Հուշի պատառիկներ. այսօր Համո Սահյանը կդառնար 100 տարեկան
1974 թ. Սյունյաց աշխարհը մեծ շուքով նշել էր իր մեծի` Համո Սահյանի 60- ամյակը: Ես ներկա չեմ եղել, այդ տարիներին ուսանող էի, միայն տարիներ հետո իմացա, որ Սահյանը հոբելյանական հանդիսության շնորհակալական իր խոսքում խնդրանքով դիմել էր հայրենակիցներին. «Վահագնը 60 տարեկան կլինի 8 տարի հետո: Եթե ես չհասնեմ այդ օրվան, այսօրվա խնդրանքս ընդունեք իբրեւ կտակ, հրավիրեցեք նրան այստեղ, եւ նշեցեք իր ծննդյան 60-ամյակը` առավել շուքով, որպեսզի նա թեկուզ մեկ օրով մոռանա կորստի մորմոքն իր ծննդավայր Արաբկիրի…»:
1982թ. ամռանը, Համո Սահյանի կտակի համաձայն, Սիսիանի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի ջանքերով, մեծ շուքով նշվեց Դավթյանի 60-ամյակը` Երեւանից ընդունելով հարյուրավոր հյուրերի, որոնց մեջ էին գրչակից համարյա բոլոր ընկերները, նկարիչներ, երգիչներ, մտավորականներ: Մեկ շաբաթ առաջ Համո Սահյանն արդեն Սիսիանում էր: Հոբելյանական հանդիսությունից երկու օր առաջ գնացինք եւ իջեւանեցինք այն նշանավոր տանը, որտեղ Համո Սահյանը օրեր, ամիսներ էր անցկացնում… Հաջորդ առավոտյան մտա հյուրասենյակ. երկու ընկեր` Համո Սահյանը եւ Վահագն Դավթյանը քարի պես լուռ նստած էին. ես գիտեի, որ նրանք լուռ զրուցել էլ գիտեին…Ես այս տողերով ողջունեցի նրանց.
…Դու լռել ես քարի պես, իսկ ես նայել եմ թաքուն
Եվ աչքերիդ չհասած արցունքները նշմարել…
-Սիլվա՛, երեկոյի ընթացքում չմոռանաս Սվետայի բանաստեղծությունը կարդալ,- ասաց Համո Սահյանը:
-Ո՞ր բանաստեղծության մասին է խոսքը,- զարմացած հարցրի:
-Վահագնի գրածը, հիմա որ տողեր էիր ասում, ո՞նց է` Վահագնը դեռ չի պատմել քեզ.- ասաց Համո Սահյանը ու սկսեց պատմել. «Մի օր մեր Սվետան (Սվետան Համո Սահյանի երկրորդ կինն էր, ի պատիվ նրա` իրենց 20-ից ավել ապրած համատեղ կյանքում հրաշալի հոգ տարավ ամուսնուն) կարդացել էր Դավթյանի հոդվածը, որ գրել էր մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանի մահվան առիթով: Ասաց` Համո, էդ ո~նց է գրում Վահագն Դավթյանը, համ լացդ է գալիս, համ էլ մահն ես սիրում, այնպես պիտի անես, որ Վահագնից շուտ մեռնես, ամենից լավ ինքը կգրի քո մասին: Ասի` օր առաջ ինչի՞ ես ինձ թաղում, ա՛յ Սվետա, դե կատակում էր, պարզ է: Անմիջապես զանգեցի Վահագնին, թե մի լսիր մեր Սվետան ինչ է ասում, ասում է, Համո՛, Վահագնից շուտ մեռիր, որ դամբանականդ ինքը գրի: Վահագնը, թե` Համո՛, քո մասին հոդվածներ շատ ունեմ գրած, ասա Սվետային, հիմա անդրադարձա, որ քեզ նվիրած բանաստեղծություն չունեմ, դու կարծեմ` մի երկուսն ունես ինձ նվիրած»: Համո Սահյանը շարունակեց. «Հաջորդ առավոտյան Վահագնը զանգեց ու հեռախոսով կարդաց ինձ նվիրված մի հրաշալի գործ… լսափողը ձեռքիս աչքերս լցվեցին, Սվետան նկատեց, անհանգստացավ, չլինի` թե առավոտ կանուխ վատ լուր եմ առել, ասի` հակառակը, մի լավ բանաստեղծության ծննդին մատդ խառն է եղել, Սվետա՛, Վահագնը ինձ մի լավ բանաստեղծություն է նվիրել` քո քավորությամբ…»: Վահագն Դավթյանը լսում էր այս պատմությունը եւ քթի տակ անվերջ ծիծաղում, ասաց` իսկապես, երբեմն պահի ոգեղեն ներշնչանքը այդքան էլ էական չէ, լավ բանաստեղծությունը ծնվում է նաեւ կենցաղային, աննշան թվացող, պրոզայիկ երեւույթներից: Հետագայում տարբեր առիթներ եմ ունեցել իրենց ներկայությամբ հնչեցնել այդ բանաստեղծությունը: Միշտ կատակով ասել են` չմոռանաս «Սվետայի բանաստեղծությունը»: Ակամա սովորել էի բանաստեղծության այդպիսի «կոչմանը», եւ միայն վերջերս նկատեցի, որ վերնագիրը «Տագնապ» է.
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ
Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել,
Ու թախիծն է կաթկթել, որ մաքուր էր որպես ցող,
Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել
Ես` իմ աշխարհը կորած, դու` քո աշխարհը կորչող:
Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի,
Եվ սիզախոտը այրված ինչ թանկագին է բուրում,
Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի,
Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում:
Վանք է եղել ավերակ, չորացած հուն ու ակունք,
Ու եղինջները կարծես բոբիկ ոտքերդ են վառել,
Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն
Ու աչքերդ չհասած արցունքները նշմարել:
Ո՞ւր են տանում, չգիտեմ, արահետներն այս քարոտ,
Բարդիներն այս արծաթե ո՞ւր են այսպես հեռանում…
Այնտեղ շրջում է անվերջ թափառական մի կարոտ,
Ծխանի հոտ, հացի հոտ, ուրցի հոտ է որոնում:
…Ես չգիտեմ, մեզանից ո՞վ պիտի շուտ հեռանա
Դեպի եզերքն անհայտի, ուր տառապանքն է լռում,
Բայց մեզնից մեկը, գիտեմ, պիտի կրկին որբանա,
Ես` աշխարհում իմ կորած, դու` քո կորչող աշխարհում
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուկյան գրառումներից