Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է: Ձեզ ենք ներկայացնում Ռուբեն Զարյանի հուշերից մի փոքրիկ հատված:
Ուշ ծանոթացա հետը, 1940-ին միայն, կարծեմ ապրիլի 30-ին: Այդ օրը հրավիրված էի Պոլիտեխնիկական ինստիտուտ` Աբովյանի մասին զեկուցում կարդալու: Հրավիրված էր նաև Արուս Ոսկանյանը, զեկուցումից հետո հանդես էր գալու գեղարվեստական ասմունքով: Այդ ինստիտուտում մի երկու-երեք անգամ եղել էի և համոզվել, որ ուշադիր և հետաքրքիր մի լսարան է, որի համար արժե խոսել: Երբ եկա զեկուցման, Արուս Ոսկանյանն արդեն այնտեղ էր: Ինձ ներկայացրին նրան: Ես շտապեցի ասել, որ իր արվեստի երկրպագուներից եմ:
_ Շատ ուրախ եմ:
Ժպտաց և անմիջապես փոխեց խոսակցության նյութը:
_ Որքա՞ն եք խոսելու:
_ Մի ժամ կամ գուցե մի փոքր ավելի:
Բայց ես ոգևորվեցի ու իմ զեկուցումը տևեց երեք ժամ: Ընդմիջմանը մեղավոր տեսքով մոտեցա դերասանուհուն: Արուսը թեև ժպտում էր, բայց կապույտ աչքերի մեջ կշտամբող հայացք կար:
_ Այս ի՞նչ արիք, այդքան խոսել կլինի, սպասելուց հոգնություն իջավ վրաս: Ես հիմա ինչպե՞ս բեմ բարձրանամ, անաստված:
Ես շփոթված էի ու չգիտեի` ինչ ասել: Մեղավոր լռությամբ կանգնել էի նրա առաջ: Չգիտեի ինչպես արդարանալ և ինձ մատուցված ծաղկեփունջը մեկնեցի իրեն:
_ Ի՞նչ անեմ, ներե՞մ…
Նա շարունակում էր ժպտալ, և այլևս կշտամբանք չկար նրա աչքերի մեջ…
_ Երիտասարդ եք, ընկեր Զարյան և ինձանից ձեզ խրատ. միշտ հիշեք, որ երկար խոսքը հագեցում է առաջ բերում. պետք է կայծը ձգել ունկնդիրների սրտերի մեջ ու, չսպասելով, որ հանգչի, ամբիոնից հեռանալ: Նրանք դեռ ուզում են լսել, իսկ դասախոսը վերջացրել է արդեն: Երբեք չպետք է կշտացնել, պետք է կարոտի մեջ թողնել:
…Ասաց ու գնաց: Ես երկար մնացի տեղում գամված: Ես երջանիկ էի այդ պահին, երջանիկ սիրելի դերասանուհու հետ ծանոթանալուս, նրանից կշտամբվելուս համար, ճիշտ խորհուրդ լսելուս համար, որին, ավա՜ղ, այդպես էլ չկարողացա հետևել…
1940-ի ամռանը հանգստանում էի Սևանա կղզում: Այնտեղ էր նաև Արուս Ոսկանյանը: Հիշում եմ` շատ լավ էր լողում, ասես ձուկ լիներ: Նա և Վաղարշ Վաղարշյանի կինը մրցում էին իրար հետ: Թեև Քռի ափին մեծացած` լողալ չգիտեի: Նայելով Արուսի և Աղավնի Գասպարովնայի թեթև ու հանգիստ լողին` կարծեցի, թե մի դժվար բան չէ, ու ինձ գցեցի ջուրը: Խեղդվելու վրա էի, Արուսը վրա հասավ ու ջրից դուրս բերեց ինձ: Նա ինձ հանդիմանեց վաղեմի բարեկամությամբ:
Այդ օրվանից նա ինձ հետ խոսում էր դու-ով:
(Ռ. Զարյանի «Հուշապատում» գրքից)
Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ