Այսօր թատերագետ Վարսիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
Դու՝ դերասան, մաման՝ թատերագետ: Աչքս բացել ու տեսել եմ թատրոն, բեմ, վարագույր, կուլիսներ, գրիմանոց, շնչել թատրոնի հոտը, որ երբեք չես շփոթի ոչ մի ուրիշ տեղի հետ: Թատրոնն ինձ համար հար եւ նման էր իմ տանը: Մամային միշտ էլ շատ հեշտ էր «ֆռռացնելը»: Հիշու՞մ ես, ինչպես էի ձմռան, ավելի ճիշտ, Նոր տարվա համար սարքվող ընկույզով սուջուխի վերջը տալիս, երբ մաման այն կախում էր չորանալու: Այնքան միամիտ էր, որ տակը հատուկ լուցկու չոփով կապում էր ու ինձ էլ ցույց էր տալիս՝ ասելով. «Եթե ուտես, ես անմիջապես կիմանամ այս չոփից»: Իսկ ես հմտորեն հանում էի այն եւ տակից մի կտոր ուտելուց հետո՝ նորից կապում: Մի անգամ, մաման շատ երկար նայեց և կասկածանքով հարցրեց. -Լուցկին տեղում է, բայց ինչու՞ է օր օրի սուջուխը կարճանում: Դու (Զարեհ Տեր-Կարապետյանը՝ հայրը) արագ նայեցիր ինձ ու անմեղ տեսքով պատասխանեցիր. -Որովհետեւ չորանում է, դրա համար էլ կարճանում է: Մամային բացատրությունդ բավարարեց, նա նույնիսկ գովեց քեզ, թե որքան շատ բան գիտես, մինչդեռ ինքը հասարակ բանը չի հասկացել: Այնուամենայնիվ, սուջուխը որոշեց խորը թաքցնել: Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, պատկերացու՞մ ես, հիմա մաման կարդա գրածս ու հետին թվով որոշի պատժել:
Լուսանկարում — Զարեհ Տեր-Կարապետյանը կնոջ՝ Վարսիկ Գրիգորյանի հետ Հատված Հասմիկ Տեր-Կարապետյանի «Նամակ հայրիկիս. հասցեն՝ դրախտ» գրքից:
Զարեհ Տեր-Կարապետյանի ֆեյսբուկայն էջից