Զուխրա Երվանդյան. Հողը հիշողություն ունի
Արցախը տարածք չէ՝ հեկտարի համար սահմանված գնով, Արցախը ՀԱՅՐԵՆԻՔ է, հողը՝ ՀԱՅՐԵՆԻ, իսկ հայրենի հողը ծախու ապրանք չէ:
Հողը հայրենի է կոչվում, եթե իր մեջ ու իրեն խառնված՝ անհիշելի ժամանակներից եկող նախնյաց մասունքներ է ամփոփում: Արցախի հողը իր գրկում նշխարած պահում է ոչ միայն նախնյաց, այլև իր ամեն մի ծեղի համար սրբազան պայքար մղած, կռված, կյանք տված հազարավոր հայորդիների արյուն և հիշատակ:
Հողը հիշողություն ունի: Հողը իր մեջ պահում է իր զավակների ապրած և չապրած կյանքերի հիշողությունները, որ զարմանալի մի երևույթականությամբ փոխանցում է ապրողներին, դարձնում նրանց հետ ներձույլ, ներթափանց…
Արցախցիները հազարամյակներով անխաթար պահում են նախնյաց հիշողությունը, հպարտ, հայրենի հողոտ, հայրենի քերծ ու ժայռոտ, Աստծո դուռը աղոթականչով բացող շքեղ հիշողությունը:
Արցախաբարբառ, մայրաձայն ականջականչերով այդ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ տերերից մեկն էլ ես եմ. սիրում եմ նրա՝ ինձ հետ տարիք առնող մտերմությունը և սիրտս արցախցի պահող, ոգիս լեռնոտված պահող նրա շքեղությունը:
Աստված ինձ օրհնել և առատապես պարգևատրել է՝ մանրանկարելով իմ հորոտ-մորոտ հիշողությունների մատյանը իր ունեցած բոլոր շքեղ գույներով: Իմ հիշողությունները արցախաբարբառ են, հորոտ-մորոտ են. Արցախոտ են: Իմ հիշողությունների մատյանը երփնոտված է: Էջերն ինձ հետ տարիք են առել, բայց չեն ծերացել. Ոչ էլ ծերանալու միտք ունեն. մնացել են մանկությանս ու պատանությանս տարիների գույներով, նույն հանդոտված, քերծ ու ձորոտված ծաղկահոտ էջերն են, ու էդ էջերում նախշուն պատմությունների կողքին թախծող ու տխուր պատմություններ էլ կան… ու քիչ չեն: Որ հիշողություններիս մատյանի էջերը տարիք ունեն, երևում է նրանց շքեղությունից:
Ես սիրում եմ Աստծո դուռը աղոթականչով բացող այդ շքեղությունը, որ արյունս հայեցի է պահում, սիրտս արցախցի է պահում, ոգիս՝ մասիսոտված ու քիրսոտված:
Այդպես է: Աստված ինձ Արցախա կավից է հունցել, արցախաջրով խմորս շաղել, Հայքի երկնքով աշխարհս գծել, նաիրյան արևը հոգուս մեջ դրել… ու ասել՝ ստեղծեցի. դե ապրի՛ր քո աշխարհում, աշխարհիդ հետ, աշխարհիդ պես…Ասել է՝ ապրի՛ր երկերես դիմակների տակից աշխարհիդ վրա թույն թափող դիմակավորների կողքին, բայց չգայթակղվես, դիմակ չդնես. հանելն անկարելի կլինի:
Եվ այսպես: Ապրում եմ իմ Հայքյան հայրենիքում, որի չքնաղ նահանգներից մեկի գրկում ծնված լինելու պատիվն ունեմ, որի հողում նշխարված, այդ հողի համար արյուն ու կյանք տված հարազատներ ունեմ և համոզված եմ՝ նախապապեր եմ ունեցել Արգիշտի արքայի բանակի արցախյան հեծելազորի շարքերում կռված, ինչպես և՝ Սարդարապատի ճակատամարտում հաղթանակ կռողների շարքում: Հայքյան Հայաստանի որ քաղաքում, որ գյուղում էլ ապրելիս լինի արցախցին, նա իր հայրենիքում է, իր ապուպապերի արյամբ թաթախված հողի վրա: Եվ նույնքան տեր է հայոց հայրենիքին, ինչքան որ իրենց տեր են զգում այսօրյա Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրեցիներ:
Եվ ի հավելումն. ազերահպատակ արցախցիները քաղցր ու գունառատ կյանքից ու լավ օրից չեն հայտնվել այստեղ-այնտեղ. պետք չէ արցախցիներին դավված ու վաճառված հայրենի եզերքի արդեն իսկ գոյություն չունեցող ճանապարհը ցույց տալ:
Միևնույն է, այս պատմությունը սարդարապատներ դեռ շատ է ունենալու, և հաղթանակները կերտելու են Հայքյան Հայաստանի բռնցքված որդիերը, իսկ ձեռքը բռնցքվում է, երբ բոլոր մատները տեղում են:
Զուխրա Երվանդյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ