ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
Սկիզբը՝ նախորդիվ
2
Կոմբինատի տնօրենի քարտուղարուհի Սիլվայի գործի իմաստը էլ որը՞ կլիներ, եթե իր դասընկերուհի, հիմա՝ Իջևանում, փոստի միջքաղաքային հեռախոսակապի բաժնի վարիչ Ռուզանին չզանգեր ու չասեր, որ նրա հայրիկը պարգևատրվել է Մոկվայի
ուղեգրով, գնացքի երկտեղանոց “լյուքս” վագոնի տոմսով, շքեղ հյուրանոցային համարի հնարավորությամբ ու ոտքերը դեմ տված, ուզում է հրաժարվի։ Ընդամենը հինգ րոպեն հերիք էր, որ Ռուզանը, ով ավագ զավակն էր, զանգի քույրերին ու եղբայրներին, ու թե․
— Ընտանիքներով հավաքվում ենք մերոնց տանը։ Շտապ հարց է։ Հայրիկին համոզելու ենք Մոսկվա գնա։ Կոմբինատը ուղեգիր է տվել, նա էլ ուզում է հրաժարվի,— ու որպեսզի բոլորը հավաքվեն, ավելացրեց,— Մոսկվայից ինչ ե՞ք ուզում, ցուցակ արած եկեք։
Իսկ մինչ այդ վարպետ Վաղարշակը հրաժարվեց տնօրենի առաջարկած մեքենայով տուն բարձրանալուց ու, քանի որ մտածելու բան ուներ, որոշեց ոտքով գնալ։ Գյուղը ճանապարհի հակառակ սարալանջին, իրեն հատուկ հանգստության մեջ փռված՝ սպասում էր նրան։ Երեք երկար ու ձիգ կիլոմետր նա ինքն իրեն հետ փիքր անելով քայլում էր դեպի վերի թաղի իր՝ գրեթե սարի գագաթին կառուցված քարաշեն, երկհարկանի տունը, գլխով բարևում համագյուղացիներին ու նրանց զարմացած հարցադրումներին, թե․
— Վաղո՞, անտրամադիր ես երևում, հո բան չի պատահել։
— Դեռ չէ։ է՜, լավ կլինի։ Մոսկվա են ուղարկում։ Ես Մոսկվա գնացո՞ղն եմ,— ու առանց հաջորդ հարցումներին պատասխանելու, անգամ, առանց լսելու, շարունակում էր բարձրանալ։
Ի՞նչ աներ։ Հրաժարվե՞ր։ Չէր լինի։
— Թոշակառու՞ս որն է։ Էն է՝ ասա, պրծավ էլի,— մտածում էր նա։
Բայց Մոսկվա գնա ի՞նչ անի, ու՞մ է վատ բան արել, որ Աստված այսպես պատժում է։ Վարպետը վստահ էր, որ այնտեղ չի էլ հասնի, իսկ եթե հասնի, հաստատ անհետ կկորչի, ետ չի էլ դառնա։ Բա մարդ անհետ կորչի ու գերեզմա՞ն չունենա, պատերազմ է, ի՞նչ է՝ մտածեց նա։ Չէ, մի բան կմտածի, բայց այս հարցը կլուծի։ Հենց էս մտածումների մեջ էր, երբ հասավ իր տան դարպասին և երբ բացեց, տեսավ իր ողջ գերդաստանը՝ հինգ զավակները իրենց ընտանիքներով, տան բակում հավաքված, սեղան գցած, թոռները՝ էստեղ-էնտեղ վազվզելով, խաղալով՝ իրեն են սպաասում։
— Էս ինչ ա՞, Սիլվա՞ն ա խաբար տվել, Ռուզան,— աչքերով, Ռուզանին գտնելով դիմեց ճանապարհից հոգնած հայրը։
— Հայրիկ, դե լավ էլի, էս անգամ մեզ լսելու ես, արդարացում ու խույս տալ չկա։ Ցուցակներով ենք եկել, թե Մոսկվայից մայրիկի ու թոռներիդ համար ինչեր ես բերելու։
— Հլա մի բերեք տենամ էդ ցուցակները,— անսպասելի ասաց վարպետ Վաղարշակը ու գնաց դեպի ջրի ծորակը՝ լվացվելու։ Հետո, լվացվելը վերջացնելով՝ շարունակեց։
— Մեր խանութներում չկա՞, որ ցուցակ եք արել։
— Պապիկ, ես էլեկտրական խաղալիք գնացք եմ ուզում,— վազելով պապի գիրկն ընկավ կրտսեր թոռը, Ավոյի որդին,— մենակ Մոսկվայում կա։
— Ես էլ գերմանական տիկնիկ,— կանչեց Ռուզանի աղջիկը ու ևս ընկավ գիրկը։
— Ես էլ, ես էլ, ես էլ․․․,— աղաղակեցին մյուս թոռները։
— Այ Ձեր ցավը տանեմ, տիկնիկի գերմանականը ի՞նչն է, կամ ես գնացք ճարո՞ղն եմ, էս ի՞նչ պատուհաս էր, որ իմ գլխին եկավ, հլա մի սպասեք է,— ասաց նա, ու թոռների ուղեկցությամբ եկավ, զբաղեցրեց իր տեղը՝ սեղանի գլխին։
— Ճարողն ես, խի՞ չես ճարողը, — օղու շիշն ու թարմ թխած, դեռ տաք հացը ձեռքին սեղանին մոտեցավ կինը՝ տիկին Վարսենիկը,— իմ օղորմած քրոջ մարդը՝ Ղուկասանց Վանիկը, քեզանից լավն ա՞, որ տարին մի քանի անգամ գնում, գալիս է։
— Ղուկասանց Վանիկը, աղջիկ ջան, գնացքի “պրավադնիկ” ու հետո՝ “նաչալնիկ” ա աշխատել, իսկ ես տրակտորիստ մարդ եմ, մե-խ-նի-զա-տոր։
— Ղուկասանց Վանիկի ակլադը հարյուր տասը ռուբլի էր, քարը ճաքի՝ հարյուր քսան։ Իսկ դու, լինում է՝ հազար էլ ես ստանում։ Փողը կտաս, տեղերը կասեն, թոռներիս, աղջիկներիս ու հարսներիս նվերներ կառնես, կբերես— վրա բերեց կինը,— ու այդ Փափազյանիդ էլ կասես, մյուս անգամ երկու ուղեգիր տա, դու էլ Վանիկի նման անկնիկ հո չե՞ս։
Տիկին Վարսենիկը մի պահ վանիկի կնոջը՝ քաղցկեղից մահացած հարազատ քրոջը հիշեց ու գլխաշորը ուղղելով՝ նայեց կապույտ երկնքին։ Կնոջ բերած փաստարկը իհարկե համոզիչ էր, ու անցյալում, վարպետը այնքան շատ էր հրաժարվել հանրապետությունից դուրս գալ, ընտանիքին որևէ տեղ տանել, որ մի պահ ասելիք չուներ։ Հետո երբ խելքը տեղը եկավ, լռությունն էլ երկարել էր, պատասխանեց․
— Այ կնիկ, նախ Վանիկի անաշխատ եկամուտները մոռացար, հետո, իբրև թե էս անգամ գնացի, դու էլ երկրորդ անգամի՞ց ես խոսում։ ես գնացողը չեմ։
— Գնացողն ես, շատ էլ լավ գնացողն ես, — ձեռքերը դարպասապահի նման կողքին դնելով պատասխանեց կինը ու շարունակեց,— մեզ ոչ Սոչի հանգստանալու ես տարել, ոչ Թիֆլիս՝ նոր տարվա առևտուրի, ոչ էլ՝ Ռոստով՝ եղբորս տղայի հարսանիքին տարար։ Էս մեկը քեզ ներողը չենք։ Վաղն առավոտյան գնում ես Երևան, Վանիկին արդեն զանգել ենք, քեզ կդիմավորի էլ, կճանապարհի էլ։ Մինչև Երևան էլ Փափազյանի վարորդ Աշոտը կտանի։ Արդեն պայմանավորվել ենք։ Ինքն է զանգել,— մի պահ լռություն տիրեց, — էս է, Վաղարշակ, մենք ընտանիքով քո տեղը որոշել ենք։ Երկու օր Երևանում կլինես, կմնաս Վանիկի տանը, հարցեր կտաս, նա էլ քեզ խորհուրդներ կտա։ Հետո, գնացքով, հետաքրքրվել ենք, երկու օր Մոսկվա, երկու օր ետ՝ Երևան, յոթ օր էլ կհանգստանաս։ Խաշթառակը երկու շաբաթում չի փլվի։ Գնա, այ մարդ, գնա, մենք էլ էստեղ քեզանից կհանգստանանք։
Կարծես թե սառույցը կոտրվել էր, ու բոլորը լիաթոք ծիծաղեցին։
ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ