Լեզուն և բանաստեղծությունը
Լեզուն հնչյունական, բառային և քերականական միավորների` որոշակի կանոններով և օրինաչափությամբ ձևավորված բազմաշերտ մի hամակարգ է, որից օգտվելով` մարդը կարողանում է խոսել, արտահայտել իր մտքերը:
Բանաստեղծությունը՝ որպես մարդկային խոսքի մի տեսակ, նույնպես կառուցվում է լեզվի «պաշարներով»՝ բառեր, դարձվածքներ, կաղապարներ: Սակայն արդյո՞ք այն ամենը, ինչ կա բանաստեղծական տեքստում, բացառապես լեզվական «հումք» է: Կարո՞ղ է բառերից կազմված ստեղծագործությունն իրականում այլ «շինանյութ» էլ ունենալ, որը չի երևում նրա արտաքին շերտում: Ի վերջո, ի՞նչն է տարբերում բանաստեղծությունը խոսքի մյուս տեսակներից, արդյո՞ք միայն տաղաչափությունը, որը, ըստ էության, դարձյալ լեզվական իրողություն է:
Երբ մի անգամ վերընթերցում էի իմ փոքրիկ բանաստեղծական գրվածքներից մեկը, հանկարծ տեսա, որ այն շատ հարմար օրինակ է՝ ցույց տալու համար լեզվի և բանաստեղծության ուշագրավ «հարաբերությունը».
Ճոճանի սպիտակ ծածկոցին
համրորեն ընկավ առաջին տերևը աշնան
դեղնականաչ…
Սա քնարական պատկեր է: Սակայն եթե այն դիտենք զուտ որպես լեզվական դրսևորում, կնշենք, որ գործ ունենք պատմողական հնչերանգի պարզ ընդարձակ նախադասության հետ, միայն թե շրջուն շարադասությամբ: Ուղղելով այն՝ կստանանք հետևյալը.
Աշնան առաջին դեղնականաչ տերևը
համրորեն ընկավ ճոճանի սպիտակ ծածկոցին:
Ահա: Լեզվական տեսանկյունից՝ նախադասությունը ճիշտ տեսքի է բերվել, բայց արդյո՞ք այն նույն գեղարվեստականությունն ունի, ինչ առաջին տարբերակում: Անշուշտ ոչ:
Ի՞նչ փոխվեց բանաստեղծության մեջ: Ձևային առումով՝ շարադասությունը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նույն «հնարքը» կիրառելի է նաև մյուս բոլոր դեպքերում: Հակառակը, մեկ այլ անգամ բանաստեղծական տողի ուժականությունը կարող է պայմանավորված լինել բոլորովին ուրիշ լեզվական եղանակի կիրառմամբ:
Ահա թե ինչու ես միշտ ասում եմ, որ գոնե ինձ համար՝ բանաստեղծելը ոչ թե լեզվական կանոնների կիրառումն է՝ մտքի գեղեցիկ արտահայտման նպատակով, այլ զարմանալի խաղը այդ կանոնների հետ՝ ապրումի պատկերման համար: Խաղ բառի և լռության միջև, առարկայի և շարժման, ձայնի և իմաստի միջև: Հենց այդ խաղը, կենդանի խաղն է այն շաղախը, որը, իրար հարաբերելով լեզվական միավորները, հյուսում է բանաստեղծությունը՝ միաժամանակ ինքը մնալով նրա արտաքին շերտից դուրս՝ որպես վերլեզվական երևույթ:
Այդ խաղն ինքը բանաստեղծությունն է, նրա բուն էությունը:
Նշան Աբասյան
12.04.2014 թ.