ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
7
—ՄԻ՞թե այսպես լինում է։ Մարդս սիրահարվում է, երբ արդեն, գրեթե բոլոր իմաստները խամրել էին,— մտածում էր Վանիկը,— այսպես էլ բա՞ն կլինի։ Սա է երևի աստվածային այն նախախնամությունը, համաձայն որի, բոլոր մարդիկ էլ պիտի գտնեն իրենց
բաժին կեսին։ Աստված ինձ երկրորդ առիթն է տալիս, և ես այն բաց թողնելու իրավունք չունեմ։ Բայց ինչպե՞ս։
Աչքի տակով նա նայում էր քնած Օլգային, թաքուն ըմբոշխնում նրա ներկայությունը ու մտածում, որ եթե քայլեր չձեռնարկի, ապա երբեք չի ների իրեն, և լավ էր հասկանում, որ նրա հետ շփվելու ազատությունն ու թեթևությունը, պարզությունն ու անմիջկանությունը խոսում էին Օլգայի պատվախնդրության ու անձեռնմխելիության մասին՝ առաջին հերթին, և ոչ թե հակառակը։ Եւ այս մտքերի վրա նա վեր կացավ տեղից, ու, չնայած՝ մոտավոր պատկերացնում ուներ, բայց որոշեց նայել միջանցքի պատին փակցված ժամանումների ցանկը։ Գնացքը Օրյոլ հասնում էր հաջորդ օրը, վաղ առավոտյան, և կանգ էր առնում ընդամենը 4 րոպե։ Ի՞նչ կարող է անել նա 24 ժամում, 4 րոպեի մասին էլ չենք խոսում։ Արդյոք կարելի՞ է քսանչորս ժամում գրավել անծանոթ կնոջ սիրտը։ Մի կնոջ, ով դեռ երեկ է բաժանվելու որոշում կայացրել։ Դեռ վերք կա սրտում։ Ինչու՞ պիտի նա բացի իր սիրտը անծանոթ, ամեն ինչով օտար, կիսաճաղատ տղամարդու առջև։ Չէ։ Չի լինի։ Ավելի լավ է՝ սոցիալիստական աշխատանքի հերոսի թեկնածուի իր առաքելությունը իրականացնի։
Մտքեր էին, որ հանգիստ չէին տալիս, երբ Օլգան արթնացավ, ու քնաթաթախ հարցրեց․
—Բարի առավոտ, ժամը քանի՞սն է։
—Բարի առավոտ։ Երևանի ժամանակով տասնմեկն է,— ասաց Վանիկը,— Հուսով եմ, լավ եք քնել։ Եթե որոշել եք վեր կենալ, ապա առաջարկում եմ միասին նախաճաշենք վագոն Ռեստորանում։
—Դեմ չեմ։ Հուսով եմ, նրանք սուրճ կունենան։
Ժամանակը մոմի պես հալվում էր։ Վանիկը թեթև խուճապ էր ապրում։ Այսպիսի բան կյանքում չէր եղել։ Վախենում էր՝ կորցնել Օլգային։ Փաստորեն, սիրահարվել եմ՝ մտածեց նա։ Նախաճաշը սահունորեն ճաշ դարձավ։ Օլգան պատմում էր իր կյանքից այնպես, կարծես վերագնահատում էր ամեն բան։ Վանիկը լսում էր, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարց տալիս, քննարկում։ Ամուսնու մասին Օլգան ոչինչ չէր պատմում, իսկ եթե պատահական հիշատակում էր, Վանիկն իրեն թույլ չէր տալիս այդ փաստին անգամ ուշադրություն դարձնել։ Մի խոսքով՝ հիանալի զրուցակից էր, և Օլգային դա դուր էր գալիս։ Ամեն ինչ իդեալական էր ընթանում, սակայն, կարծես թե ինչ-որ մեկը շրջել էր այդ գեղեցիկ հանդիպումի ավազե ժամացույցը, և Վանիկի սրտի թակոցներն արագանում էին։ Թե ի՞նչ էր մտածում Օլգան իրենց հանդիպումի մասին, նա պատկերացում չուներ։ Խոսքեր չէր գտնում իր զգցմունքներն արտահայտելու համար։ Մի բան պարզ էր՝ նրանք, առնվազն, ճանապարհի լավ ընկերներ կմնան։ Սակայն Վանիկն ամբողջն էր ուզում՝ Օլգայի սիրտը։
Արդեն գիշեր էր։ Օլգան քնած էր։ Վանիկը անհանգստությունից շուռումուռ էր գալիս։ Մի պահ տեսավ, որ Օլգան բացվել է։ Վեր կացավ ու սավանով կամացուկ ծածկեց նրան։ Օլգան, կարծես թե զգաց դա և քնի մեջ ժպտաց։ Վանիկի երևակայությունը անզոր էր։ Համարձակությունը՝ զրո։ Նա իրեն ատում էր այդ անօգնականության համար, սակայն, իրապես հարմար չէր գտնում մեկ օր առաջ ամուսնուց հեռացած կնոջը ինչ-որ առաջարկ անել։ Չնայած, կարելի է հեռախոսը խնդրել, կապ պահել, մի պատճառ հորինել, վերադառնալ․․․
Չէ։ Եթե հիմա բաց թողնի այս պահը, հետո ուշ կլինի։ Հետո՝ Օլգայի հիշողության մեջ կմնա որպես պատահական, հաճելի, բայց՝ ճանապարհի անծանոթ մի ծանոթ ուղեկից, ով չհամարձակվեց անգամ մտքինն ասել, ոչ ավել։
Ժամը հինգին Վագոնի ուղեկցորդը ծեծեց խցիկի դուռը, արթնացրեց Օլգային ու զգուշացրեց, որ կես ժամից Օրյոլն է։ Վանիկը դուրս եկավ միջանցք, ապա քայլեց դեպի վագոնի նախամուտք։ Ճանապարհին ուղեկցորդից ծխախոտ գնեց։ Վաղուց չէր ծխել։ Ծուխը առաջին իսկ ներս քաշելուց վատացավ։ Դադար տվեց, ապա վերադարձավ խցիկ։
— Ծխու՞մ եք,— զարմացած հարցրեց Օլգան։
— Փորձեցի, բայց չստացվեց,— Օլգան բազմանշանակ ժպտաց։
Գնացքի շչակները երկար ազդանշան արձակեցին, արդեն կայարանն էր։ Վանիկը ոչինչ չէր ասում։ Օլգան էլ լուռ էր։ Նա, առանց մի բառ արտաբերելու, վերցրեց Օլգայի ճամպրուկը և ուղորդեց նրան դեպի ելքը։ Սկզբից ինքն իջավ աստիճաններով, ապա ձեռքը տվեց, ու իր ափի մեջ զգաց Օլգայի սրտի թակոցը, երբ նա իջնում էր։ Չորս րոպե ուներ հրաժեշտ տալու, հեռխոս վերցնելու, զրուցելու համար։ Նա Օլգայի ձեռքը բաց Չէր թողնում։ Կանգնել էին վագոնի աաստիճանների դիմաց ու նայում էին իրար։
— Ինձ համար շատ հաճելի էր։ Անչափ շնորհակալ եմ։ Եթե մեր կողմերում լինեք, սա իմ հեռախոսի համարն է,— հանգիստ, առանց հուզմունքի ասաց Օլգան ու մեկնեց մյուս ձեռքը։
— Օլգա, մի րոպե սպասեք, ես հիմա,— Վանիկը բաց թողեց նրա ձեռքը, արագորեն վերադարձավ վագոնի խցիկը, հապշտապ հավքեց իրերն ու դուս թռավ։ Օլգան զարմանքից քարացել էր, երբ տեսավ նրան իրերը ձեռքին։ Վանիկը մոտեցավ ընկերուհուն ու դու-ի անցնելով, ընդգծված առոգանությամբ ասաց․
— Ես քեզ չեմ կարող այս գիշերվա կեսին բաց թողնել։
Օլգան սկսեց ծիծաղել։ Նրա հետ ծիծաղում էին վագոնի ուղեկցորդն ու մի քանի տղամարդ, ովքեր իջել էին ծխելու։
— Դե ի՞նչ, ես ասում էի, որ դու արկծախնդիր ես։ Հիմա ես քեզ կտանեմ հյուրանոց, իսկ վաղը Դու ինձ զանգ կտաս,—ասաց Օլգան, թևանցուկ արեց Վանիկին ու ծիծաղելով գնացին դեպի տաքսիների կանգառը։— Դե ի՞նչ, ես ասում էի, որ դու արկծախնդիր ես։ Հիմա ես քեզ կտանեմ հյուրանոց, իսկ վաղը Դու ինձ զանգ կտաս,— ասաց Օլգան, թևանցուկ արեց Վանիկին ու ծիծաղելով գնացին դեպի տաքսիների կանգառը, և, ափսոս, որ Դուք չտեսաք Վանիկի դեմքի արտահայտությունը կամ, ինքնագոհության ու երջանկության բարձրագույն աստիճանը՝ նրա աչքերում, երբ Օլգայի հետ, ծիծաղելով ու կատակելով, քայլում էին կայարանի սալահատակով։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Շարունակելի