Հրաչուհի Փալանդուզյան. «Ի ՎԵՐՈՒՍՏ ՈՐԴԵԳՐԵԼ ԵՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԵԶՈՔԻ ԵՐԴՈՒՄԸ ՈՒ ԽԱԽՏԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք հրապարակախոս, խմբագիր, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻ հետ:
-Ինչպե՞ս սկիզբ առավ ձեր մասնագիտական ուղին:
— Երբ հասկացա, որ մանկական երազանքս խաբկանք է, ինձնից դերասանուհի դուրս չի գա՝ լրագրությունը ձայն տվեց, թե արի, ես քեզ կպատսպարեմ, ոչ բեմ, ոչ դաժան բեմադրիչներ, ոչ կամակոր հանդիսական, քեզ համար կնստես՝ կգրես:
Մանկությունից հայրիկիս օրինակն ունեի, հավատացի, ներզգացողությունը ձեռքս բռնեց տարավ պետհամալսարանի լրագրության բաժին: Զզգացի, որ գրելով ստեղծագործելը հմայիչ զբաղմունք է: Հինգ տարվա երանելի ուսանողությունից հետո սկսեցի աշխատել, այն էլ որտե՞ղ՝ հայրիկիս ղեկավարած շրջանային «Այգաբաց» թերթում: Հենց այդ խմբագրությունում էլ համոզվեցի, որ ավելի պահանջկոտը կա՝ հասարակությունն իր բազմաթել խավերով ու աչքերը չորս արած պաշտոնյաներով: Ջուրն արդեն իր հունով գնում էր, նահանջի ծերպ չկար, հենց դա էլ նախանշեց մասնագիտական ուղիս:
— Կպատմե՞ք ձեր ստեղծագործական ձեռքբերումների մասին:
— Ձեռքբերումը որպես այդպիսին՝ ես չգիտեմ ինչ բան է: Եթե բարեկեցությունն է, նյութական ապահովությունը, կյանքի վայելքներից օգտվելը՝ տեսել եմ նվազագույն չափով: Ոչինչ, ես դրան վարժվել եմ, ոչ մեկից ու հատկապես ճակատագրից չեմ դժգոհում: Եթե ընթերցողի հարգանքն է, գնահատականը, շրջապատի սրտակցությունը, այո, ձեռքբերումներ կան, այդ հարցում ճակատագիրն անգամ շռայլություններ է գլխիս թափել: Ստեղծագործական առումով ձեռքբերում են բազմաթիվ գրքերս, թե հրապարակախոսություն, թե գրականություն, թե հայագիտական պրպտումներ, որոնցից միայն մի քանիսն են լույս տեսել, վերջինը՝ իմ այս սիրելի կայքի ջանքերով, ընդունեցեք երախտիքիս զգացումը: Այսպիսի օրինաչափություն դարձած սովորույթ կա. եթե դու որևէ կուսակցության անդամ լինես, ծառայես քաղաքական այս կամ այն ուժին, տուրք տաս խուժանական լեզվին ու անբարոյականության ձոնին, գրքերդ հերթով լույս աշխարհ կգան, պատիվներ ու մրցանակներ կտեղան: Սակայն ես ի վերուստ որդեգրել եմ բարոյական չեզոքի երդումը ու խախտելու ցանկություն չունեմ: Ամենով հանդերձ կանխազգում եմ այն օրվա մոտալուտ լինելը, երբ ջրերը կզուլալվեն, կերթան իրենց ճշմարիտ ճանապարհով: Մինչ այդ իմ դաժան ձեռքից ազատագրված գրվածքներս համակարգչիս պահոցում թող իրենց հանգիստը վայելեն: Ինչ վերաբերում է խմբագրական աշխատանքին, իսկապես, շոշափելի ձեռբերումներ կան, բոլոր գրքերն անխտիր հրատարակվել են, երկուսը հիմա տպարանում են: Դրանք գիտական աշխատություններ են, գրական ստեծագործություններ, ռազմագիտական ուսումնասիրություններ, ուրախ եմ, որ հեղինակներն ու թարգմանիչներն ինձ են վստահել իրենց հատորների խմբագրումը:
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ, ուսուցիչ:
— Իմ առաքելությունն ինքս եմ սահմանել՝ գրելիս լինել անկեղծ, լսելիս լինել ընկալող, խոսելիս լինել սրտացավ: Պետք է կարողանաս մարդկանց համոզել, որ իրենք ևս այդպիսին լինեն: Եթե դա նաև ուսուցչություն է՝ միգուցե հաջողել եմ: Իմ սերունդը կրթվել է ռոմանտիկայով, մենք հավատացել ենք գեղեցիկի ու ազնվության անսակարկությանը, այդ իմաստով խորհրդային լրագրությունը լավագույնն է իմ ապրած կյանքում: Մենք մեր գրիչով մերկացնում էինք անօրինական, տմարդի երևույթները, միաժամանակ գունազարդում էինք ահնատական կերպարները: Վերջինը մեղք չէ, հակառակը, մարդուն պետք է լսելի դարձնել իր նկատմամբ վստահությունը, այդ ժամանակ նա կձգտի հասնել նշածդ արժեքներին: Լավը խրախուսելը ցանկացած ստեղծագործողի պարտքն է: Իսկ հետո… Անկախական լրագրությունը ամեհի դղրդոցով այնպիսի դժոխային դռներ բացեց, որոնց մասին ոչ լսած կայինք, ոչ երևակայած… Ես այդ դռներից մեկ քայլ ներս չեմ անցել: Խիղճս հանգիստ է, դա դարձավ այս փուլի իմ առաքելությունը՝ մնալ հայ և անաչառ: Ծանոթ լրագրողների բացահայտ ծախվածությունն օտար ուժերին ու հենց թշնամուն, կատարվեց ի տես բոլորիս, նրանք ապականեցին իմ մասնագիտությունը, վիրավորեցին իմ ազգային պատվարժանությունը, ես նրանց ներել չեմ կարող, փափագս է, որ հնարավորինս արագ մաքրվենք այս աղտեղությունից:
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Կատարյալ ճշմարտություն է և ասված ո՜ւթ դար առաջ: Մեր նախնիներն անսխալ զգացել են ազգի ճակատագրում հայ կնոջ անփոխարինելի դերը: Ի՞նչն է կնոջն օժտում բազում շնորհներով՝ իհարկե, գիտելիքը: Մենք հպարտանում ենք, որ հազարամյակներ ի վեր հայուհին աչքի է ընկել իր առաքինությամբ, ընտանիքին նվիրվածությամբ, որ նա եզակի է որպես կին արարած, որպես մայր և օջախի պահապան, վերջերս էլ գիտությունն ապացուցեց, որ նա առնվազն 8000 տարի անխառն է պահել իր արարչածին գենը: Այդ ամենը չէր լինի, եթե նա չունենար անհրաժեշտ իմացություն: Դժբախտաբար, այսօր նաև նշյալ ճշմարտությունն է գլխիվայր շրջվել, հայ կանանց մի մասին տարան արտասահմաններում իբր կրթություն տվեցին, եկան հենց մեր երկրում մեկ այլ մասի լկտիության դասեր տվեցին, դարձրին հայրենադավ հեղափոխականներ: Որևէ հասարակության փչացումը սկսում են կանանց անամոթությամբ ու լրբությամբ վարակելուց, մեզանում ևս ներդրվեց այդ փորձված թակարդը: Ես ռադիոյով հաճախ եմ լավ երաժշտություն փնտրում, ականջովս են ընկնում «ժամանակակից երգեր», կատարողները հայ աղջիկներ են, կարծես կատաղած լինեն ու ի՜նչ են դրանց երգածները՝ էրոտիկ մորմոքներ: Սա պատահական ներդրում չէ՝ տղամարդ-կին հարաբերությունները շուռ տալու միտում է, նախկինում տղամարդիկ էին կանանց սեր առաջարկում, հիմա կանայք ոչ միայն ինքնակամ նետվում են տղամարդկանց գիրկը, այլև կրքի պահանջներ են դնում: Ոչ ամոթխածություն, ոչ ինքնահարգանք: Գենդերները հիմա ոռնոցը կդնեն, թե ես հետամնաց եմ, այդ իրենք են հետամնացը, որ մնացել են կենդանական բնազդների գերին, չեն հղկել իրենց միտքն ու ներաշխարհը: Այդպես Կարմիր խնձորի ավանդույթն են ծաղրում, ինչը բացեիբաց պոռնկության քարոզ է: Ես այս թեմայով հոդված ու պատմվածք եմ գրել և հաստատում եմ՝ մեր նախնիներն ի սկզբանե գիտեին, որ կնոջ մարմինը պահպանում է սեռական կապերի հիշողությունը, ամուսնանալով՝ կինը կարող է ծննդաբերել օտար տղամարդկանց երեխաներին: Այս փաստը հայտնաբերել է մերօրյա տելեգոնիա գիտությունը, որն անշուշտ այլասերվածների քարկոծման թիրախն է: Յուրաքանչյուր հայ ընտանիք ցանկանում է, որ իր օջախ մտած հարսը լինի կույս և ավելացնի ի՛ր տոհմի ժառանգների թիվը, ոչ թե սանձարձակ վարքի հետևանքներ լույս աշխարհ բերի: Սա է Կարմիր խնձորի խորհուրդը: Փառք Աստծո, որ հայուհիների շրջանում ֆեմինիզմի օտար խայծը կուլ տվածները քանակով չնչին են, բայց տեսեք, որ՝ շատ են կառավարման լծակներով: Սա մեծ ողբերգություն է և անհապաղ շտկման կարիք ունի: Հակառակ այս խայտառակությանը՝ հարյուր հազարավորներ են նոր սերնդի ազգանվեր, առաքինի, խելացի հայուհիները, ես հպարտանում եմ նրանցով, նրանք մոտ ապագայում ասելու են իրենց որոշիչ խոսքը: Ազնվազարմ հայուհիներն իրենց խելքի ու շնորհների համար ճանաչված են մեր երկրում, Արցախում ու Ջավախքում և թե մոլորակի հեռավոր ծագերում: Հայ կինը եղել ու մնում է հայ ազգի հարատևության խմորիչը:
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Շլիմանը մեծ անհատականություն էր, նա հայտնաբերեց Տրոյայի ավերակներն ու բացահայտեց վաղնջական քաղաքակրթությունների արմատները: Նրա այս տեսակետը մեզ համար շոյիչ է, սակայն հիմա ոչինչ չի տալիս, փոխարենը տալիս է արդի գիտությունը, որն աներկբա ապացույցներ ունի Հայկական լեռնաշխարհի ու նրա հայ բնիկների քաղաքակրթական վիթխարի նշանակության մասին: Այս ոլորտում նորույթներն այնքան շատ են ու այնքան համոզիչ, որ լրացուցիչ ապացույցների կարիք չունեն, մնում է, որ մենք ինչպես հարկն է մեր ստեղծածին տիրություն անենք: Բայց եթե ինչ-որ իմաստակի դատարկ գլխով անցնում է հայերեն դասագրքերում Հայկական լեռնաշխարհ հանրահայտ անվանումը փոխարինել Արևելյան Անատոլիա հորինվածքով, մենք ոչ թե մտահոգվելու, այլ վճռական դիմադրություն ցույց տալու պարտականություն ունենք: Սա միայն թշնամիների փողից կուրանալու հարց չէ, համաշխարհային պատմությունից հային ու Հայաստանը ջնջելու նեռական տենդ է:
— Ո՞րն է ձեր գաղափարախոսությունը:
-Ես հավատարիմ եմ իմ ազգի գաղափարներին: Թող ճամարտակներն աղաղակեն, թե այդպիսիք գոյություն չունեն, մեր ունեցածը թուլության նշաններ են, մեր հսկա տերությունը կորցրել ենք մարդասիրության, հանդուրժողության, ամեն խաղաղ պահը ստեղծագործելուն նվիրելու, խորամանկության բացակայության և այլ պատճառներով, միևնույն է, ես վստահ եմ, որ մարդը պետք է լինի բարի, ստեղծագործ և սիրառատ: Այսօր մոլորակում տիրում է անդիմակ ու բռնի չարիքը, որովհետև մարդկությունը մոռացել է նշածս որակները, սա չի կարող հավիտենական լինել, մարդը գազան չէ, սատանա չէ, աստվածածին բարիք է, նրան է տրված բանական գոյության իրավունքը: Այդ իմաստով մենք առաջնագիծ ենք ու այն պահպանելու պարտք ունենք ցանկացած գնով, անշուշտ, բացի ազգովին նահատակվելուց:
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
— Տարօրինակ ձևով՝ մերթ ըմբոստությունն է զարթնում, մերթ հուսալքությունը, մերթ անտարբերությունը: Բայց ոչ թե ստեղծագործություններում այլ իմ ներաշխարհում: Գրելիս ձգտում եմ ապրումներս ընթերցողի վզին չփաթաթել: Բժիշկը մահամերձ հիվանդին ապրելու հույս է ներշնչում, գրողն ինչո՞ւ պետք է գրիչը մեղքի մեջ թաթախի: Հոռետեսությունը ես մեղք եմ համարում: Դա չի նշանակում ճշմարտությունը չտեսնել կամ կեղծել, նշանակում է պայքարի ոգին արթուն պահել: Նոր տեսակի՝ վաճառված ճառասացներ են ասպարեզ ելել, որոնք մեր երկնած ամենայն դրականը պղծում են, իրենց մրջյունային ոգևորությամբ ծաղրում մեր պատմությունը, ավանդույթները, հերոսներին են հասցնում իրենց անմաքուր ճանկերը, հարկավոր է դրանց լռեցնել: Իսկ դա կարելի է անել փաստերով, ապացույցներով, ինչը ես իմ այս մեկուսի հարթակից փորձում եմ անել: Հետանկախական մեր կյանքում շատ բան տեսանք՝ Արցախյան երկու պատերազմ, հոկտեմբերի 27, մարտի 1 ու թվում էր, թե խաղաղությունն ու օրինավորությունն արդեն անշրջելի են: Դժբախտաբար ինչ հիմա է կատարվում մեր երկրում՝ ահավոր է, որոշումները կայացնում են ոչ թե պարզապես անունակները, այլ թշնամու հետ մուղամ զուգերգողները, իսկ կատարողները գազազած ոստիկաններն են: Ավազուտներից քաղաքակրթական մեր կենսակղզի լցված վայրենիներին են զիջվում հայրենիքի սրբազան կտորները, դա արվում է անպատկառության ու կեղծիքի բացահայտ շաղախով: Եթե այս դժոխքը չկարողանանք վերացնել… Բառերը չեն գրվում, լավ է հավատանք ազգային ուժերի հաղթանակին:
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
— Լրագրության մասին արդեն ասացի՝ նրա մշակներին իրական հաջողության հասնելուն խանգարում են նախևառաջ անպատասխանատվությունը, փողին գերվելը, մտահորիզոնը չընդարձակելը: Քանի որ ես վաղուց այլ հարթակ եմ ոտնել կամ ավելի տեղին է ասել՝ լրագրությունից անցել եմ նրա շարունակությանը՝ գրականությանը, այդ մասին խոսեմ: Որքան էլ տաղանդավոր լինես, անվերջ ու անդադար թեմաներդ ու ոճդ հղկես, համապատասխանեցնես հանրային նպատակներին (ոչ ճաշակին, հովերին), եթե պատկան ոլորտներում աջակից, հովանավոր չունես՝ կմնաս ինքդ քո ստեղծած բլրակի գագաթին ու ավելի բարձրի մասին չես էլ երազի: Իրենք կձևացնեն, թե քեզ չեն նկատում, դու չկաս կամ այնքան փոքր ես՝ իրենց մեծությունը թույլ չի տալիս այդպիսի մանրուքների մակարդակին իջնել: Իմ մասին եմ ասում, ես իբրև արձակագիր չնկատված փերի եմ: Ի՞նչն է զարմանալին, որ դա ինձ ամենևին չի հուզում, ես ժամանակ առ ժամանակ մուսայիս խնդրում եմ գալ, ու անհապաղ գործի ենք անցնում: Հակազդեցության ոգին իմ հավատարիմ ընկերն է, ըստ որում ավելի համառ է, քան ինքս: Չեմ կեղծի, թե գնահատված, տպագրված լինելը շոյիչ չեն, սակայն հակառակն էլ ամլության պատճառ չէ: Ես արձակ սկսել եմ գրել 2004-ից, միանգամից ծավալուն վեպ, որը մեծ հաջողությամբ արհամարհվեց, միակ սփոփանքը մտերիմներիս շատ բարձր գնահատականներն էին: Գոհ եմ, իրենք իմ ստեղծագործական զանգակներն են:
— Ձեր վերաբերմունքն այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։
-Սա մղձավանջ է, այն, ինչն անպատկերացնելի էր թվում առնվազն երեք տասնամյակ առաջ: Բայցև այնքան նման մեր պատմության վայրէջքներին: Թշնամուն միշտ հաջողվել է գնել մեր ներսի տականքին կամ իր գործակալներին այնպես պատվաստել հանրային կյանքին, որ երկիրը հասցվել է ոչնչացման եզրին: Դրան զուգահեռ կա համաշխարհային ճիվաղը, որն ամբողջ աշխարհն է մագիլների մեջ առել, ստեղծարար, բարեսիրտ հայն էլ՝ հազարամյակներով այդ գոյակների ատելության առաջին թիրախը: Այս երկուսի թունավոր գոլորշիներն են հիմա երկրում եռում: Սկզբում ուրախության կայծեր զգացի, այսօր նաև լիարժեք հպարտություն, երբ ազգի միջուկը ոտքի ելավ ընդդեմ հայրենազրկության ու դավաճանության: Կրկնեմ՝ հրապարակներում հատընտիր հայությունն է, հենց այն մարդիկ, ում գնահատում եմ իբրև անհատականությունների (բնականաբար, գործուղված սադրիչներ էլ կան): Հակառակ կողմում գեթ մեկը չկա, որ արժանի լինի ստեղնաշարիս թեկուզ արհամարհանքին, խորշում եմ դրանց անուններից ու արտաբերած ճվոցներից: Դրականը փոքրաթիվ է, բայց երբեք էլ ստվար չի եղել, դրա փոխարեն առավել ուժեղ է ու նպատակասլաց: Ահա թե ինչին եմ հավատում:
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Իմ ցանկությամբ չլինե՞ր… Մենք պետք է վերափոխվենք: Բարի լինենք բարիք արարողի հանդեպ, խիստ, հարկ եղած դեպքում անխնա՝ թերացողի, մանավանդ ուրացող դավաճանի ու թշնամու հանդեպ: Երկիրը պետք է մաքրել գործակալական ցանցից, պետք է ամենայն լրջությամբ զբաղվել մեծ ու մանուկի դաստիարակությամբ՝ հիմքում վեր խոյացնելով ինքնաճանաչումը: Բարեկամ ընտրելիս հաշվի առնենք մեր պետական շահը, թշնամիների հետ բանակցենք անզիջում արդարության, ոչ թե վերգոյության շնկաչոք դիրքերից: Հույս եմ փայփայում, որ աշխարհացրիվ հայերը կմիավորվեն հայկական հզոր պետություն վերակառուցելու գաղափարի շուջ, ինչպես նախորդ տասնամյակներում՝ կշահեն կպահեն արծվաբույն Արցախը: Անխոցելի Հայաստան եմ ուզում տեսնել, հաշտ հայություն ու իհարկե խաղաղ մարդկություն, քանի որ երբ այս կենսառատ մոլորակում բնակեցվեցինք՝ իշխողն ու թելադրողը մենք էինք, հիմա ստիպված ենք միայն գոյատևության պատգամով ապրել: Հարկավոր է լինել դաժանորեն ինքնաքննադատ, իրատես-հեռատես ու անդուլ կառուցող: Այս երեքի համաձույլ հայրենիքը կավանդեի:
Հրաչուհի Փալանդուզյան
7.06.2022թ.
Վաղարշապատ