ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ. Խնկաբույր ու խնկավառման առավոտ
Խնկաբույր ու խնկավառման առավոտ՝
Լեցուն՝ սպասումով աստվածային օրհնության
Ու ղողանջներով՝ ոսկեհամբույր արարման
Ու հնչյուններով՝ պատարագի, աղոթքի…
Մեռոնի բույր անուշահոտ՝ տարրալուծված
Ստվերներին երկնային լույսերի,
Ծնծղաների մեղեսիկներին արծաթյա
Ու մրմունջներին տերունական աղոթքի,
Որպես հրաշք՝ լուսե անդորր հոգիների…
Ու վառվում են կերոնները աղոթքով,
Պահը սուրբ կլանվում է վարդաբույրով,
Եվ շարականներն են Սուրբ սրբոցով
Նիրհ սփռում շուրջը. հոգու հաց ո՜վ վեհ լռություն…
Շուրթերից ելնող մեղմ քավության ու մրմունջի՝
Հույսի, սիրո ու հավատի աղաչանք,
Խնկարկումներով անթիվ խնդրանք
Եվ ավա՜ղ, ծնրադրումով բազում հառաչանք…
Եվ ակնկալված շնորհներ ու օրհնություն՝
Բարձրյալից Սուրբ…
Ու հնչում է փրկության ավետիսը Հայտնության,
Ժամն է արդ Սուրբ սրբոց արարման…
Տեր ողորմեա՜…
Եվ Սուրբ Ծննդյան օրն օրհնությունն է Հիսուսի,
Օրհնություն՝ ամենայն մարդոց
Եվ օրհնություն՝ մեր երկրին
Ու երիցս խաչյալ ազգիս հայոց…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ