Previous Story
ԶԱՏԿԻ ԿՂԶՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ…
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵԶ, ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ՇԵՇՏ
Ռապանուերենում, ինչպես արդի հայերենում, շեշտը կայուն է, բայց ի տարբերություն հայերենի վերջահար (վերջին վանկի վրա ընկնող) շեշտի, այն վերջընթեր է (ընկնում է նախավերջին վանկի վրա): Հավայերեն լեզվում շեշտն ընկնում է նախավերջին վանկի վրա, եթե բառում բացակայում են երկար վանկերը (ձայնավորները): Սամոա լեզվում այն կայուն է և, որպես կանոն, ընկնում է նախավերջին վանկի վրա: Նուկուորո և մաէ լեզուներում այն վերջընթեր է: Մաորի լեզվում և ռապանուերենում անշեշտ վերջին վանկերը սղվում են:
Հայտնի է, որ Ա. Մեյեն հայերենը ընդհանուր հնդեվրոպականից տարբերող առանձնահատկություններից մեկը համարում էր հայերենի կայուն շեշտը՝ ի տարբերություն ընդհանուր հնդեվրոպականին հատուկ շարժուն շեշտի: Իսկ Գ. Ջահուկյանը, խոսելով վաղնջահայերենի մասին, նշում է. «Հայտնի չէ, հնդեվրոպական ազատ (բազմատեղ՝ տարբեր վանկերի վրա ընկնող) շեշտի՝ հիմնականում վերջընթեր դառնալու պրոցեսը քննարկվող շրջանում ավարտվե՞լ է արդյոք, թե ոչ, բայց որ այդ պրոցեսը մեծապես նախապատրաստվել է այս շրջանում, կասկած հարուցել չի կարող»:
Իսկ մեկ այլ տեղ՝ «Ի տարբերություն հնդեվրոպական շեշտի, հին հայերենի շեշտը ա) կայուն էր (միշտ ընկնում էր նույն վանկի վրա) և վաղուց դադարել է ձևափոխական ու իմաստափոխական դեր կատարելուց և բ) անկայուն էր՝ կախված ոչ թե բառի ձևաբանական բնույթից, այլ վանկերի քանակից և միշտ ձգտում էր դեպի վերջին վանկը»:
Գ. Ջահուկյանի եզրահանգումն այն է, որ «մինչ հինհայկական շրջանում շեշտը նախ կայունացել է նախավերջին վանկի վրա, այնուհետև, շեշտահաջորդ վանկի ձայնավորի անկումից հետո՝ վերջին վանկի վրա» ։
Այսինքն թե՝ մինչհինհայկական շրջանում հայերենի կայունացած շեշտը նախ եղել է վերջընթեր (այնպիսին, ինչպիսին պոլինեզիական լեզուներում է), այնուհետև, բառավերջի անշեշտ (թույլ) ձայնավորի օրինաչափ անկման արդյունքում դարձել է վերջահար (ինչպիսին ժամանակակից հայերենում է):
Ցույց տանք, թե վերոհիշյալ երևույթն ինչպես է ընթանում ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններում. ռապանուերենի բառավերջի անշեշտ ձայնավորի օրինաչափ հնչահապավման արդյունքում ստացվում են հայերեն պարզական արմատներ և, միաժամանակ, ռապանուերենի վերջընթեր շեշտը վերածվում է ժամանակակից հայերենի վերջահար շեշտի:
Ռապան. eri՛ki, eriki te roi «նախապատրաստել անկողինը» – բնիկ հայ. երե՛կ «երեկոյ, իրիկուն»,
ռապան. hi՛ni «հին» – բնիկ հայ. հի՛ն «հին»,
ռապան. hi՛ne «կանացի» – բնիկ հայ. կի՛ն «կին»,
ռապան. tu՛pu «ծառ, ընձյուղ» – բնիկ հայ. թու՛փ «կարճ՝ ցած ծառ»,
ռապան. ha՛re «տուն» – բնիկ հայ. հի՛ւղ, խյու՛ղ «պարտիզպանի խրճիթ, խուղ», բրբ. (զթ.) հու՛ղ «հողաշեն խրճիթ»,
ռապան. hurihuri1 (hu՛ri-huri) «զայրույթ» – բնիկ հայ. հե՛ռ «գժտություն, կռիվ, խռովություն»,
ռապան. ta՛ra «բուն (ծառի)», նաև ta՛ri4 «ծովային ջրիմուռի անվանում» – բնիկ հայ. ծա՛ռ «ծառ»,
ռապան. pօ՛tu «դանակի սուր ծայրը» – բնիկ հայ. բու՛թ «գուլ, ոչ սուր»,
ռապան. hu՛ri «թրջել, ջուր տալ» – բնիկ հայ. ջու՛ր «ջուր»,
ռապան. hu՛mu «գետնափոր վառարանում եփված ճաշ» – բնիկ հայ. հու՛մ «անեփ»,
ռապան. hu՛ri2 «ձագարափոս» – բնիկ հայ. հո՛ր «ջրհոր, գուբ, խոր փոս»,
ռապան. ho՛ro «սրել» – բնիկ հայ. սու՛ր, բրբ. (Ղրբ.) սո՛ր «սուր»,
ռապան. to՛re «գիծ» – բնիկ հայ. տո՛ղ «ուղիղ շարք»,
ռապան. ma՛ri «մոխիր» – բնիկ հայ. մու՛ր «ծուխ թանձր կամ թանձրացեալ, մրուր ծխոյ կամ հրոյ»,
ռապան. pu՛ta «ագահաբար ուտել», «ճարպակալած» – բնիկ հայ. բու՛տ «ուտելիք, կեր»,
ռապան. ki՛te2 «տեսնել, նկատել», «իմանալ» – բնիկ հայ. գէ՛տ (գիտ) «արմատ գիտելոյ, իբր գիտակ, գիտուն»,
ռապան. tu՛vi «ծովային թռչուն» – բնիկ հայերեն թե՛ւ «բազուկ թռչնոց խոշոր փետրովք»,
ռապան. tu՛ku3 «կորանալ, ծռվել» – բնիկ հայ. թե՛ք, թեքեմ «ծեքել, հակել»,
ռապան. ta՛pu, հավայ. ka՛pu «արգելել, սուրբ», «արգելք» – բնիկ հայ. կա՛պ «արգելք», «արգելանք», «կախարդանք»,
ռապան. ta՛ri3 «ինչ-որ բանի վերևի մասը», «կատար (բույսերի)» – բնիկ հայ. սա՛յռ, բրբ. սէռ, սըռ «(լեռնա)գագաթ» (բխեցվում է *k'ē(i)- «սրել» արմատից) և այլն:
Նույն օրինաչափությանն են ենթարկվում նաև բազմաթիվ անհայտ ծագման ու փոխառություն համարվող հայերեն բառեր, ինչպես օրինակ՝
ռապան. gihigihi (gi՛hi-gihi) «չորություն» – հայ. կէ՛զ (կի՛զ-) «կիզոում, այրում», նաև գօ՛ս «չոր (փայտ), չորացած, անպտուղ ծառ»,
ռապան. ko՛ri2 «գող», «գողանալ», «կորցնել» – հայ. կո՛ր «կորչիլ, անհետանալ», «կորուստ»,
ռապան. pa՛ka1 «չոր», «չոր տեղ», «չորանալ» – պա՛կ, պապակ «պասուք, սաստիկ ծարավ»,
ռապան. pa՛tu4 «պատրաստել փարախ» – պա՛տ «որմ, բոլորտիքը, շրջան, պտույտ, չորս կողմ, պատում»,
ռապան. ta՛ki2 «ձկնորսական ցանցի ներքևի մասը», ta՛ki5 «նստատեղ» – հայ. տա՛կ «ներքև, հատակ, խորք» ,
ռապան. ta՛ki1 «կարթաթել» – հայ. թո՛կ «չուան» ,
ռապան. ta՛ka «մուգ կարմիր», «շառագույն» – հայ. տա՛ք «թեժ, տապ»,
ռապան. ta՛ra «բուն (ծառի)» և ta'ri4 «ծովային ջրիմուռի անվանում» – անհայտ ծագման տա՛ռ «մնջեղ ծառի սերմը կամ հունտը»,
ռապան. ta՛ri3 «ինչ-որ բանի վերևի մասը», «կատար (բույսերի)» – անհայտ ծագման ծա՛յր «ծայր (սկզբի կամ վերջի), փխբ.՝ «լեռների և բլուրների գագաթ»,
ռապան. va՛ka «նավակ» – հայերեն վա՛ք «նավ (ջրաղացի խողովակ)» ևլն:
Ինչպես տեսնում ենք, արևելապոլինեզիական ռապանուերեն լեզվի այս (և այլ) բառերը ճշգրտորեն արտացոլում են Գ. Ջահուկյանի նշած մինչհինհայկական (իմա՝ վաղնջահայերենյան) լեզվավիճակը, երբ հայերենի շեշտը կայունացել էր նախավերջին վանկի վրա (վերջընթեր էր), որպեսզի հետագայում, շեշտահաջորդ վանկի թույլ ձայնավորի հնչահապավման արդյունքում, դառնա վերջահար, ինչպիսին ժամանակակից հայերենում է:
Այսինքն՝ այսպես կոչված «ընդհանուր հնդեվրոպական» վիճակից հայերենին տարբերող այս յուրահատկությունը ճշտիվ արտացոլված է ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններում և հայերենին հատուկ օրինաչափ զարգացումների արդյունք է։
Սա, կարծում ենք, լեզվական հաջորդայնության և զարգացման ներլեզվական միտումների ընդհանրության մեկ վկայություն կարելի է համարել:
ԼԵՅԼԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լեզվաբան