ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. ԿՈԼՈՒՄԲՈՍԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐԱՍԵՐ ՀԱՅԸ
… «Իսկ հայ վանականը մի օր դուրս էր եկել իր խստակյաց մենաստանից, կտրել-անցել այս նույն Եվրոպան ու հասել «եզրն աշխարհի», որտեղից էլ սկսվում է «համատարած ծովը»: Ոչ առանց հպարտության նա գրում է. «Եվ նոքա կու զարմանային, թե զայսչափ աշխարհս դուն ո՞նց կացիր հետեւակ քայլել»:
Վանականի անունը եղել է ՄԱՐՏԻՐՈՍ:
Մականունը՝ ԵՐԶՆԿԱՑԻ…
Նրա անհասկանալի տոկունությամբ զարմացած և ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին անշուշտ քիչ բան իմացող իսպանացիք հյուրընկալել են այդ էկզոտիկ օտարականին Ֆինեստեորե կոչվող հրվանդանում, իսկ հետո նավ նստեցրել ու տարել դեպի հարավ:
Սա հին պատմություն է:
Հայ գրողը այլաբանական վիպակ է գրել այս «միջաստեղային թափառականի» մասին, հայ կինոռեժիսորը՝ նկարահանել երևակայության հետքերով գնացող ֆիլմ:
Մարտիրոսի ուխտագնացությունը սկսվել է 1489 թվականի հոկտեմբերի 22-ին և ավարտվել հինգ ու կես տարի անց: Բոլոր այդ տարիներին նա շրջել է եվրոպական սրբավայրերով:
Եթե ցանկանանք հարցնել. – ԻՆՉՈ՞Ւ, գուցե հետևյալ պատասխանը գտնենք. ՆԱ ՓՆՏՐԵԼ Է ԻՐ ԿԱՊԸ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ ՀԵՏ:
Նրա դեգերումների վկայությունը մնացել է իր իսկ ձեռքով գրված ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՈՒՄ, խոշոր քաղաքների, իր համար հանգրվաններ դարձած վանքերի, տարբեր ազգերի կյանք ու սարքի նկարագրությամբ: Գիտակ մարդիկ ըստ այդ հիշատակարանի հաշվել են նրա քայլած ճանապարհների երկարությունը և ստացել տասներեք հազար կիլոմետր:
…Մարտիրոս Երզնկացի վանականին պատկերացնում եմ Դոն Կիխոտի կերպարանքով: Գուցե չարաչար սխալվում եմ: Բայց այդպես եմ պատկերացնում:
«Ալ չեմ կարիր քայլել, անձիս տաղարն հատավ» — երեխայի պես անկեղծացել է նա, բայց արդեն ճանապարհի վերջում, ծովագնաց բասկերին հանդիպելով:
Կոլումբոսի ժամանակների հայ:
…Մարտիրոս Երզնկացի վանականը հետաքրքրասեր մարդ էր, դա ակնհայտ է: Նաև համարձակ, այսինքն՝ անհրաժեշտ մի խենթության տեր, առանց որի ոչ ոք նոր ճամփա չի բռնում:
ԹԵՐԵՎՍ ՆԱ ԷԼ ԷՐ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ:
…ԻՆՔՆ ԻՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄՂՈՒՄ:
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՓՈՇԻ ՈՒ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ:
…Տեսնես քանի՞ անուն ու քանի՞ դեմք է փորագրվել նրա հիշողության մեջ, մինչև իր երկրային ժամկետի ավարտը: Տեսնես քանի՞ մարդ է հետո հիշել այդ թխամազ ուխտավորին, տիեզերական Կոստանդնապոլսից մինչև հավերժական Հռոմ և իսպանական հեռուներում կորած Սանտա-Մարիա բնակավայրը:
Այս մարդը աշխարհի բազմազանությո՞ւնն էր փնտրում, թե՞ նրա ցանկալի միասնությունը: Ի վերջո նա կարողացա՞վ պատասխաններ գտնել, թե՞ միայն ավելացրեց հարցերի քանակը:
Հարց առաջին. Ի՞ՆՉՆ Է ԱՐԴՅՈՔ ԻՐԱՐ ԴԵՄ ՀԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՆՑ, ԵԹԵ ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆ ԱՂՈԹՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄ ԱՄԵՆՔԻՆ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ ԾԱԾԿՈՂ ԵՐԿԻՆՔ:
Հարց երկրորդ. ԻՆՉՊԵ՞Ս Է, ՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՆ, ԻՍԿ ՇԱՀԵՐԸ՝ ՀԱՃԱԽ ՏԱՐԲԵՐ:
Երրորդ հարցը. ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐՆ ԵՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԱՀԿԱՆԱՑՈՒՆԵՐԻՍ, ԹԵ՞ ԱՐԱՏՆԵՐՆ ՈՒ ՄԵՂՔԵՐԸ:
ՀԱՅՆ Ի՞ՆՉ ՈՒՆԻ ՓՆՏՐԵԼՈՒ ԻՐԵՆԻՑ ԴՈՒՐՍ:
Չորրորդ , բայց բոլորովին էլ ոչ վերջին մի հարց»:
«Գնացքներ և կայարաններ» գրքից