Previous Story
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ. Ինչ հե՜շտ մոռացանք ձեր արյունը, տղերք
Ինչ հե՜շտ մոռացանք ձեր արյունը, տղերք,
Եվ կենցաղի մեջ հավատամքը կերանք,
Սուրբ երկիրը տվինք գյադաներին պղերգ,
Եվ ակամա նրանց հերձվածողը դարձանք։
Կարելի՞ է լինել այսքան ցիր ու անկամք,
Այսքան մանրավաճառ, այսքան անխելք,
Ասպարեզ ենք նետել մարդուկներին տականք,
Ինչ հե՜շտ թափեցինք ձեր արյունը, տղերք։
Ռեստորաններն էլի ցոփությամբ են լողում,
Թրքապարեր լորձոտ և կլկլան եղերգ,
Խնջույքներում այդ զեխ նորից ձեզ ենք թաղում,
Ինչ հե՜շտ խմեցինք ձեր արյունը, տղերք։
Ո՛չ մի հերոսացում և սրբազան պայքար,
Միասնության կորով և հաղթության տաղերգ,
Անհայրենիք, հեղձոտ, մենք մեր հողին՝ օտար,
Ինչ հե՜շտ ուրացանք ձեր արյունը, տղերք…
23.01.2022
Վարուժան Խաստուր