ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Լույսը խավարից երես է թեքում
Լույսը խավարից երես է թեքում
Մռայլ երկնքի անթափանց խորքում
Եվ երկնայինին աղոթք մրմնջում,
Լուսնի սնարում սերերն են ննջում,
Կրքերը էլի հեթանոս սերում,
Կապույտ բառերի թմբիր են թորում…
Ծառերը դրսում կարոտից մրսում,
Մեռնող տերևի շշունջն են լսում,
Եվ տերևներն են մարում մշուշում,
Կանաչ օրերի շրշյունը հիշում…
Լռության ճիչն է դառը հեկեկում՝
Ուրախությանը ամոթանք տալով,
Հրեշտակները թևերն են կորցնում,
Մեխեր են խրվել՝ արյան մեջ լալով,
Որի հետքերը երբեք չեն անցնում.
Ուզում են սրբել՝ խեղճ-խեղճ ճչալով,
Ձեռքերի մաշկն է ցուրտն արդեն տանում՝
Ձմեռնամուտի շունչը զգալով…
Ամբոխի ծոցում զղջումն է մեռնում՝
Անտարբերությունից լուռ մռնչալով,
Որ երեկ քեզ էր դանդաղ մահացնում,
Այսօր էլ արդեն խիստ սպառնալով,
Հոգիս շղթայած՝ ինձ է սպանում
Եվ աշխարհն արար ոտնատակ տալով՝
Հանուր մարդկության սիրտն է քարացնում,
Որ դարեր ի վեր չմոռանալով՝
Ճրագալույսի կաթոց է փնտրում…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ