ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
3
Ղուկասանց Վանիկը տիկին Վարսենիկի ու Վարպետ Վաղարշակի կապն էր մայրաքաղաքի ու քաղաքակիրթ աշխարհի հետ։ Երեխաներին՝ դպրոցական հագուստ, նախարարությունից՝ տեղեկանք, նոր տարվա համար՝ երշիկ․․․ Բոլորը նա էր լուծում։
Նա կլիներ քառասունհինգ տարեկան։ Մի քիչ ճաղատ էր, միջահասակ, լավ կերակրված պինդ ցլիկի կազմվածքով։ Ավելի շուտ՝ կյանքից հոգնած գլադիատորի տեսք ուներ, բայց միշտ ժպտերես էր ու մեծահոգի։ Կյանքը, ինչպես ինքն էր մտածում, չէր ստացվել։
— Կյանքը մեկի համար արձակուրդ է, մեկելի համար՝ տաժանակիր դատապարտություն։ Ու, զոռով երջանիկ չես լինի,— երբ հարբում էր, որպես կարճացող կենացների նախաբան՝ ասում էր նա։
Վանիկը դպրոցից էր սիրել իր Արփենիկին, բայց Աստված ոչ երեխա տվեց նրանց, ոչ էլ երջանկություն։ Արփիկն էլ մահացավ Քրիստոսի երեսուներեք տարեկանում, ու Վանիկը հասկացավ, որ եթե Արփիկի նման աղջկան երջանկության իրավունքից զրկեց Աստված, ուրեմն, ոչ մի իմաստ էլ կյանքում չկա։ Սակայն սրտի խորքում վստահ էր, որ ամեն ինչ հնարավոր է, ու մի օր էլ իր համար արձակուրդի դուռ կբացվի։
— Դու պիտի քո մեջ փոխվես, այ տղա,— ասում էր Վաղարշակը,— Բարին մտածի, որ բարին ստանաս։
Վանիկը Վաղարշակի զավակներին ու թոռներին հարազատի նման էր սիրում, նրանց հաջողություններով ապրում, ուրախանում։ Մի անգամ, թե․
— Վաղարշակ, բարի նախանձ կլինի՞։
— Եթե արդյունքում օգնում ես նրան, ում նախանձում ես, կլինի, ո՞նց չի լինի։
— Դե ուրեմն ես Ձեզ նախանձում եմ, քեզ ու Վարսենիկին։
— Լավ ես անում, բայց մեզանից օրինակ վերցրու, կյանքդ կազմակերպի, մի լավ կին ճարի, զուգավորվի էլի, ինչքան կարելի է։
— Բա Արփենիկին երազում ի՞նչ եմ ասելու։
— Արփենիկը կհասկանա, էլ չի գա,— ավարտեց վարպետը։
Հիմա Վաղարշակը նստել էր բակի նստրանին ու սպասում էր ընկերոջն ու բարեկամին, առանց իմանալու, թե այդ ի՞նչ հարցով է գալիս, որ կինն ու աղջիկները հատ-հատ զանգեցին։ Ու այդպես մտքերով ընկած, իրար ետևից ծխում էր, իր դառը մտածումները քուլա-քուլա երկինք առաքում, մեկ էլ էն տեսավ, որ վարպետը մտավ բակ՝ հագին կոստյում, նոր կոշիկներ, առանց գլխարկ, ձեռքին էլ մի ուղղանկյուն, հին ճամպրուկ։
— Պահով, էս հեռու՞ ես գնում, եղբայր։ Թե՞ տանիցդ դուրս են գցել։
Վաղարշակը կանգ առավ, գրկախառնվեցին ամուր, ապա ասաց․
— Ոտքերս երկու քարի արանքում են, գնանք, կպատմեմ։ մենակ դու կարող ես ինձ փրկել։
Երբ, արդեն տանը, թեյի շուրջ Վաղարշակը պատմեց գլխին եկածը, Վանիկը զարմացած հարցրեց․
— Ես ինչո՞վ կարող եմ օգնել։ Այստեղ օգնելու բան էլ չկա։ “Լյուքս” վագոնում առոք փառոք նստելու ես, վագոն ռեստորանում սնվելու, լավագույն հյուրանոցում ապրելու։ Ես էլ ծանոթներիս կասեմ, քեզ ամեն բանով կօգնեն։ Դե առևտուր-մառևտուրի հարցում, էլի։
— Վանիկ ջան, ես գնացողը չեմ։ Ես որ գնամ, կորչիլ դեմ, այ տղա։ Կամ մեռած Լենինն ինչի՞ս ա պետք։ Դրան վաղուց պիտի թաղած լինեին, գուցե էս ծուռ աշխարհն էլ դզվեր։ Ես քեզանից մեծ եմ, դու ինձ ականջ արա, ինչ եմ ասում։
— Ի՞նչ։
— Մտիկ արա, կոստյումս ու կոշիկներս վրովդ լիլ չեն, էդ հեչ։ Ես քեզ փողը կտամ, սիրուն շորեր առ, որովհետև սոցիալիստական աշխատանքի հերոսի թեկնածուի անվան տակ դես գնալ։ Իմ անվան հետ խաղաս վեչ։
— Չհասկացա, էս տարիքիդ հետ խելքդ հացիդ հետ կերե՞լ ես, Վաղո։
— Այ տղա, ինձ լսի,— ջղայնացավ բուլդոզերիստը,— հիմա խանութ կգնանք, երկու շաբաթվա ուտելիք կառնենք։ ես էլ մի տհենց շատակերը չեմ։ Ես քու տանը երկու շաբաթ մարուխ կցած, սուս ու փուս կապրեմ, դու իմ տեղը կգնաս, կհանգստանաս, ցուցակները կնայես, կաշխատես առնես, ինչ-որ գրածա։ Վարսենիկի, հարսներիս ու աղջիկներիս համար՝ անպայման, դե րեխանցն էլ չեմ ասում։
— Վաղո, սպասի, խելագարվե՞լ ես։
— Սպասի-մսպասի չկա։ Ուշադիր լսի։ Կպտտվես, Լենինին կտենաս, Կրեմլը կտենաս, ինձ կպատմես, կարողա հարցեր տան։ Հետո կգաս, ինձ կտաս էդ բարիքները, ես մեր տուն կգնամ, դու էլ քու երկուսենյականոցում ապրի։ Կոստյումդ էլ, որ առնիլ դենք, լավ կպահես, որ գաս, ամուսնանաս։
— Վաղո, ես այդպիսի բան չեմ անի։
— Կանես, խելունք ես։ Այդ ամեն ինչի համար, ընկեր Ղուկասյան, առ քեզ երեք հազար ռուբլի։
— Դու ինձ փողով չես առնի։
— Այ տղա, իմ փրկության հարցն ա։ Փողն ի՞նչ կապ ունի։ Ընկերոջդ լինել-չլինելու հարցն ա։ Փափազյանի “Օթելլոն” տեսել չե՞ս։
— Ասածդ “Համլետից” չի՞։
— Տեսա՞ր, դու խելացի մարդ ես։ Էսքանը։
Վանիկը մտածումների գիրկն ընկավ։ Դժվար չի այդ ամեն ինչը կատարելը։ Եթե իրոք հարցը այդպես է դրված, պիտի համաձայնվի, ի՞նչ պիտի անի։ Մեկ է, ընկերոջ կողքը հաստ է։ Գնացողը չի։
— Լավ։ Կզանգենք, Վարսիկին կասեմ, որ քեզ ճանապարհել եմ։ Կգնամ կգամ։ Երեք հազարը շատ կլնի։ Ավելացածը ետ կբերեմ։
— Ետ մի բեր։ Ինչքան կարաս՝ ծախսի ու շորուշերթ առ։ Էդ ցուցակներումը ինչ ասես կա՝ էլ շալ, էլ կոշիկ, էլ գուլպա գործելու շյուղեր, էլ վիետնամական գրիպի դեմ դեղ, էլ բանանի չիր, էլ գերմանական տիկնիկ։ Խաշթառակ՝ բանանի չիրն էր պակաս, Աստված ջան։ Ես որ ուզենամ էլ, կարալ չեմ էս ամեն ինչը ճարեմ։ Ես ըսկի խակ բանանը չեմ տեսել, ինձանից՝ հասած, չիր դարձածն են ուզում։ Բայց դու գնացքի պետ ես աշխատել, ամեն ինից էլ գաղափար ունես։ Նայի, շատ չչարչարվես։ Կեսի կեսն էլ որ ճարես, լավ ա։
Էս ասելու վրա երկուսն էլ իրար նայեցին ու խենթավարի սկսեցին ծիծաղել։
— Ես չգիտեի, որ դու ավանտյուրիստ ես Վաղո։ Էս ի՞նչ կինո սարքեցիր։
— Դե հիմի էտ ա։
Շարունակելի
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ