ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
8
Վարպետ Վաղարշակը առաջին իսկ օրը անջատել էր հեռախոսը, շատ ցածր ձայնով միացրել էր գունավոր հեռուստացույցը, ճաշասենյակի ու լոգարանի լույսերը և ճգնավորի համեստությամբ, հաց ու պանիրով՝ սև թեյ ըմպելով, տանում էր իր կամավոր
«բանտարկությունը»։ Նա, արդեն հոգնել էր առավոտյան «մարմնամարզությունից» էլ, «Լրաբերից» էլ, «Երաշժտկան փոստարկղից» էլ, Վանիկի՝ հարմարավետ, ճաշակով կահավորված, երկսենյականոց նոր բնակարանից էլ։ Տասնմեկ օր՝ սեփական տան, սարերի ու հանդերի, երկու շաբաթը մեկ, հերթպահությամբ՝ հովիվ լինելու սովոր, ի ծնե՝ ազատ, սոցիալիստական աշխատանքի՝ գրեթե հերոս Վաղարշակ Վարդանյանը՝ ինքն էր որոշել իր այդ կարգավիճակը, և ոչ մեկից վրդովելու իրավունք չուներ։ Եւ այս ամենը լոկ այն պատճառով, որ վախենում էր մեկնել Մոսկվա։
Գնացքը, որով պիտի Վանիկը գար, ժամանում էր երեկոյան 22-ն անց 20-ին։ Սակայն, արդեն կեսգիշեր էր, բայց նա չկար։
—Վանիկը, մի ժամանակ ասում էր, որ, հաճախ, գնացքները մեկ-երկու ժամ ուշանում են։ Կարող է պատահի, որ այդպես է,— քթի տակ, ինքն իր հետ խոսում էր նա, և քիչ անց որոշեց թիկն տալ բազմոցին, միչև տան տերը կգա ու իր բանալիով կբացի դուռը։ Առավոտյան վեցին նա վեր թռավ քնից։ Լռություն էր։ Արագորեն ստուգեց սենյակներն ու խոհանոցը, լոգարանը։ Վանիկը չկար։
Վարպետը հանգիստ մարդ էր։ Նա մտածեց մի պահ, նստեց բազմոցին ու սկսեց մտքի մեջ հնարավոր տարբերակները գնահատել։ Եթե Վանիկը ուշանում է, ուրեմն, մի բան պատահել է։ Աստված չտա՝ վատ բան։ Եթե գնա տուն, ապա՝ կխայտառակվի և կոմբինատում, ամբողջ գյուղում ծիծաղի առարկա կդառնա։ Իրենց պայմանավորվածության մասին միայն երկուսով գիտեն։ Հեռախոսը հարկավոր է միացնել։ Հնարավոր է, որ ընկերը զանգել է։ Եթե միացնի՞, գուցե և լուր ստանա նրանից։ Բայց, չէ, կարող են գյուղից զանգել։ Բայց տանը կարող են անհանգստանալ։ Ոչինչ, մի օր ուշ, մի օր շուտ — բան չի փոխվի, կսպասեն։
Վարպետը սկսեց բնակարանում ծայրից ծայր քայլել։
— Եթե վատ բան պատահած լիներ, ես մի երազ տեսած կլինեի։ Չէ՜, ինչու՞ պիտի պատահեր։ Հազար անգամ գնացել է Մոսկվա ու եկել։ Ախր, շատ ճարպիկն է Վանիկը։ Ի՞նչ իրավիճակ էլ լինի, նա չոր դուրս եկող է։ Երևի, չի հասցրել թոռներիս ու հարսներիս պատվերները կատարել։ Հաստատ։ Այդ է, որ կա,— այս միտքը շատ դուր եկավ վարպետին։ Այնքան, որ սիրտը թեթևացավ։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շարունակելի