Կարինե Ավագյան. ‹‹Միացյա՛լ, անկա՛խ, հզո՛ր, հայաշո՛ւնչ, ոչ մի այլ պետության դիմաց չխոնարհվող տղամա՛րդ, ՀԱ՛ՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ կցանկանայի ավանդել գալիք սերունդներին››
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք լրագրող— սցենարիստ, խմբագիր, բանաստեղծուհի ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:
— Տիկի՛ն Կարինե, ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
-Գերդաստանում բժիշկներ կային, մայրս էլ ընտրել էր այդ ճանապարհը և ցանկություն ուներ, որ ես էլ դառնամ բժշկուհի, սակայն երբեք չի ստիպել, որի համար երախտապարտ եմ մայրիկիս… փոքրիկ, կապուտաչյա, շիկամոխրագունավարս Կարինեն վաղ մանկուց ստեղծագործող էր ամեն ինչում՝ թե՛ խաղերում, թե՛ դպրոցում սովորելիս:
Գրում էի դեռևս 11 տարեկանից. առաջին բանաստեղծություն-թոթովանքս նվիրված էր առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովային (հիմա, երբ կարդում եմ այն, ծիծաղում եմ և այնքան եմ սիրում իմ մանկության ոսկեծամ այդ աղջնակին), հետո՝ հայոց լեզվին, Մասիսին ու մայրիկիս:
Այդ տարիքից արդեն օրագիր էի պահում, չափազանց զգայուն էի, ինքնամփոփ, երբ ինչ-որ բանից տխրում էի, չէի կիսվում ոչ մեկի հետ, իմ ապրումները հանձնում էի թղթին և…Չարենցի փողոցի մեր սեփական տան բակում երկու թթենի կային, մեկը՝ շատ քաղցր ու փոքր պտուղներով, մյուսը՝ խոշոր ու ոչ շատ քաղցր: Փոքր պտուղներով ծառը մայրս իմ անունով էր կոչել, խոշոր պտուղներովը՝ եղբորս. իմ օրագրի թաքստոցը թթենու ծառի տակն էր, փորում էի հողը, թաքցնում այնտեղ, որ ոչ մեկը չկարդար: Ապագա մասնագիտությունս, կոչումս կանխորոշված էր: Դպրոցում շատ լավ էի սովորում, բայց տարված էի հայ գրականությամբ ու հայոց լեզվով, անգլերենով, ռուսերենով, ֆիզիկայով, երգով: Գրականությունը, լեզուն իմ կյանք էին մտել օրորոցից՝ որպես անգին մանյակ: Թե՛ ես, թե՛ եղբայրս շատ հեշտությամբ սովորում ու արտասանում էինք Թումանյանի բոլոր պոեմները, դերերով արտասանում
ՙ‹‹Գառնիկ ախպերն›› ու լաց լինում, քանի որ մայրիկս ասում էր, որ մենք ենք այդ քույրիկն ու եղբայրիկը և նրանց նման պետք է իրար միշտ հասնենք, օգնենք ու փրկենք: Բնականաբար, ընտրեցի բանասիրությունը՝ ընդունվելով ԵՊՀ-ի բանասիրության ֆակուտետի հայոց լեզվի ու գրականության բաժին: Ես չեմ պատկերացնում չստեղծագործող, չոր ու ցամաք բանասեր: Այդ առումով մեր կուրսը փայլում էր՝ ստեղծագործական մի հնոց էր այն:
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
—Ստեղծագործական ամենամեծ ձեռքբրումներս հազարավոր հարցազրույցներս ու հոդվածներս են, գրական–գեղարվեստական բազմաթիվ հեռուստահաղորդումներս, որոնց թվում՝ նաև հեղինակային հաղորդաշարերս, հազարավոր բանաստեղծություններս, որոնք վաղուց սպասում են տպագրության, ‹‹Իմ միակ, իմ ծառ›› բանաստեղծությունների տպագրված միակ փոքրիկ գիրքս, մի քանի գրականագիտական մենագրություններս, մանկավարժական-դասախոսական աշխատանքիս նվիրումով ու սիրով լեցուն տարիներս, լրագրության բնագավառում ունեցած ավանդս, իմ անդավաճան, հավատարիմ ընկեր-ընկերուհիները, աչքիս լույսը՝ զավակս…
—Երկար տարիներ զբաղվել եք մի առինքնող գործունեությամբ՝ հեռուստահաղորդումներ եք պատրաստել մեր մտավորականությանը, մասնավորապես՝ գրողներին, մշակույթի գործիչներին նվիրված: Կներկայացնեք այս կարևոր գործունեությունը:
-Դրանք երանության տարիներ էին՝ ծաղկում էին գիտությունը, կրթությունը, մշակույթը, արվեստի բոլոր ճյուղերը վերելք էին ապրում, և մարդիկ այդ վերելքում էին ապրում, չկա՛ր վայրէջք, նահանջ, ետընթաց: Միակ հեռուստատեսությունը կարողանում էր ամբողջ երկրին տալ հոգևոր, արժեքավոր սնունդ, մի բան, որ այսօր չեն կարողանում կամ չեն ցանկանում անել բազմաթիվ հեռուստաընկերությունները միասին: Ես հաղորդումներ էի պատրաստում հայ դասական գրողների մասին, խմբագրում էի հաղորդումների տեքստեր, ունեի նաև իմ հեղինակային հաղորդաշարերը՝‹‹Պոեզիայի ակնթարթներ››, ‹‹Հայ քնարերգության մարգարիտներ››: Երջանկություն եմ ունեցել հանդիպելու և հաղորդում պատրաստելու Շիրազի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Ստեփան Ալաջաջյանի, Հրանտ Մաթևոսյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Ռազմիկ Դավոյանի մասին: Մեր կողքին ապրում էին հանճարներ, տաղանդներ, համաշխարհային մեծություններ, Հայաստանն ու հայը հեղինակություն էին արտերկրում: Մեր մեծերին ճանաչում էին բոլորը՝ մեծից փոքր, քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու գիտնականը, դպրոցականն ու ուսանողը: Այսօր նոր սերնդի մեծ մասը չի ճանաչում Լուսինե Զաքարյանին, Նար Հովհաննիսյանին, Մարի Պոզապալյանին, Շարա Տալյանին, Գոհար Գասպարյանին, Հայկանուշ Դանիելյանին, Վահրամ Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին, Վարդուհի Վարդերեսյանին, Բաբկեն Ներսիսյանին, Վլադիմիր Աբաջյանին, Շիրազին, Չարենցին, Սիամանթոյին, Մեծարենցին, ժողովրդական արվեստի մեծերին՝ Լևոն Մադոյանին, Վաղարշակ Սահակյանին, Նորայր Մնացականյանին, Արաքսի Գյուլզադյանին, Շողիկ Մկրտչյանին, բալետի մեծերին՝ Ռուդոլֆ Խառատյանին, Վիլեն Գալստյանին, միջազգային ասպարեզում հեղինակավոր դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին, Ժան էլոյանին,Էդգար էլբակյանին, Ավետ Ավետիսյանին, նշանավոր գիտնականներին, նկարիչներին…շատերի՛ն: Մե՛ծ ցավ է, ողբերգություն, երբ ազգիդ մեծերին այլևս չեն հիշում, և դրա մեղավորը կրթության, մշակույթի ոլորտներն են, առավելապես՝ հեռուստաընկերությունները, որոնք պե՛տք է պարբերաբար հաղորդումներ պատրաստեն այս հայերի մասին, ցուցադրեն թեկուզև՝ հին, բայց թարմացված նրանց հոլովակները, համերգները: Փոխարենը՝ ռաբիս երգեր, գրեթե բոլոր ալիքնրով ճաշ եփող ու ճամփորդող կանայք և տղամարդիկ, հիմար, ոչինչ չտվող խաղեր, վիճակախաղեր, բազում սխալներով լեցուն գովազդներ ու հայկական սերիալախեղդ ժամավաճառություն…Ափսո՛ս են այդ ժամերը. դրանք կարող էին օտգտագործել գիտական, փաստագրական հետաքրքիր ֆիլմերի ցուցադրմամբ, գրական-գեղարվեստական, երաժշտական բարձրաճաշակ հաղորդումներ եթեր տալու, մեր պատմությունն ու պատմության հուշարձանները մոռացության չտալու համար…Ինձ համար ցավոտ թեմա է. ափսոս, որ ես լծակներ չունեմ և երբևէ չեմ ունենա՝ այդ ոլորտը կարգավորելու և միայն բիզնեսին չծառայեցնելու համար:
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Կարծում եմ՝ ամենամեծ ու կարևոր առաքելությունս ազգասեր հայուհի լինելս է և նույնը նոր սերնդին ավանդելը, իսկ որպես մասնագետ՝ իմ առաքելությունը հայ գրականություն, լեզու պահպանելն ու պաշտպանելն է, որին ես նվիրված եմ ուղնուծուծով:
-«Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Մեկնաբանելու կարիք էլ չկա. այո՛, այդպես է: Սակայն ասվածը միայն ուղիղ չպետք է ընկալենք՝ կաղապարված համալսարանական կրթությամբ:Կրթված չէ միայն այն կինն, ով բարձրագույն կրթություն է ստացել. կա ներքուստ, տրվա՛ծ կրթվածություն նաև, որը արյան բաղադրության մեջ է ապրում: Շատ հայ տատիկներ ու մայրեր ոչ մի համալսարան չեն ավարտել, սակայն կարողացել են ճիշտ կրթել ու կարգին մարդ, հայ դաստիարակել իրենց զավակներին: Զավակների կրթության գործում շատ կարևոր է հատկապես մոր դերը, ով կարող է կրթել զավակներին բնությամբ, երգով, հեքիաթով, ժողովրդական բառուբանով, հիշենք Մեծն Թումանյանին՝ «Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ՝ լավ մայր․ մայրն ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․»։ Հիշենք Նժդեհի խոսքերը՝ ‹‹Մայրերի ափի՛ մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը››:
Պակաս կարևոր չէ մոր կրթված լինելը բառի ուղիղ իմաստով. սեփական լեզվի, գրականության, պատմության և այլ գիտելիքների իմացությունը և դրանք երեխային ճիշտ մեկնաբանելն ու մատուցելն, իսկապես, գանձ է, ես այդ օրինակն ունեցել եմ մորս կերպարով:
— Ի՞նչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Առանձնապես՝ ոչինչ. միայն հպարտանալու առիթ, որի պակասը հայերը չունեն:
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Հայրենիքը սիրել ոչ միայն բառերով:
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
-Ես այս քաոսային տարիներին չեմ ստեղծագործել, չեմ կարողանում ազատվել պատերազմի մղձավանջից, բյուրավոր զոհերի, գերիների, անհետ կորածների, փողոցներում հանդիպող հաշմված պայծառ տղաների, մկրատված Արցախի (մայրիկս արցախցի էր, թեև ծնվել եմ Երևանում, սակայն մանկությանս տարիներին, դպրոցական արձակուրդի օրերին շատ եմ եղել այնտեղ), վտանգված Հայաստանի, մարդկանց աղքատության հոգեմաշ մտորումներից: Ամեն ինչ հիմա այնքա՜ն անիմաստ է թվում՝ գրքի տպագրություն, միջոցառումներ…Երբեմն ասում եմ՝ մարդու ապրելն էլ չի գալիս:
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
-Բնականաբար՝ իմ նախընտրած ոլորտում աշխատանք չունենալը, այն է՝ մշակույթի, հեռուստատեսության, գիտության, կրթության, Սփյուռքի…Իհարկե, ես պարապ չեմ՝ թարգմանություններ եմ կատարում, գրքեր խմբագրում, սցենարներ գրում, բայց դա փոքր և մասնավոր դաշտ է՝ իմ ծրագրերն իրականացնելու համար:
—Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Վերոնշյալ հարցի պատասխանում գրեթե անդրադարձել եմ այս թեմային. չեմ հասկանում, թե որտեղ եմ ապրում՝ իմ Հայաստանու՞մ, թե՞ մի այլ, մի անհայտ մոլորակում:Թվում է՝ վատ երազում եմ և ճգնում եմ արթնանալ ու մոռանալ այն:
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Միացյա՛լ, անկա՛խ, հզո՛ր, հայաշո՛ւնչ, ոչ մի այլ պետության դիմաց չխոնարհվող տղամա՛րդ, ՀԱ՛ՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ կցանկանայի ավանդել գալիք սերունդներին:
ՄԱԳԱՂԱԹՑԻ