ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Սիրում եմ քեզ բոլորից ավելի, որոնց չգիտեմ
Սիրում եմ քեզ բոլորից ավելի, որոնց չգիտեմ,
Սիրում եմ բոլոր ժամանակներում, որ չեմ ապրել՝
Ալպյան լեռների բույրով և հացի տաք շնչառությամբ,
Ձյան փաթիլների և գարնան ձնծաղիկների ժպիտով։
Սիրում եմ, որպեսզի սիրեմ բոլորից ավելի, որոնց չգիտեմ,
Ու՞մ նայեմ, եթե իմ մեջ քեզ եմ տեսնում…
Իմ ու քո կանգառը սպասումն է,
Կկորցնենք ամեն բան, որպեսզի շատ բաների հասնենք,
Առաջ կընթանանք ամենացավոտ ճամփով
Ու չենք վախենա կարկտահարումից…
Լռությունը վեճ կդառնա, հետո կմարի՝ որպես կիրք,
Տխրությունը փամփուշտներով կստիպի ուրախությամբ խաղաղվել,
Ավելի կոպիտ կդառնամ՝ հոգուս խորքում օրորելով քնքշությունը,
Իսկ կասկածները կտրորենք ոտքներիս տակ։
Վստահորեն կունենանք այն, հանուն որի կապրենք,
Քանի դեռ պատրաստ չենք դրա համար հանձնվել ու դառնալ մահի ստրուկը։
Այս կյանքում կհասկանանք նվիրվածության և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը,
Կսովորենք, որ սերը անկողին չէ,
Ընկերությունը՝ շահ
Եվ կշարունակենք սովորել մեր ապրած սխալների ու զգացողությունների արանքում…
Եվ կսկսենք սովորել.
Կընդունենք ու կզգանք մեր ջախջախված պարտություններն ու սրախողխող մարմինները։
Բաց ճակատով ու պարզ աչքերով այսօրվա ուղիներ կփնտրենք,
Որովհետև աղետներն անխուսափելի են, քանի որ բնության դեմ անզոր ենք։
Կկարողանանք դիմակայել, զինվել համբերությամբ,
Որ արժանանանք ամեն օրվա առավոտին։
Կսիրենք միմյանց թերություններն ու կձգտենք չձգտել՝ փոխելու,
Այլ սիրել՝ երջանկության ախտանիշով։
Կսովորենք լինել միմյանց կողքի, միմյանցից հեռու,
Որպեսզի ուղեկցենք մենությանը՝ այլևս չտեսնելու ցանկությամբ։
Կհասկանանք, որ ընկերները մաղված են, որովհետև կեղծիքը կրծել է նրանց կոկորդը,
Որ զայրույթի մաղձը թունավորել է՝ խոցելով մինչ մահ։
Արհամարհանքը կնվաստացնի ժամանակի բարձունքը ու դեպքերն արագընթաց կստիպեն մեղանչել,
Մենք աշնան պես թևաթափ կլինենք…
Իսկ լավագույն պահը ապրած պահն է,
Ու կկարոտենք, ովքեր այլևս հեռացել են…
Ու մի օր ներել
Ու ներողություն կխնդրենք, կզղջանք ու կցավենք, կսիրենք ու կկարոտենք…
Կկորցնենք… որ հետո իմաստ չունի…
Կսիրեմ, որպեսզի սիրեմ բոլորից ավելի, որոնց չգիտեմ։
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ