ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «Լրագրությունն իրադարձությունն ու խնդիրը այն դիտանկյունից տեսնելն է, որ ոչ մեկի աչքին հասանելի չէ»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լրագրող, ՀԱՄ-ի խոսնակ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
— Եթե միանգամից պատասխանեմ, ապա պետք է ասեմ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսուցմամբ սկսվեց։ Եթե մի փոքր մտածեմ, ապա պետք է հիշեմ
դպրոցական տարիներս, որ ինձ «Գարուն» ու «Աղբյուր» տարան։ Իսկ եթե անկեղծ, ապա՝ սարերում թափառելիս սկսվեց։ Գերերջանիկ մանկություն ու պատանեկություն եմ ունեցել, արձակուրդներս հիանալի վայելել՝ Երեւանից սարերը փախչելով, հոտ եմ հանդ տարել, նախիրը սարեր բարձրացրել, սարերում գիշերները բաց երկնքի տակ քնել, հա, ցերեկներն էլ նախիրը թողած քնել, արեւախանձ եղել, կովերը կորցրել, հետո կողքի գյուղերից գտել-բերել, նորից սար տարել, ատամներս փշրող սառը ջուր վայելել, սարվորների հետ պանիր գցել, խնոցին ժամերով տարել-բերել, սարի ծամոն ծամել, ուտելի եւ ոչ ուտելի բույսերը տարբերել․․․ Այս ամենի մասին նաեւ գրում էի, լուսանկարում։ Մինչեւ հիմա պահել եմ դեղնած այն թերթիկները, որոնց վրա նկարագրել եմ սարում պանրի ստացման ամբողջ գործընթացը։ Հետագայում այս ամենի փորձն եմ դրել գյուղատնտեսական ոլորտը լուսաբանելիս, վերլուծելիս։ Եվ ոչ միայն։ Երբ նոր-նոր էի սկսում էներգետիկայի ոլորտը լուսաբանել, ի տարբերություն ինձ պես սկսնակ գործընկերներիս, արդեն տարբերում էի բարձրավոլտ էլեկտրական հաղորդակցման սյուները․․․ Սարերը, ջրերը, ընդհանրապես հայրենի բնաճանաչությունը հետո իմ տնտեսական չոր նյութերին պիտի խորք տային ու պինդ լիցք։ Սարերում թափառելը իմ մասնագիտական ճիշտ ուղու նախաքայլն էր։ Պատանեկություն-դպրոցական ճիշտ կրթություն-բարձրագրույն կրթություն-ինքնակրթություն․ հանրագումարը մասնագիտական ուղիս է։
— Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:
— Շատերի համար լրագրությունը ստեղծագործություն չէ։ Մինչդեռ՝ է։ Լրագրությունը ոչ միայն իրադարձության արձանագրումն է, խնդրի վերհանումը, այլեւ՝ այդ իրադարձությունն ու խնդիրը այն դիտանկյունից տեսնելը, որ ոչ մեկի աչքին հասանելի չէ։ Լրագրությունն աչքի ու այդ աչքի տեսածը ճիշտ փոխանցելու արվեստ է։ Լրագրությունը տվյալ պահին ճիշտ բառի ընտրության արվեստ է, առանձնահատուկ ստեղծագործություն, որ քեզ ստորագրություն ու գրիչ է տալիս։ Սա է ձեռքբերումը։ Ծննդաբերության արձակուրդների ժամանակ երբ չպետք է աշխատեի, այնուամենայնիվ գրում էի՝ ծածկանունով։ Եվ գիտեք, իմ ընթերցողները զանգում էին խմբագրություն եւ հարցնում՝ արդյո՞ք այդ ծածկանվան իրական «տերը» Արմենուհի Մելքոնյանն է։ Այսինքն՝ ինձ, անկախ նյութի տակ դրվող անուն-ազգանունից, իմ ընթերցողները ճանաչել էին։ Գրիչս էին ճանաչել։ Սա ձեռքբերում եմ համարում։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
— Պապս սիրում էր հայ եւ համաշխարհային գրականություն կարդալ։ Բայց իր գիրքը «Գեւորգ Մարզպետունին» էր։ Որ հատկապես ամառները, երբ այնտեղ էի, մի քանի անգամ վերընթերցում էր։ Նայում էր ինձ ու ասում՝ արի։ Այդ «արի»-ն մի ամբողջ նախապատրաստական աշխատանք էր ինձ համար․ գիրքն էի վերցնում, պնակով թթու թան, չոր լավաշ, մի պտղունց չորացրած ուրց ու բարձ։ Տանում էի դեզի մոտ, նստում էինք, ասում էր՝ այս էջը կարդա, այն էջը կարդա։ Հայոց պատմության որ դարից ինչ հարցի պատասխան ուզում էր, այս գրքում էր գտնում․․․ Դպրոցում հայոց լեզվի եւ գրականության, պատմության հիանալի ուսուցիչներ եմ ունեցել․ Արցախյան շարժումը նոր-նոր էր սկսվել, բայց մենք արդեն գիտեինք ինչն ու ինչպեսը, նպատակը: Պատմության մեր դասաժամերը լուրջ քննարկումներ էին։ Այս ուղեծրում եմ ձեւավորվել։ Պապիս մի անգամ հարցրի՝ ի՞նչ պիտի անեմ որպես հայ։ Ասաց՝ քո ամեն բջիջը ամեն վայրկյան կտա դրա պատասխանը։ Երբ Վարդավառին առաջնեկս ծնվեց ու Հայոց Աստվածուհի Աստղիկի պատվին կոչեցի նրան, շոշափելի գտա պատասխանը․ եթե ես չհասցնեմ, դուստրս անպայման պիտի խաղա Մշո դաշտում։ Նրան պիտի այդպես դաստիարակեմ։ Բժիշկներս հետո պիտի մայրացածներին պատմեին այդ պատմությունը։ Որպես մասնագետ ավելի դյուրին եղավ այդ պատասխանը գտնելը․ տնտեսության այն ոլորտներում, որտեղ մասնագիտացած եմ, գտնել, վերհանել ոչ միայն առկա խնդիրները, այլեւ՝ հնարավոր խնդիրները՝ համապատասխան քայլերը ժամանակին չձեռնարկելով պայմանավորված։ Ցույց տալ այն խնդիրները, որոնց լուծմամբ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը։ Խոսել այն քարշակ ուժերի մասին, որոնք կզարգացնեն երկիրը եւն։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,- ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
— Մոսկվայում մի փաստաբանի եմ ճանաչում՝ քաղաքացիական գործերով մասնագիտացած։ Մի օր սեղանի շուրջ գործընկերներով քննարկում էին կոնկրետ հարցի հետ կապված լավագույն երկրի օրինակը։ Մեկ էլ իմ ծանոթը թե՝ «Արմյանսկիյ սուդեբնիկ»-ը ամենաճիշտ լուծումները տվել է»։ Մինչ գործընկերները տարակուսած միմյանց էին նայում, նա դիմելով ինձ թե՝ «Ձեր Գոշինը»։ Թող այս պատմությունն էլ իմ մեկնաբանությունը համարվի՝ տվյալ ժամանակաշրջանում տվյալ խնդրի համար առաջադրված հստակ լուծման։ Անկեղծ ասած չեմ հիշում՝ Գոշի ասածը նախադրությունում է, թե բուն դատաստանագրքում։ Թեեւ էական չէ։ Էականն այլ հարց է՝ «իրավունք» եզրույթից այդքան վեր-վեր թռչող Եվրոպան հիշու՞մ է, որ իր օրենքների հիմքում դատաստանագիրքն է կիրառվել՝ հենց թեկուզ կնոջ իրավունքների մասով։ Եվ ամենակարեւորն այն է, թե մենք խորքային գիտակցու՞մ ենք Գոշի եզակիությունը, որ օրենքների ժողովածուով փորձել է վերաստեղծել միասնական ազգային պետականության գաղափարը։ Որ խոսել է բնական իրավունքի մասին․․․ Կրթված կինն այսօր էլ գանձ է, մեր օրերի համար պիտի հավելենք՝ ազգային արժեհամակարգ ունեցող կրթված կինը։ Չունեցա՞վ այդ արժեհամակարգը, կրթությունը նրան կտանի Հայաստանից դուրս՝ մեզ՝ ազգի ու երկրի համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
— Տրոյան ուսումնասիրող էր Շլիմանը, պետք է որ գար այդ մտքին։ Ի՞նչ է տալիս հայերիս․ պատասխանս հակիրճ է՝ոչինչ։ Այն հայը, որ զգացական, գիտակցական եւ կրթական պատրաստվածության մակարդակով գիտե՝ ով է, ինչ է ուզում եւ ուր է գնում, այսինքն՝ ինքնաճանաչողություն ունի, թերեւս կարող է մեղմ ժպտալ այս խոսքերը կարդալիս։ Իսկ այն հայը, որ չունի այս նշաձողերը, կարող է մի պահ մտածել՝ ինչու է այդպես ասել Շլիմանը, ի վերջո՝ օտարի հայացք է։ Եթե մտածումը մտորում դարձավ, ինչ-որ մի կետի կհանգի, եթե ոչ․․․ Ինչեւէ, գանք մեր ցավերին, Եվրոպայի դժբախտության հիմքի ու հետեւանքների մասին չեմ ուզում խոսել։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
— «Հայկական լեռնաշխարհը հայերի բնօրրանն է» ճշմարտությունը պետք է դառնա ազգային ծրագիր՝ այս եւ հաջորդող բոլոր սերունդների համար։ Սա մեր բնական ու արդարադատ իրավունքն է։
— Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:
— Իրականության արտացոլանքն ամեն օր իմ հոդվածներում ու վերլուծություններում է։
— Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:
— Ֆինանսական միջոցների սղությունը։ 11 տարի շաբաթաթերթ եմ խմբագրել՝ «Լուսանցք»-ը։ Այն որոշակիորեն ծառայեց իր նպատակին։ Արտերկրի մամուլում մեզնից հղումներ էին անում՝ շաբաթաթերթն ընկալելով իբրեւ հայ ազգայնականների խոսափող։ Այս դաշտում այլ ծրագրեր էլ ունեի, բայց, ցավոք, միջոցներս չեն բավականացնում։ Հուսամ՝ մի օր հարստանալու ձեւը կգտնեմ՝ գործս շարունակելու համար։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
— Երբ թշնամու զորքը իմ Հայաստանի ինքնիշխան տարածքում է՝ ինչպիսի՜ն պետք է լինի վերաբերմունքը։ Զազրելիորեն մղձավանջային։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
— Այնպիսի հայրենիք, որ կունենա իր հզորացմանը ծառայող ճիշտ գործիք՝ ազգային պետությունը։ Եվ այդ պետությունը կունենա իր հստակ ռազմավարությունը՝ Միացյալ եւ ուժեղ Հայրենիք կերտելու։ Որպեսզի հաջորդ սերունդը չսկսի զրոյից, այլ՝ ավելացնի ի՛ր քարը, իսկ հաջորդող սերունդը արդեն մտածի ոչ թե քարի, այլ՝ պատի մասին։
ՄԱԳԱՂԱԹՑԻ