«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը այս օրերին փլատակների մաքրման և պեղման աշխատանքներ է իրականացնում Լոռեբերդ ամրոցի տարածքում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումը (ղեկ.՝ Արման Նալբանդյան) այս օրերին փլատակների մաքրման և պեղման աշխատանքներ է իրականացնում Լոռեբերդ ամրոցի տարածքում:
Պեղումների հիմնանպատակը առանձին հատվածների վերականգնման նախագծերի կազմումն է, որոնց վերջնարդյունքը տվյալ հատվածների վերականգնումն է լինելու: Նշենք, որ արդեն այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետների հեղինակային հսկողությամբ Ամրոցի տարածքում մեկնարկելու են նաև վերականգնման աշխատանքներ:
Ներկայում պեղումները հիմնականում ընթանում են երկու տեղամասերում` պարսպապատին ներսից հարող տարածքում և փոքր բաղնիքի տարածքում: Պեղումներից հայտնաբերվել են հավասարաթև խաչի պատկերով սյան բեկորներ, ծածկասալեր, քարե գործիքներ, ջնարակված և անջնարակ խեցեղեն:Պարսպին հարող տարածքները պեղվել են դեռևս 2009-2014 թթ., որոնց ընթացքում բացվել են մի շարք կցակառույց շինություններ, թոնիրներ, օջախներ և այլն, սակայն մոտ 55 մ հատված մնացել էր չպեղված: Ահա այդ հատվածում էլ այս օրերին ընթանում են հիմնական պեղումները: Բավական հետաքրքիր կառույց է Փոքր կամ երկրորդ բաղնիքը, որը գտնվում է ամրոցի արևմտյան եզրին: Այստեղ պեղումներ են իրականացվել դեռևս 1960-70-ական թթ. պրոֆեսոր Իգիթ Ղարիբյանի կողմից, սակայն աշխատանքներն անավարտ են մնացել, և շատ հարցեր չեն գտել իրենց պատասխանները: Նորօրյա պեղումների ընթացքում բաղնիքի մոտ գտնված իրերից հատկապես պետք է առանձնացնել Զարգացած միջնադարին բնորոշ կարմրափայլ, գոտեզարդ անոթի բեկորը և բազալտե տաշտ-ջրավազանը, որն այս բաղնիքի մոտ դեռևս միակն է: