ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Ես իմ հոգու մեջ ունեմ անկյուններ
Ես իմ հոգու մեջ ունեմ անկյուններ,
Խորշեր, կեռմաններ, խորքեր, անհուններ,
Որոնց շնորհիվ շրջապատում ինձ
Ինչ-որ հրեշներ արդեն չեն գտնում
Եվ չեն հարձակվում վրաս թիկունքից,
Եվ իմ նյարդերը իզուր չեմ վատնում…
Մաքրել եմ դեմքս՝ ստով փոշոտված,
Բուժվել եմ նույնիսկ սուր խայթոցներից,
Որ քամի են լոկ՝ մրմուռով աղի…
Ես համբերել եմ՝ ձեռքերս ծալած,
Ճշմարտության մեջ՝ գրկել ինձ ներսից,
Կոփելով սիրտս երկաթով հալած՝
Նայել եմ շինծու դեմքերին քարե,
Որտեղ երջանիկ բծեր են կաթել։
Անհոգիներին բախվել եմ հաճախ,
Որ մարմին են լոկ՝ շահով շաղախված
Եվ ստերի մեջ աշխարհ կառուցած
Ձյութե կապար են՝ լցված չարությամբ…
Եվ երբ լռեցի, մերկ ճշմարտության
Ականը պայթեց՝ իրեն խեղելով,
Ճշմարտությունն էլ իր մեջ թաղելով,
Խղճի որոգայթ հոգին շաղելով։
Դավ նյութողներից ես չեմ վախեցել,
Բաց աչքերով եմ թիկունք շուռ տվել,
Ցեխոտ հոսքերից՝ հեռու մնացել,
Դատարկ խոսքերին երբեք չեմ ծախվել,
Այլ խղճացել եմ կամ էլ՝ ողորմել,
Եվ երբ նեղվել եմ, ես չեմ հառաչել,
Ամպրոպի նման՝ ահեղ շառաչել,
Կյանքս՝ արարել, ինձ եմ ճանաչել…
Ձեռքերս ստով չեմ ապականել,
Երիցս խաչվել, հարություն առել
Եվ հիմա գիտեմ հարության ուղին,
Բայց կյանքն էլ ունի խոսքերն իր վերջին…
Ես ծիծաղել եմ հիմարի խոսքից,
Որ ամեն անգամ ձախողված կրկին՝
Հիմա դարձել է ընտիր գործակից։
Եվ գիտեմ նաև ինչպես տարբերել
Հաջողությունն անխուսափելիից,
Գիտակցած, ցավով՝ ինքս եմ հաղթել,
Ներկային այնքա՜ն քաղցր եմ հասել՝
Ինձ թույլ եմ տվել պարտության մատնել.
Ես նախընտրում եմ իմ մխիթարանքը,
Քան՝ ուրիշների ծափերն ու փառքը:
Արդ, ես գտել եմ իմ մեծ երկինքը
Կյանքս՝ վաստակած, լի վերելքներով,
Նաև վառ լույսով կնքված դաշինքը
Եվ արևներս՝ մեծ վայելքներով
Ինձ այս աշխարհում մի կյա՜նք ապրեցնող…
Ու հիմա կյանքը լի է ծաղկունքով,
Ձնծաղիկներն էլ՝ նվեր ամենքին,
Թող սիրագորով իրենց բուրմունքով
Ներխուժեն սրտեր, տանեն թռիչքի…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ