և նրա առողջ ու ազգասեր շերտը պարտավո՛ր է երկիրն անվնաս դուրս բերել վտանգավոր այս շրջադարձից: Նոր սերնդին հարկավոր է ժառանգել խաղաղ երկինք և հայրենիքի սահմաններով, ազգի մշակույթով, պատմությունով, հավատքով պաշտպանված երկիր, և նա ստեղծարար աշխատանքով կշենացնի, կզարգացնի, կհզորացնի իր անդաստանը: Պատրանքներով չտարվենք, մենք չենք հասցնի այդ բոլորն անել, մեր գերագույն նպատակը գալիք սերնդին ազատ, անկախ, ազգային հարցերում զգայուն ու շահախնդիր պետականություն ունեցող Հայաստան ավանդելն է:
ՄԱԳԱՂԱԹՑԻ