ՎՐԵ՛Ժ
Պատմվածք
Նոր տեղն ավելի սառն է, մութ, փոխարենն աչքից թաքցնում է զորանոցի ամբողջ ատելի տեսարանը: Չհասկացավ, թե ենթասպան իրեն ինչու տեղափոխեց, ոչ մի բացատրություն չտվեց, օսմանյան զինվոր ես՝ պարտավոր ես հրամանը նույն վայրկյանին կատարել: Պատիժն աննկարագրելի է՝ ամեն մեկն առնվազն մի քանի անգամ դա սեփական մաշկին է զգացել: Անսպասելի էր նաև ենթասպայի հարևանությունը, նա հենց կողքի անկյունն զբաղեցրեց:
Կեսգիշերը մոտ էր, երբ սրահի կեսն ազատվեց: Գևորգը չիմացավ, թե զինվորները հռհռալով ուր գնացին, միայնակ պառկած՝ էլի տանն էր, փակ աչքերի առաջ ընտանիքում անցկացրած վերջին իրիկունն էր, Նուբարի քնքուշ հայացքը, նրան չասած բառերը, նրա համար չգնած ոսկե զարդերը:
…Տատն ամեն հարմար առիթով ասում էր, որ ինքը մորական պապին է քաշել: Տարիքի հետ նմանությունն ավելի պարզորոշ դարձավ: Երբ հայտարարվեց, որ համաշխարհային պատերազմի պատճառով 18-45 տարեկան հայերն անխտիր պետք է օսմանյան բանակ զորակոչվեն, ինքն արդեն ամրակազմ, արծվաքիթ, գանգրահեր երիտասարդ էր՝ տեղական բնակչության սովորական ներկայացուցչի արտաքինով:
Քաղաքում, հոր արհեստանոցում ձիերի պայտեր ու կենցաղային իրեր էր սարքում, դրանք անմիջապես հորեղբոր խանութ էին տեղափոխվում ու մեծ պահանջարկ ունեին:
Փեսայանալու ժամանակն աննկատ եկել էր, տատն ու մայրը տան անկյուններում այդ թեմայով հաճախ էին փսփսում: Աշնանային մի գոլ օր խոսակցությունն սկսվեց ու թեժացավ իրիկնահացի սուփրայի շուրջը: Քույրերն աչքունքով փոքր եղբորը հասկացրին, որ գիտեն ով է նրա սրտի իշխանուհին, միասին Նուբար անունը տվին ու սրահից դուրս փախան: Ինքը շփոթվեց, ուզեց քույրերի հետևից վազի՝ պապը չթողեց:
Հենց այդ իրիկուն էլ որոշվեցին նշանդրեքի ու հարսանիքի օրերը: Հարևան Ասատուրի հետ պայմանավորվելը առավոտվան հետաձգեցին, նրանք նույնպես զգում էին, որ իրենց հարևանությունը մի օր պետք է ավելի ամուր թելերով կապվի: Տան հարսներն ու սկեսուր մայրիկը Նուբարի մասին քննարկելիք չունեին, աղջկան բոլորն էլ սիրում էին, հավանում, մանավանդ հիանում էին նրա կարուձևի շնորհքով: Ինքը մինչև կեսգիշեր թափառեց ապագա նշանածի այգու կածանին, սիրտն անհամբերությունից վարուվեր էր անում: Դա քաղցր անուրջների վերջին օրն էր:
Ծեգին դարբնոց եկավ մանկության ընկերը: Նա հույն էր, բայց թուրքի անունով անձնագիր էր հանել ու մարդկանցից միշտ խուսափում էր: Իրեն տեսնելիս գլխով թեթևակի բարևում էր, արագ անցնում: Այդ օրվա նրա այցն անսպասելի էր, ահավոր շփոթված էր, շուտ-շուտ շուրջն էր նայում, հազիվ հասցրեց ասել, որ վատ բաներ են լինելու, շուտով բոլորին բանակ կքշեն: Առաջարկեց իր համար էլ թուրքի փաստաթուղթ դասավորել, ասաց վստահելի ծանոթ ունի, լավ գումարով գործը կանի: Պաշտոնյան իր փողը վերցրեց, գործն արեց. թուրքի համար միշտ էլ առաջինը փողն է, իհարկե, խոստում առավ, որ մինչև գերեզման դրա մասին ոչ մի կենդանի շունչ չպիտի իմանա:
Ծնողներն ընտանիքի հոգապահուստ գումարի կեսն իրեն էին տվել, վստահ էին, որ հարսնացուի համար Պոլսից նվերներ է բերել տալու: Անպատկերացնելի էր, թե հայրն ու պապերն ինչ կանեին, եթե իմանային, որ իրենց ազնիվ տոհմերի ժառանգը հայի անունն ուրացել է, թուրքի անուն է առել: Նրանց ո՞նց ասեր, թե ինչ սարսափների մասին է լսել, երբ նույնիսկ փողոցներում վխտող ժանդարմների շատությունից հայերը որևէ անհանգստություն չէին զգում, ընդամենը լսել էին, որ հեռուներում մի տեղ պատերազմ է:
Ընտանիքն սթափվեց, երբ ժանդարմներն իր հետևից եկան, խուճապ, իրարանցում սկսվեց, որովհետև իր զորակոչին դեռ մի քանի ամիս կար: Երկու-երեք ժամ չանցած բազմաթիվ երիտասարդների հետ իրեն էլ խցկեցին ինչ-որ սայլերի մեջ ու հասցրին գնացքի կայարան: Շուրջն ինչ լսում էր՝ պատերազմի, գերության, քարուքանդի մասին էր: Գնացքը երկար ժամեր չկանգնեց, սարեր ու անտառներ թրատելով չգիտես ուր էր սլանում: Ոչ Նուբարին վերջին անգամ տեսավ, ոչ ընկերներին ու հարազատներին կարգին հրաժեշտ տվեց:
Գլխի մեջ խառնաշփոթ էր, չէր հասկանում, թե իր հետ, աշխարհի հետ ինչ է կատարվում: Երբ ուղևորները քնեցին՝ ծոցից ակամա, հավանաբար ինքնապաշտպանության բնազդով հանեց իսկական անունով փաստաթղթերը, պատռեց ու շպրտեց պատուհանից դուրս: Թղթերը քամու բերանում պարելով աչքից անհետացան, ասես չէին եղել: Գրպանում մնաց թուրքի անունով անձնագիրը: Մեհմեդ Խալիլ:
Գիշերով իրենց քշեցին բանտ հիշեցնող փակ շենքեր, ասացին՝ սա է ձեր զորանոցը:
Ահա մեկ ամիսն անցավ, առաջին օրվա նման բան չի հասկանում՝ ուր են եկել, ինչ նպատակով, բացի վազելուց, կրակելուց ու սպաների գոռգոռոցները լսելուց ուրիշ անելիք չունեն: Հա, մեկ էլ ասում են՝ ամբողջ աշխարհն իրար է ուտում, պատերազմ ու ավերմունք է:
Տես, որ իրենք դեռ թշնամու չեն հանդիպել, գիշերները նույն ժամին կրակոցներ են լսվում, այդքան բան: Հուշերից ուժասպառ Գևորգն աչքերը փակեց: Անցած ապրումներից, հետաձգված երջանկությունից կտրվելու համար մտքում հաշվում էր, որպեսզի քնի, սովորաբար երեք հարյուրին չհասած՝ ընկղմվում էր անէության աշխարում: Միտքն ու հոգին չէին թուլացել, այլ մարմինը, որն ասում էին իբր զինվորի գլխավոր հարստությունն է: Այս անգամ նոր էր հարյուրին մոտեցել՝ լսեց ենթասպայի շշնջոցը:
– Գիտե՞ս, որ երազիդ մեջ խոսում ես:
Ընդոստ վեր թռավ:
– Հայ ես, ախպեր ջան, քեզ մատնել ես,– մութի մեջ ժպտաց հարևանը:
Ժպիտը չերևաց, զգացվեց: Գևորգը համարձակություն առավ.
– Դու է՞լ ես հայ:
– Անունս Զավեն է, բայց մոռացիր, հայերենն էլ մոռացիր, մի բառը կարող է գնդակահարությամբ վերջանալ:
Թուրքերեն էին խոսում, խավարի մեջ երկուսի աչքերն էլ տարօրինակ ցոլք էին արձակում: Գևորգը կոշտացած ափը բերանին տարավ, սարսափեց, կարող են լսել ու իրենց մատնել:
– Մի վախենա, էստեղ փոքր խմբով ենք մնացել, մյուսներին գիշերային որսի են տարել:
– Ո՞րս, գիշերով ի՞նչ են որսում:
Լսածից Գևորգը զարհուրեց.
– Օսմանյան բանակ քշված հայ երիտասարդներին ոչ թե որպես զինվոր են պահում, այլ որպես նշանառության թիրախ: Նրանց զենք չեն տալիս, բահ ու քլունգ են տալիս, ցերեկներն ստիպում են խրամատ փորել, իսկ գիշերը նույն այդ խրամատների մեջ նրանց գնդակահարում են ու վրաները հող լցնում: Շուտով ինձ ու քեզ են որսի տանելու, չգիտեն, որ հայ եմ, կարծում են քուրդ եմ:
Դրսից ժխորի ձայներ լսվեցին, քիչ հետո սրահը լցվեց որսից վերադարձացների հռհռոցով ու հիշեցներով: Ծպտված հայերը սսկվեցին, ձևացրին, թե քնած են: Հանկարծ լռություն տիրեց, մեկը սրտակեղեք լաց էր լինում:
– Ես կյանքիս մեջ առաջին անգամ մարդ սպանեցի,– հեկեկալով ասում էր նա,– Արամն ինձ ոչ մի բան չէր արել, մեր հարևանի տղան էր, ինձ համար միշտ շվի էր նվագում…
– Շվի՛, դրա համար էլ կնիկ ես դառել,– հոխորտացին մի քանիսը միասին, սպան շարունակեց:– Ինչքան հայ գյավուր կա, պետք ա սպանենք, մի դրանց ապրուստը տեսեք, դրանց տներն ու խանութները տեսեք, շատ են երես առել, պետք ա սաղին սպանենք, ունեցած-չունեցածը խլենք: Դու էլ, այ լակոտ, պիտի իսկական ասկյար դառնաս, որտեղ գյավուր տեսնես՝ գլուխը թռցնես: Էդ հարևանդ էլ որ կա՝ հարստություն կունենա, նրան էլ էնտեղ շանսատակ կանես, կհարստանաս, հլա աղջկա հետ էլ կամուսնանաս: Շատ սիրուն են շան քածերը: Դե ձենդ կտրի ու շնթռի, առավոտ պիտի հրամանատարների առաջ քննություն տաս: Կամ էլ կգնաս խրամատում տեղդ գյավուրների կողքին կորոշես:
Տղան լացը կտրեց, ատամների չխկչխկոցն էր լսվում, վախից դողում էր: Գևորգն ու Զավենն այդ ամբողջ դժոխքում միմյանցից անկախ նույն բանն էին մտածում՝ ինչ հնարով վրեժ լուծեն հազարավոր հայ երիտասարդների նահատակության համար ու փրկեն ողջերին: Գևորգը երևի իզուր չէր հոր արհեստանոց-դարբնոցում կյանքի փորձառություն անցել, այնտեղ միայն պայտեր չէ, որ ձուլում էին, զենք ու զինամթերք էին կռում ու հասցնում ֆիդայիներին: Պապի խոսքերը մտքից դուրս չէին գալիս՝ թուրքի հետ ընկերություն արա, բայց փայտը միշտ ձեռքիդ պահիր:
Օրը եկավ, օսմանյան բանակը հիմա էլ նրանց որսորդական հունարն էր ստուգելու: Մութն ընկնելուն պես «բանվորական վաշտի» հայերին բանտանման շենքից հանեցին, հասցրին ցերեկը փորած փոսերի մոտ: Հոգնած էին տղաները, ոտքները հազիվ էին քարշ տալիս, պարզ է, որ խեղճերին չէին կերակրում:
Գևորգն ասկյարների ջոկատի ձախ եզրն էր պահում, Զավենն աջը: Այդ պատվին արժանացել էին վերջին օրերին դրսևորած զինվորական հմտությունների համար: Հրամանատարությունն ուղղակի ոգևորված էր այդ երկուսի՝ քուրդ ու թուրք զինվորների ընդունակություններով ու եռանդով, հավանաբար նրանց հետ մեծ հույսեր էր կապում: Տասն ասկյարի հանձնարարված էր հիսուն հայի գնդակահարել ու տեղում թաղել, հետքերը վերացնել:
Մահապարտներին հրամայեցին շարքով զգաստ կանգնել: Նրանք ուժասպառ էին, քաղցած, բայց լուսնի շողերի տակ նմանվում էին մարտիկների, թեև չէին հասկանում, թե իրենց ինչու են ցերեկվա աշխատավայր բերել: Շուրջը լռություն էր, տարածքում թափառող շներն ու կատուներն էլ էին սսկվել, բայց հանկարծ ոհմակներով աղմկեցին, հաչոցը շրջապատը բռնեց:
Ասկյարները շրջվեցին ձայնի կողմը, այդ պահին սարսափելի պայթյուն որոտաց, քիչ հեռվում զորանոցի շենքերն իրար հետևից օդ էին բարձրանում ու գետնին զարնվելով ցրիվ գալիս: Գևորգն ու Զավենը մի քայլ հետ գնացին, ապա ասկյարների ուղղությամբ հուժկու կրակ բացեցին:
Նրանք, որոնք երազում էին հայերին սպանել ու նրանց հարստությանը տիրանալ, որոնք մարդ սպանելը կյանքի նպատակ էին դարձրել, հերթով գետնատարած փռվեցին: Այդ ամենը կատարվեց մեկ-մեկուկես րոպեում, մահապարտ հայերն արագ կողմնորոշվեցին, թուրքերի հրացաններն առան ու խմբով անհետացան խավարի մեջ:
Գևորգ-Զավեն գործողությունն անթերի էր մշակված՝ պայթյունի քողի տակ մահվան ճամբարից փախչելը երկար ժամանակ կմնար աննկատ, իսկ ասկյարի արտահագուստը նրանց կպաշտպաներ ստուգումներից:
Խավարը ճեղքելով գնում էին 52 կտրիճները, նրանք դեռ չգիտեին, որ իրենց թողած վայրերում արդեն ձգվում են աքսորի քշված հարազատների երկար շարքերը… Անհամբերությունից վառվող նրանց սրտերում սեփական գերեզմանները փորած հայ ջահելների լուսավոր պատկերներն էին, որոնք վրեժի էին կոչում: Վրեժ՝ այդ անունով էլ կոչեցին իրենց ազատարար ջոկատն ու քայլեցին ճակատագրին ընդառաջ: 52-ից յուրաքանչյուրը ճանաչել էր վրեժի կայծը, այսուհետ պիտի ապրեր վրեժի հրդեհում:
ՀԳ. Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան բանակում առաջին աշխարհամարտի ու խավարի քողի տակ սպանվել է 60 000 հայ զինվորական:
Իրենց տներում, աքսորի ճանապարհներին ու սիրիական անապատներում սպանվել է 1,5 միլիոն հայ:
Կես միլիոն փախստական մահացել է համաճարակից, Էջմիածնում և այլուր: Արևմտյան Հայաստանը հայաթափված է:
Թուրքը դեռ չի հատուցել:
Հայոց հողը պատգամում է՝ ՎՐԵ՛Ժ:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
2020թ.