Տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը
Այսօր ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայուհու կերպարը փորագրանկարներում և փոստային բացիկներում» խորագրով պատկերագրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայագիտական հետազոտությունների ծրագրի աջակցությամբ։Պատկերագրքում ներկայացված է տարբեր դարաշրջաների հայուհիների բնատուր գեղեցկությունը, որը գրավել է Հայաստան այցելած այցելուների և առհասարակ հայկական միջավայրին առնչված օտարազգի մտավորականների, արվեստագետների և այլ մասնագիտության տեր անձանց ուշադրությունը։ Հայուհիներն իրենց առաքինող արտաքինով ու զուսպ կեցվածքով, առաքինությամբ ու նահապետական բարքերով շահեկանորեն տարբերվել են հարևան ժողովուրդների կանանցից։Գիրքը պատմաբան Հայկ Դեմոյանի երկարատև`շուրջ 20 տարվա հավաքման աշխատանքի արդյունքն է և դրվել է ընթերցողի սեղանին: Պատկերագրքում ներառվել են նաև ֆրանսահայ հայտնի հավաքորդ Սարգիս Պողոսյանի հարուստ հավաքածուից որոշ նմուշներ։Հայ և օտարալեզու լսարանին մատուցվող հարուստ ու բացառիկ պատկերագրական նյութը հիմնականում ընդգրկում է 16-20-րդ դարերում տպագրված փորագրանկարներ ու միջազգային փոստային բացիկներ` հայուհիների պատկերներով։Փոստային բացիկները, որոնց լուսանկարչական հիմքերի մեծ մասը վերցված է թիֆլիսաբնակ հայտնի լուսանկարիչ Դմիտրի Երմակովի հարուստ հավաքածուից, հիմնականում միջազգային թողարկումներ են` ազգային տարազներով հայուհիների կերպարների դրվագմամբ։ Ռուս լուսանկարիչը բազմիցս ճանապարհորդել է թե՛ Արևելյան Հայաստանի և թե՛ Արևմտյան Հայաստանի տարածքներում՝ լուսանկարելով բնակավայրեր, հուշարձաններ ու տարբեր ազգերի, այդ թվում՝ նաև հայերի կերպարներ։Հայկ Դեմոյանն իր խոսքում համակողմանի և խորքային վերլուծությամբ լուսաբանեց և ավելի տեսանելի դարձրեց դարերից եկած հայուհու էությունը, դիմագծերը, նիստուկացը և այլն: Նա հանդիսատեսի ուշադրությունը հրավիրեց հետաքրքրական և կարևոր մի փաստի վրա. լուսանկարներից մեզ նայող կանանցից ոմանք, ձեռքերը պահած իրենց որովայնի վրա, կարծես ուզում են թաքցնել, որ հղի են, քանի որ ժամանակի պատկերացումների համաձայն, լուսանկարվելը, որը համարվում էր ինչ-որ չար բան, այնքան էլ անվտանգ չէր, և չար ուժերից երեխային պահպանելու մայրական ներքին բնազդն էր իրենց դրդել այդպիսի դիրքով լուսանկարվել։ ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ