ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ՕՎԿԻԱՆՈՍ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
Երկրագնդի այս մասում, ուր շարժումը առավելագույնի է հասել, ուր շենքերը միտում են դիպչել երկնքին` մարդկային այս խառնարանում դեգերում է հայաստանցի մի Հարցական: Հարցականը թող հատուկ անուն դառնա, քանզի այն հայալեզու մտավորականի ամենաբնորոշ գոյավիճակն է այսօր: *** Հարցականի հայեցի ականջները` ականորսի հատկություն ձեռք բերած, արձագանքում են միայն հասկանալիին: Թեպետ Լոս Անջելեսը լեզվախառնարան է, իսպաներենը իր տակն է առել Բրոդվեյը: Եվ ոչ միայն փողոցն Է խոսում, այլև սփռվում է մեքսիկական երգը, և ահագին երկնաքերներ ոչինչ անել չեն կարող իրենց անգլոսաքսոն հզորությամբ: Թվում է, ահա, ուր որ է, իսպաներենը պիտի ձայն տա վերին հարկերից, իսպաներենի արանքում, գոնե Բրոդվեյում, անգլերենն է ալիք տալիս… Չինարենն է տեղատվության և մակընթացության մեջ… Ու այս լեզվախառնարանում երբեմն-երբեմն հայերենի փսփսոցն է Հարցականի լսողությանը հասնում. մի տեղ` փոքր-ինչ բարձր, մի տեղ` որբավարի… Արևմտահայերենն ու պարսկահայի երկարաձգվող ձայնավորը, բաքվեցու ռուսերենը և, վերջապես, երևանցու խոսքը… Հայաստանցու խոտոր, պարտադրված անգլերենի կողքին հայերենը նրա տնավարի զրույցն է, հոգու հանգիստը: Բայց խոսողների քայլքը երկչոտ չէ… Երևանի «խառոշ» տղերքն են, որ Հայաստանի մի պատառն են բերել Բրոդվեյ: Ամեն ինչից երևում է, որ նրանցից և ոչ մեկը հոմլեզ չի դառնալու, մուրացկանություն չի անելու: Կարելի է կանխատեսել, որ նրանցից ոմանք մեծ բիզնեսով կզբաղվեն, կմտնեն քաղաքականության ոլորտը, որտեղ աշխարհի բախտն է ուղղություն ստանում, որի մեջ է իրենց հայրենիքը, ավելի հասարակ` ծննդավայրը, և չեն մոռանա նրա մասին: Նոր հայաստանցիների ճամփան ավելի կարճ է, քան առաջին գաղթականների, որոնք փախչում էին օսմանյան սրից, և երկար ժամանակ էր պետք, որ դուրս գային իրենց արյունոտ շապիկի միջից, կազմեին համայնք և հավաքվեին եկեղեցու շուրջը: Նորերը 88-ի շունչն են կրում: Սկիզբն ուրիշ է, ժամանակը` ուրիշ: Ճամփան` մի այլ բանի համար: Նրանք գալիս էին նվաճված քաղաքակրթության կենտրոնը, և նրանց փախստական անվանելը մեղք է: Նրանք ինչ-որ բանով նման էին Ամերիկայի առաջին պիոներներին, որոնք ոսկու և ազատության համար էին գալիս, իսկ մերոնք, ավա՜ղ, թերևս` բարեկեցության: Երևույթը բնական է, հասկանալի. ճապոնացին է այստեղ գալիս, և՛ գերմանացին, և՛ ֆրանսիացին: Եվ ազգային ամբիոնից դատափետելը կենսահաստատ բանականությունից դուրս է: Իհարկե, եթե չլիներ մի հանգամանք: Այդ հանգամանքի մասին երկմտանքը ես` Հարցականս, կառաջաբանեմ մի, ինձ համար բանաձևանման, մտքով: Հրեան քանդվում է արտաքնապես՝ ներսում պահպանելով իր անիմանալի ազգային խորհուրդը, հայը` պահպանելով իր արտաքինը, քանդվում է ներսից: Իսկ ներսում գտնվում է իր նախագոյը, որը իր պապերն են և իր երեխաները, թոռներն ու ծոռները, մեծ հաշվով` իսկական ինքը: Եվ միայն Մեծ Մարմնով կարելի է մտնել նեղ դռան միջով անվերջանելիություն: Լոս Անջելեսը, այս աղմկոտ փողոցները, այս առարկայական լիությունը ևս կվերջանան, երկնքի չափերով` շատ շուտ, և պետք կլինի այստեղից ևս մեկնել լույսի տիրույթ… Բրոդվեյի ոսկերչական խանութների փայլի տակ մեծամասամբ հայեր են: Հուսով ենք, որ մամոնան կուլ չի տա նրանց: Քանզի գերեզմանը, միևնույն է, փայլ չունի, և Աստծո մոտ ասեղի անցքով անցնելու հարկ չի լինի: Հայությունը տակավին պահպանած հայերը և, հատկապես, նոր հայաստանցիները դեռ երկար ժամանակ պիտի կարոտախտից տառապեն, բնական է… Նրանց մի բան է մնում` դեպի Հայաստան ճանապարհը (ես չեմ հանդգնում ասել անիրական բառը` վերադարձ) հեշտ լինի և Հայաստան ասելու և կարոտելու փոխարեն հայություն ասեն և կարոտեն իրար: Ահա այստեղ է, որ ես ինձ մխիթարում եմ ապագայի հարցով և ինքս ինձ, մի քիչ խեղճացած, մի քիչ ուտոպիայով տարված, նեղ վիճակից դուրս պրծնելու ճիգերով երկբայում եմ` «Ծովից ծով Հայաստա՞ն, թե՞ օվկիանոսից օվկիանոս Հայություն»: Եվ ձեզ եմ ներկայացնում այս լավատեսական երկմտանքը, քանզի ուրիշ ելք չունեմ, ես` ոչ քաղաքական գործիչս, Հարցականս, որ իմ նախնիներից շատերի նման, հայկական տառապանքի ծուղակն եմ ընկել և միջոցներ եմ փնտրում դուրս պրծնելու համար: Եվ որ այսօր հետապնդում եմ պարանոյա դարձած ցանկությունս, քանզի դա է միայն մնում իմ ուտոպիայի համար. հայը չպետք է քանդվի իր ներսում:
Աղասի ԱՅՎԱԶՅԱՆ