«Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները». Անրի Վերնոյ
Սկիզբը՝ «Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
Առաջին քորը գրգռեց վզիս թե դեմքիս ինչ-որ մաս, բայց բնական պաշտպանության ռեֆլեքսը ստիպեց մեքենայաբար քորելու խայթի կետը, առանց քունս խանգարելու։ Քնած տեղս կծկված, միանգամից զգացի բազմաթիվ, ավելի գրգռիչ խայթեր և արթնացա։
Կիսամութի մեջ,— լուսամփոփի վրա սրբիչ էին գցել, անտարակույս, ինձ չարթնացնելու համար,— ես զանազանեցի իմ ներքնակին խոնարհված մայրիկիս, Աննայի և Գայանեի կերպարանքները։ Հետո մոտեցավ հայրս, մի փոքր դույլով ջուր բերեց դրեց հատակին։
– Մի վախենա… բան չկա։
Ահա այդ պահին քնատ աչքերս նկատեցին առաջին գազանին։ Սուրճի մի հատիկի չափ, բայց կարմիր, նոր ներծծած արյունից ուռած, դանդաղ առաջանում էր իմ սպիտակ սավանի վրայով։ Հայրս մի սպիտակ թուղթ դրեց նրա ճանապարհին, սա բարձրացավ վրան, հայրս թուղթը շրջեց դույլի վրա, գազանը ընկավ ջուրը, խեղդվեց: Ահա, սա է, որ կոչվում է փայտոջիլ, որին ոչ մի դեպքում չէր կարելի ճզմել, թե չէ սավանի վրա կմնար արյան հետք և կտարածվեր գարշելի հոտ։
Բայց փայտոջիլը միայնակ մակաբույծ չէ։ Գիշերային այդ փոքրիկ արյունախումների մի ամբողջ հորդա էր ներխուժել մեր անկողինները։ Երկտակված, մի-մի կտոր թուղթ ձեռքներիս, բոլորս մասնակցում էինք այդ անսովոր, անվերջանալի որսորդությանը։ Պարազիտաբանության իմ դասերը սկսվեցին այդ գիշեր, գործնական պարապմունքով։ Ես մոտիկից տեսնում էի բոլոր այդ արյուն ծծողներին, որոնք վեց թաթերը հավասարապես շարժելով՝ սնունդ էին փնտրում մարդկային մաշկի վրա, չցանկանալով սնունդի այլ միջավայր։ Իրենց զգայական օրգանի միջոցով շոշափում էին մաշկի մակերեսը, հայտնաբերում իրենց ախորժակին հագուրդ տալու հարմար տեղ։ Ապա բերանի պոմպը ծակում էր և ներքաշում արյունը։ Այդ ծակոցի և ներքաշման ընթացքը լինում էր առանց ցավի, և նրանք կարողանում էին չքանալ առանց ենթարկվելու իրենց զոհի անմիջական վերաբերմունքին։ Քորը սկսվում էր մի քանի վայրկյանից հետո, արթնացնելով քեզ և մաշկիդ վրա թողնելով բլիթներ, որոնք անցնում էին հաջորդ առավոտյան։ Բայց իր արյուն-ճաշից գերսնված, տռզած արյունարբուն այնքան դանդաղ և անճոռնի էր շարժվում, որ կարելի էր նրան վերցնել, ոչնչացնել, ապա մի կերպ քնել, մինչև երկրորդ խումբը գար՝ կնճիթները մեկնած, գրոհի պատրաստ։
Քանի որ փայտոջիլի գործունեությունը բացառապես գիշերային է, իրենց օրը նրանք անց են կացնում պատի ճեղքերում, կահույքի, մահճակալների անկյուններում թաքնված և ամենաչնչին փոսիկն անգամ կարող է պարունակել հարյուրավոր անիծներ, որոնք պատրաստ են բացվելու։ Փայտոջիլը բազմանում է ապշեցուցիչ, անկասելի արագությամբ։
Եվ ամեն գիշեր, հակառակ մեր անկողինների շուրջը դրված բոլոր խոչընդոտներին, այդ արյունախումները միշտ ներկա էին, ներկա էին իրենց առօրյա րնթրիքին։
Դեղանյութերի խանութում, լեզու չիմանալու պատճառով «հակափայտոջիլային» դեղամիջոց ձեռք բերելու համար ստիպված եղանք շարժումներով նկարագրել փայտոջիլը։ Վաճառասեղանին իջած մեր հինգ մատները պատկերում էին առաջացող գազանիկի ոտքերը։ Ոչ, մրջյուն չէր… Ուտիճ էլ չէր։ Երբ սկսեցինք քորել մեր մաշկը, որ նկարագրենք քորը, վաճառորդը մեզ առաջարկեց «հակամժեղային» միջոց։ Հարկ եղավ մերժել նաև ճանճի թուղթը, «հակաոջիլային» լուծույթը և սարդ ոչնչացնող փոշին։ Վերջապես, երբ ճշտվեց միջատի տեսակը, պարզվեց, որ դեղամիջոցը ազդում է միայն ողջ և «քայլող» փայտոջիլի վրա, իսկ պատի պաստառների տակ կամ կահույքի ու մահճակալների ճեղքերում դրված անիծների վրա ոչ մի ազդեցություն չի գործում։
Դրանց բնաջնջման համար խորհուրդ տվեցին դուռ-լուսամուտ ամուր փակել, ամեն տեղ առատորեն ցանել ծծմբափոշի և առնվազն վեց օրով հեռանալ սենյակից։
Հեռանալ սենյակից, ո՞ւր գնալ։
Մանավանդ, խոսք լինել չէր կարող տանտիրուհուն բողոքելու մասին, նա այնպես հպարտ էր իր տնով ու իր «բնակիչներով»։ Աննա մորաքույրս ճիշտ եզրակացրեց․
– Կասի՝ սրանք հայկական փայտոջիլներ են, դուք եք բերել։
Այս գիշերային մղձավանջը տևեց, որքան գիտեմ, երեք երկար ու ձիգ ամիսներ, մինչև ուրիշ բնակարան տեղափոխվելը։
Տարիներ անց, այս կապակցությամբ ունեցած հիշողություններս ինձ վարձահատույց եղան դպրոցում։ Մեր ուսուցիչը միապաղաղ ձայնով թմրած դասարանին պատմում էր կիսակարծրաթևերի և տարաթևերի մասին։ Եվ, անշուշտ, իր պատանի լսարանը արթնացնելու համար, ամպրոպաձայն գոռաց․ – Ո՞վ կարող է գրատախտակին նկարել cimex lectularius, որ հասարակ կոչվում է փայտոջիլ։
Զարմացած դասարանի առջև ես վեր կացա տեղիցս և գնացի ուղիղ դեպի գրատախտակ։ Սպիտակ կավիճիս տակ, սև գրատախտակի վրա հայտնվեց մակաբույծը բոլոր մանրամասնություններով և դպրոցական օրագրիս մեջ բերեց տասնութ թվանշան քսանի վրա, որը վաստակել էի արյան գնով:
Անրի Վերնոյ «Մայրիկ»