ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Լռո՜ւմ է թախծոտ գույնը արևի
Լռո՜ւմ է թախծոտ գույնը արևի՝
Պա՛ղ անձկության գրկում կորստի՝
Ողողվա՜ծ լույսով կավե պարսպի:
Մատներդ անմե՜ղ, տերևի նման,
Լույսի հետնորդն են՝ մանր, սպիտակ
Ավազի սորուն ծալքերի՜ վրա…
Քնքուշ շուրթերդ քաղաքի վրա
Սահո՜ւմ են զգույշ՝ պեղելով անձայն
Ոտնահետքե՜րը անցյալի, տաք ձյան։
Կրքոտ ստվերներ խոսում շշուկով,
Բացում են մեղքի փեղկե՜րը գարնան,
Սակայն ես թաքուն փակ հետնամուտքով
Հպարտ գալիս եմ ընդառա՜ջ նրան…
Իսկ քո աչքերից նոր լույս է կաթում
Սրբոց Վարդանանց մեծ պատերազմում,
Եվ աստվածները ապշած են մնում,
Որ երեխա չես, կռիվ ես խաղում։
Ու կարարեմ քեզ լույսի մեջ վերին,
Որ էլ չդառնաս լռության գերին,
Որ չմորմոքվի բջիջդ արյան,
Կհրամայեմ խոլ ժամանակին,
Որ քո հնազանդ նժույգը դառնա,
Ու կսովորես, անգիր կիմանաս
Կեղծ պատմությունը հին աշխարհների,
Մեծ քաղաքների, բարձր լեռների,
Այգաբացների ու երկինքների,
Որոնց կապույտի ու բաց դեղինի
Ներդաշնակության շնորհանդեսին
Ներկա կլինես, մինչև որ մթնի…
Եթե խենթանաս, չես խելագարվի,
Սերը ցամաքեց, մարդը կգժվի
Ու լռության մեջ դանդաղ կմեռնի…
Դու խենթ չես, գի՜ժ ես, իրավացի՜… գիժ՝
Մի քիչ անձրևոտ, արևոտ մի քիչ,
Մի քիչ էլ՝ ցրտոտ… Դե, դա էլ՝ ոչի՜նչ…
Բայց զորակցում է արժանիքներիդ
Հեռատեսությունն ու դաշինք կնքում,
Որ խաղաղ լինի սահմանը երկրի։
Միաձուլվում են արձագանքներն իմ՝
Զգացումներիս նուրբ ալիքներին,
Եվ պատկառանքը խաղաղ քո դեմքի
Եղյամն է թափում արծաթ երկնքից
Գեր որովայնին ճրագալույսի։
Երբ ձյուն է գալիս, մի ամբողջ աշխարհ
Դառնում է ասես փակ բռունցք ճերմակ,
Կաթ-կաթ կաթում է լույսը աղոթքի՝
Մոմե շուրթերիդ վեհ լռությունից,
Եվ հարություն են մեռյալներն առնում,
Սրբի ծննդյան ավետիսներից…
Այս ամենի լուռ վկան եմ դառնում
Դեռ գիշերվանից, ինչպես ուսանող,
Որ քննությանն է երկար սպասում,
Մերկ խոստովանությունից էլ այն կողմ՝
Զարկերակիս հանդարտվել համոզում…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ