ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ. ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
ՄԱՐԳԱՐԻՏ ԴԵՐԱՆՑ
(գրող, մշակութային գործիչ)
ՀԳՄ -ի (Հայաստանի Հանրապետության Գրողների Միության) անդամ
ԱԳՄ-ի (Արցախի Գրողների Միության) անդամ
Ծնվել է ք. Ստեփանակերտում, մեծացել Երևանում, ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Պարգևատրվել է Նարեկացու ոսկե մեդալով, Արցախի Գրողների Միության և «Գրիգոր Նարեկացի» Համալսարանի կողմից, արժանացել Լոս-Անջելոսի ՀՀ Գլխ. Հյուպատոսության, և համայնքի մշակույթային կազմակերպությունների բազմաթիվ պատվոգրերի հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Ստեղծագործում է արձակ ժանրում. վեպ, վիպակ, էսսե, պատմվածքներ։ Յոթ ժողովածուի հեղինակ է։ Բազմիցս տպագրվել է պարբերական մամուլում, համահեղինակային տարեգրքերում, ինչպես Հայրենիքում (Հայաստան, Արցախ), այնպես էլ ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Իրանում։
ՆՄԱՆԸ ՆՄԱՆԻ ՀԵՏ
(պատմվածք)
Այսօր, Obama Care* պատճառով, երրորդ անգամ եմ մտնում դեղատուն՝ անդամալույծ հորս համար դեղ գնելու: Ոչ հորս առողջապահական քարտը, ոչ բժշկի գրասենյակից ուղարկված հեռահաղորդումը չօգնեցին։ Երրորդ անգամ հերթ եմ կանգնած հաստատ որոշումով՝ թեկուզ կանխիկ գումարով դեղը գնել: Համակարգչում հիվանդների բժշկական ապահովագրական տեղեկությունները խառնվել են եւ հերթը դանդաղ է առաջ գնում:
Ինձնից առաջ շիկահեր, սլացիկ բարետես մի աղջիկ էր` գլխին վիրակապ, աչքերի տակ կապտուկներ:
— Դուք Գլենդելո՞ւմ եք ապրում,- հարցրեց աղջիկը:
— Արդեն 11 տարի,- պատասխանեցի:
-Ես մեկ շաբաթ է, որ տեղափոխվել եմ Գլենդել ու այնքան ուրախ եմ: Ասում են՝ Գլենդելը շատ ապահով քաղաք է: Ես ոչ մի կերպ չեմ ուզում վերադառնալ իմ հին բնակարանը:
— Իսկ որտեղ էր գտնվում ձեր նախկին բնակարանը:
— Down Town-ում, ապրում էի ընկերուհուս հետ։ Երեկոյան ուշ սպասում էի նրա վերադարձին:
Մանկությանս գիշերային մղձավանջը կենդանություն առավ. դուռը բացեցի, դիմակներով ծպտված երեք հոգի այնպես հարվածեցին գլխիս, որ ուշաթափվեցի:
— Ի՞նչ մղձավանջ,- անմիջականորեն հարցրեցի ես, մի պահ հետո հասկանալով, որ հարցս պատեհ չէ։
— Երբ աղջնակ էի, երազումս տեսնում էի դևերի հետապնդումից սարսափահար կանանց, մանուկներ,- շիկահեր աղջկա հայացքը տարօրինակ էր, կարծես իմ կողքին չէր, այլ անըմբռնելի ժամանակներում։
— Հետո՞
— Բախտս բերել է, որ ընկերուհիս շուտ վերադարձավ,- ուշքի եկածի, սթափ հայացքով պարզաբանեց անծանոթուհին։
— Դուք թշնամինե՞ր ունեք,- սարսափած հարցրի ես:
— Օ՜, ոչ: Սովորական բնակարանային կողոպուտ էր,- ավելացրեց հմայիչ անմիջականությամբ։
Աղջկա լազուր, ջինջ աչքերը եւ անգլերենի սարսափելի առոգանությունն ինձ ստիպեց հարցնել.
— Հաստատ ռուս եք:
-Ոչ, թուրք եմ, Թուրքիայից:
— Թուրքիայից, բայց ոչ թուրք,- հուսալով, որ սխալ եմ լսել հարցրեցի կրկին:
— Թուրք եմ, ու Թուրքիայից,- մի քիչ փշրված, արժանապատվորեն ժպտալով հաստատեց նա:
Սիրտս սկսեց արագ բաբախել, գուցե նաեւ գունատվեցի: Ուզում էի ճչալ, թե ինչքա՜ն պաշտպանված չէին սեփական հողի վրա, փայփայված օջախներում հազարավոր հայեր` ծերեր, մանուկներ, կանայք թուրք բորենիներից։ Հոշոտեցին, ծվատեցին, ոչնչացրին…Քանզի թուրքը որոշում ուներ ցեղիս սերմը արմատախիլ անել, բնաջնջել երկրի երեսից: Շփոթահար էի, լուռ։
Անսպասելիորեն խոսակցությանը խառնվեց դեղագործ կինը` գրեթե նույն կերպ ժպտալով, ինչպես թրքուհին։
— Թուրքիայից, բայց հատկապես որտեղի՞ց:
— Իզմիրից, դուք նույնպե՞ս թուրք եք:
— Հայ եմ, եւ իմ նախնիները հենց Իզմիրից էին, ցեղասպանությունից հետո, փրկվել է միայն մեծ մայրս:
— Ի՜նչ ցեղասպանություն, պատերազմ էր, իսկ պատերազմի ժամանակ միշտ էլ ամեն բան պատահում է:
Դեղագործ կինը փորձեց հակաճառել նրան, բայց փղձուկը բռնել էր կոկորդը։ Դա մի պահ էր։
Հետո նրանք կախարդված ակնապիշ սկսեցին միմյանց դիտել. հիշողության խոր թանձրակույտից վեր էին հառնում անբացատրելի զգացողություններ, մտապատկերներ, դեպքեր։ Երկուսն էլ սթափվեցին թմբիրից։
Թրքուհու հերթն եկավ եւ ժպիտով հրաժեշտ տվեց մեզ: Դեղագործը կինը հայերեն ինձ հարցրեց.
— Տիկին, վստահ եմ՝ դուք վատ զգացիք, որ նա թուրք է: Ես գլխով լուռ հաստատեցի: Նա էլ ավելացրեց.
— Ես էլ ինձ վատ զգացի, գոնե էդքան աղվորիկ չլիներ էդ թրքուհին:
Մենք հրաժեշտից առաջ` խոսուն, տխուր, կարեկցանքով լի հայացքներ փոխանակեցինք:
Ամբողջ օրը մտածում էի դեղատան դեպքի մասին` հին, խոր ցավեր կան, որոնք դեռ չեն սպիացել ու ղեկավարում են մեզ, մեր կամքից անկախ: Բայց ուրիշ մի բան կար, որ ինձ մտքով ետ էր տանում դեղատուն։ Ու ես հիշեցի կնոջ ու աղջկա լուռ դիմախաղը` նրանք կարծես ծանոթ էին միմյանց անհիշելի ժամանակներից, ունեին տարիքային տարբերությամբ համարյա նույն դեմքը, իսկ լուրթ, անսովոր գեղեցիկ աչքերը միանգամայն նույնն էին։
Հետընթաց հիշողությունը, որ մարդուն կարող է մեկեն անհաշվելի տարիներով ետ տանել, ճակատագրի խաղ չէ, այլ թելադրանք, որ ինչ-որ մեկն առնչվի մի գաղտնիքի, որը ժամանակը, ամեն բան ավերելով, խնամքով թաքցնում է բոլորից, ընդամենը խոտերում կորած մի նեղլիկ ու անտես արահետ թողնելով։
Արդյոք սա երեւակայության խաբկա՞նք է, թե՞ Աստվածային նախախնամության նշան եւ հանդիպումը պե՛տք է շարունակություն ունենա այս աշխարհում, կամ միգուցե մի այլ ոլորտում, ուր մենք անմեղորեն պատսպարված ենք Աստծո դատաստանից` մեծ ու բարեգութ հարկի ներքո, ուր նմանը նմանի հետ է…
Obama Care*առողջապահական ապահովագություն Նահանգներում
2015թ. Լոս-Անջելես