ՏԱՐՐԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՖԵՏԻՇԻԶՄ) ԿԱԲԱՐԴԻՆԱԿԱՆ (ԱԴԻԳՆԵՐԻ) ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ադիգների կրոնն իրենից ներկայացնում է մի բարդ ու բազմամակարդակ համաձուլվածք, որը ձևավորվել է միաստվածային կրոնների հետ երկարատև փոխներթափանցումների արդյունքում, բայց որի հիմքը դիցաբանության տեսքով հանդես եկող հեթանոսությունն է:
Ադիգների նախամիաստվածային կրոնական գունագեղ պատկերացումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում տարրապաշտությունը:
ԿՐԱԿ: Ադիգները տարբերակել են կրակի մի քանի տեսակ: Ամենասրբազանը համարվել է ամպրոպի աստված Շիբլեի կողմից տրվող երկնային կրակը: Կայծակից մահանալը աստվածային բարեհաճության նշան էր, և բոլոր այն առարկաները, որոնց հարվածում էր կայծակը, դառնում էին պաշտամունքի սրբազան առարկաներ: «Կենդանի կրակ» կարող էր ծնվել նաև շփումից. շատ ծիսակատարություններ կարելի է հանդիպել, որտեղ ընդունված էր օգտագործել միայն այս եղանակաով ստացված կրակ:
Կրակին վերագրվում էին մաքրագործող, չար ուժերից պահպանող հատկություններ: Կրակին մատուցվող զոհաբերությունը կոչվել է мафIэащхьэтыхь: Կրակին հարկավոր էր զգույշ և հարգանքով վերաբերվել (վարքային տաբու): Կենդանի կրակի ծխով ադիգները մաքրվում էին և պաշտպանում իրենց անասնահոտը համաճարակներից: Իսկ կրակի գույնի, բոցի ուղղության միջոցով կատարվում էին գուշակություններ:
ՕՋԱԽ: Այս պաշտամունքը սերտորեն կապված է կրակի պաշտամունքին: Օջախի գաղափարը շատ կարևոր դեր է խաղացել ընտանեկան, կենցաղային և ցեղային կարգուկանոնի ձևավորման գործում: Օջախը և օջախի շղթան ծառայել են որպես ընտանիքի բարօրության խորհրդանիշ: Ըստ այդմ՝ ամենասարսափելի անեծքը հետևյալն էր. «Թող օջախիդ կրակը մարի»: Օջախին նվիրված ծիսական արարողությունների ժամանակ կենացներ էին հնչում ի պատիվ կրակի, որից հետո թեժացնում էին կրակը սրբազան ըմպելիքի կաթիլներով կամ օջախի եզրերը օծում յուղով:
ՔԱՐ: Ադիգների դիցաբանության մեջ քարի պաշտամունքի ամենախտացված դրսևորումը նարտ Սոսրուկոյի ծնունդն է քարից: Սոսրուկոյի համար քարը հակասական խորհրդանիշ է, իմա՝ և նրա մայրական ծոցը, և մահվան պատճառը: Այսպիսով, քարը և կյանքն է, և մահը, և բարին, և չարը: Քարը, ինչպես բնության մեջ ամեն ինչ, շնչավոր է. քարի ու մարդու միջև չկա անանցանելի սահման, նրանք փոխմարմնավորվող են: Եվ ինչպես որ մարդը կարող է քարանալ, այնպես էլ քարը կարող է վերածվել մարդու: Արտասովոր տեսք կամ գույն ունեցող քարերը և իհարկե մենհիրներն ու դոլմենները դարձել են երկրպագելի ֆետիշներ: Այդպիսին էր «Դըգուլիբգ» քարը, որը գտնվում էր Զայուկովո գյուղի վերին մասում (Կաբարդինո-Բալկարիա): Հնագույն ժամանակներից այն պաշտամունքային վայր է եղել, որտեղ ծիսապարերով ուղեկցվող զոհաբերություններ են կատարվել (այստեղ նկատելի են օրգիական պաշտամունքի արձագանքներ, թեև վերջինս հատկանշական չէ պատմական շրջանում ադիգների մշակույթի համար):
«Դըգուլիբգ» անվան ստուգաբանությունը հայտնի չէ: Հետաքրքիր է, որ Զատկի օրը ընդունված է եղել երեք դեմքերի պատկերով հաց թխել և անվանել «Դըգուլիբգ»:
Ազգային աղետների ժամանակ ժողովուրդը քարերի վրա ջուր է լցրել: Քարը պաշտպան թալիսմանի դեր է կատարել: Նարտերի էպոսում հիշատակվում է աննկարագրելի ծանրության սրբազան «абрэ мыва»-ն, որով զվարճանում էին նարտերը իրենց խաղերի ժամանակ: Այս քարով էին փակում հանդերձյալ աշխարհի դուռը և դոլմենները, քանի որ տիտանական ուժ էր հարկավոր այդ քարը տեղաշարժելու համար:
Պաշտամունքային քարերով երդվել են: Հատկապես գնահատվել է կայծքարը՝ որպես ամենից ամուրը քարերի մեջ և երդման հաստատուն ու ամուր լինելու խորհրդանիշ: Ազգագրության մեջ հաճախ է հանդիպում Ուաշխոյին (երկնքի աստվածություն) և կապույտ քարին (ծագումն անհայտ է) ուղղված սրբազան երդում:
Քարի պաշտամունքը սերտոորեն կապված է լեռան և Կուրշի-Տխայի պաշտամունքին: Յուրաքանչյուր տարի Էլբրուս (Օշխամախո) լեռան գագաթին հավաքվում է աստվածների խասան, որին հրավիրվում են նաև նարտերը: Այնտեղ են որոշվում աշխարհի և մարդկանց ճակատագրերը:
Էպիկական հիմնական իրադարձությունները կապվում են “Խարամա Լեռան” հետ: Նրա սրբազան գագաթին կարող էին հասնել միայն աստվածներն ու ազնվագույն նարտերը:
ՋՈՒՐ: Ջուրը, որպես աշխարհի հիմքերից մեկը, նշանակալի դեր է խաղում ադիգների դիցաբանական և դիցա-էպիկական մտածողության մեջ: Ջրի տարերքը կապվել է և իգական, և արական սկիզբների հետ՝ Խը-Գուաշա, Ախըն, Կոդես, Փսըխո-Գուաշա, Փսը-Տխա, Բլյագո, Կոտլբաստ: Ջրային հրեշը մշտապես հանդես է գալիս մշակութային հերոսին ընդդիմադիր դիրքերում: Նրան զոհեր էին մատուցվում, քանի որ նա փակում էր խմելու ջրի ճամփան: Պաշտամունքի վերափոխումը ընթացել է կենդանակերպից դեպի մարդակերպ: Բլյագոն, որպես ջրային տարերքին կապված կենդանակերպ արարած, ներկայացնում է պաշտամունքի համեմատաբար հին շերտ: Նրա կերպարին փոխարինելու է գալիս սարսափազդու և անկուշտ պառավի կերպարը, որը Բլյագոյի նման մարդկային զոհեր էր պահանջում: Համեմատաբար ավելի ուշ մշակութային շերտում, որը նախորդել է քրիստոնեության ընդունմանը, ջրային տարերքը մարմնավորվում է երիտասարդ գեղեցկուհու տեսքով, թեև պահպանելով երբեմնի երկակիությունը: Որոշակի շրջանում մարդկային զոհաբերություններին փոխարինող այլընտրանքներ են երևան եկել: Ջրային տարերքը հակասական է, ինչը դրսևորվում է նաև «ջրային» դիցարանում: Ջուրը հանդես է գալիս որպես մի քանի գործառույթների կրող՝ բուժիչ, մաքրագործող, կենարար, բայցև կործանարար:
Ադիգների նախնիները երկրպագել են Ազովի և Սև ծովերը, որոնց անուններով անգամ երդվել են: Ջրի և կրակի մաքրագործող և բուժիչ հատկությունների հանդեպ հավատն է ընկած Սոսրուկոյի ծննդյան և կոփման առասպելի հիմքում. Թլեպշը կոփում է նորածին նարտին՝ յոթ անգամ ջրի մեջ սուզելով նրա հրաշեկ մարմինը:
Այդպես կաբարդինական բազմաթիվ ավանդություններում պահպանվել է «Կենդանի ջրի» միֆոլոգեմը Օշխամախոյի հետ առնչությամբ: Իսկ կովկասյան հանքային աղբյուրները, ըստ դիցաբանական-էպիկական գիտակցության, ծագել են ողջ-ողջ թաղված Սոսրուկոյի արցունքներից:
Ավելին՝ ջուրը լայնորեն կիրառվել է մոգական ծիսակարգում: Ջրի մեջ նետել են տարատեսակ փոքր առարկաներ (մետաղադրամ, գունավոր քարեր, ոսկե և արծաթե զարդեր ևն) և դրանց հետագծով գուշակություններ կատարել: Ջրի օգնությամբ կատարվել են եղանակային կանխատեսումներ, որոշվել նոր տան կամ առհասարակ բնակավայրի կառուցման վայրը:
Ջրի պաշտամունքի հետ են կապվել անձրև խնդրելու մի շարք ծեսեր՝
- «Խանցեգուաշա», որը նվիրված էր Փսըխո-Գուաշային (հմմտ հայկ. Աստղիկ դիցուհուն նվիրված Վարդավառը՝ իր ծիսական ատրիբուտիկայով),
- «псыхэдзэ»՝ երիտասարդ կնոջը ջուրը նետելը (այս երկու ծեսերը ջրի տարերքին մատուցվող երբեմնի մարդկային զոհաբերությունների հեռավոր արձագանքներն են),
- կայծակնահար եղած մարդու գերեզմանաքարից մի կտոր ջրասույզ անելը (ջրի և կրակի ուժային համատեղում),
- օջախը ջրով ցողելը:
ԾԱՌ: Ադիգների ոգեպաշտական պատկերացումների համախմբում ծառերի պաշտամունքը կարևոր տեղ է զբաղեցրել, որի վերապրուկները հասել են մինչև 20-րդ դարի սկիզբ: Պաշտամունքի մեջ դրսևորվում են համընդհանուր միֆոլոգեմներ՝ համաշխարհային ծառ, պտղաբերության ծառ, կենաց ծառ, բարու և չարի ծառ, համաշխարհային մարդ (Ժիգ-Գուաշա) ևն:
Ծառապաշտությունը շատ տարածված է եղել ադիգների ամենօրյա և ծիսական կյանքում, ինչը հիմք է տվել եվրոպական որոշ հեղինակների ադիգներին համարել դրուիդներ: Առանձին ծառեր, փոքրիկ պուրակներ և ամբողջ անտառներ համարվել են սրբազան վայրեր: Ադիգները կելտական դրուիդների նման նախընտրել են ծիսական արարողություններ կատարել դարավոր կաղնիների ծածկի տակ:
Ադիգների պաշտամունքային պատկերացումներում ծառերը տարաբաժանվել են բարի և չար ծառերի: Այդպես օրինակ՝ բոլոր պտղատու ծառերը բարի էին, ոչ պտղատուներից պաշելի էին կաղնին, հացենին, լորենին:
Ամենից շատ պաշտվել է հենց կաղնին և հատկապես այն պատճառով, որ կայծակը հարվածում էր այս ծառին:
Աղբյուրներ՝
- Шортанов А. Т., Адыгские культы, Нальчик, 1992,
- Шортанов А. Т., Адыгская мифология, Нальчик, 1982,
- Ахохова Е.А., Черкесская (адыгская) энциклопедия, Москва, 2003.
Սոսրուկոյի ծնունդը քարից
Սոսրուկո -կրակի պաշտամունք
Լիլիթ Միսակյան