ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Թե չես մեծացել լույսի մեջ նույնիսկ
Թե չես մեծացել լույսի մեջ նույնիսկ,
Երբեք չես կարող լինել նկարիչ,
Ոչ էլ մի անտուն՝ խեղճ ու չքավոր՝
Միաժամանակ մնալով առողջ
Կամ մեծահարուստ մի բազմաշնորհ…
Հարբե՞լ ես ուզում, թե՞ խումար ընկնել,
Միգուցե արև՞, աշխա՞րհ՝ անընտել,
Ի՜նչ հրաշալի, վա՜ռ պատկերացում,
Դե՛ կեղտն ընդունիր, մեկ էլ՝ հոգնություն,
Քո մեջ ամեն ինչ՝ ոսկիներ, կեղտեր,
Խանդավառություն, անտաշ կոպտություն,
Անթաքույց ծիծաղ, խռոված բախտեր
Ու խիստ մահացու մտատանջություն,
Ամփոփիր անձայն ու համակերպվիր,
Ոչնչի համար մի՛ մտահոգվիր
Եվ ինչ-որ բանից փախչել մի փորձիր։
Դու քո տերը չես, ոչ էլ՝ ինքնիշխան,
Այլ քո մեջտեղում՝ ինչ-որ մի խե՜ղճ բան…
Ժամանակը չէ՞, թույլ տուր քեզ գնա՜լ…
Ու եթե մի պահ քեզ թվա հանկարծ՝
Ինչ-որ բան ա՛յն չէ, փոխվե՜լ է անդարձ,
Փակիր աչքերդ ու կյանքը զգա՜…
Դժվար ժամանակ միշտ էլ կա՜ ու կա՜,
Կգա ու կանցնի, երկար չի մնա՝
Անցյալիդ ձախորդ օրերի նման,
Կյանքն է մնայուն՝ հարատև՜ գնացք…
Ի՜նչ հարկավոր է Երկրի նոր առանցք,
Որ դու կառուցես ուրիշ մի աշխարհ,
Կերտիր աշխարհում երջանիկ մի կյանք,
Ուր երջանկությունն ի պահ է տրված…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ