Պարսկական զորամասերի պարտությունը Օձ բերդաքաղաքում 602 թ.
(ԲԱԶՄԱՔԱՅԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ)
590-ական թթ. սկզբին տարածաշրջանում ձևավորված ուժերի հարաբերակցությունը նպաստավոր էր Բյուզանդիայի համար: Պարսկաստանում սկսված գահակալական կռիվների հետևանքով Մավրիկիոս (Մորիկ) կայսրը (582-602թթ.) հնարավորություն էր ստացել միջամտելու Պարսկաստանի ներքին գործերին: Բյուզանդական զորքի կազմում ռազմական գործողություններին մասնակցում է նաև Մուշեղ Մամիկոնյանի գլխավորած հայկական 15 հազարանոց զորաբանակը: Բյուզանդական բանակի օգնությամբ գահ բարձրացած Խոսրով Բ Փերվեզն (590-628թթ.), ի նշան «շնորհակալության», 591թ. պայմանագրով հրաժարվում է մի շարք տարածքներից, այդ թվում` Հայաստանի մեծ մասից: Մորիկ կայսերը հաջորդած Փոկասի (602-610թթ.) օրոք Խոսրով Փերվեզը, նախկինում կորցրած տարածքները վերականգնելու նպատակով, պատերազմ է սկսում Բյուզանդիայի դեմ: Պատերազմի սկզբում Խոսրով Բ արքան ձգտում է իր կողմը գրավել Տարոնի իշխան Մուշեղ Մամիկոնյանին, սակայն վերջինս մերժում է առաջարկն ու հավատարմորեն պաշտպանում է հայրենի սահմանները:
Ներխուժումը
602թ. պարսից արքան Տարոնի դեմ 30 հազարանոց բանակ է ուղարկում` Միհրանի գլխավորությամբ: Տարոնի բնակչությունն ամրանում է Մեղտի, Աստղունք (Աստեղունս) և Ողական ամրոցներում: Պարսիկները դաժան բռնություններ են սկսում, որոնց զոհ են գնում Սբ. Կարապետ (Գլակա, Իննակնյան) վանքում մնացած յոթ հոգևորականները: Օգնության համար Մուշեղ իշխանին է դիմում Սբ. Կարապետի վանահայր Թոդիկը: Տարոն արշավող պարսկական զորաբանակի դեմ ծավալված ռազմական գործողությունները գլխավորում է Մուշեղ Մամիկոնյանը: Բյուզանդիայից աջակցություն ստանալու հույս չունեցող արդեն զառամյալ իշխանը համարձակորեն գլխավորում է հայրենի հողը նվաճողներից պաշտպանելու գործը, սակայն զորքի ղեկավարումը հանձնում է որդուն` տաղանդավոր զորավար և հմուտ դիվանագետ Վահան Մամիկոնյանին, որին նա Տարոնի իշխան էր կարգել:
Առաջին փուլը
Հնարավորինս նվազագույն կորուստներով հակառակորդին ջախջախելու համար Վահանը բազմաքայլ գործողություն է իրականացնում, որը հարստացնում է մեր և համաշխարհային ռազմարվեստի պատմության հանրագիտարանը: Պարսկական մեծաթիվ բանակը ջախջախելու համար Վահանը նախ ռազմական խորամանկությամբ այն մասնատում է: Վահանը դեսպանների միջոցով իբրև թե իր հավատարմությունն է հայտնում Միհրանին և տեղեկացնում, որ ցանկանում է ապստամբել հոր դեմ: Պարսկական զորքերը չէին կարողացել գրավել Տարոնի բերդերը և ամրոցները: Ուստի Միհրանը, հավատալով Վահանին, իր մոտ է հրավիրում նրան` հույս ունենալով հայ զորավարի միջոցով հասնել հաջողության: Հանդուգն մտահղացումն իրականացնելու համար Վահանն անվարան վտանգում է իր կյանքը: Տարոնի առանձին ամրոցներում նախապես դարաններ պատրաստելով` Վահանը գնում է հակառակորդի որջը և Միհրանին համոզում շրջակա ամրությունները գրավելու համար իրեն 4 հազարանոց պարսկական մի զորամաս վստահել: Նա զորագունդն առաջնորդում է դեպի Օձ բերդաքաղաքը, որտեղ պարսիկների համար ծուղակ էր պատրաստվել:
Պատմական տեղեկանք.
«Վաղ առավոտյան (Վահանը) քաղաքում գտնվողներին պատվեր ուղարկեց` դարպասը բաց անել և պարսից զորքին ներս առնել: Որովհետև քաղաքադուռը շատ նեղ էր, մեկական էին ներս մտնում: Դռներից ներս անցնողներին իսկույն առնում էին, տանում տուն, զգեստները հանում և գլուխը կտրելով` պարսպից դուրս, մի աներևույթ խոր տեղ նետում: Չորս հազարից միայն հիսուն հոգի թողել էր Խարձք (կամ Հարձք) կոչվող գյուղում»:
Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն առաջին
Վահանը նախօրոք էր մշակել հակառակորդի մաս-մաս ոչնչացման ծրագիրը: Պարսկական զորամասի հետ դեպի բերդաքաղաք շարժվելուց առաջ նա մեկ հիսնյակ թողնում է Խարձք գյուղում և հրամայում սպասել իր կարգադրություններին: Մարտական գործողությունները սկսվում են վաղ առավոտյան, ինչը հայ զորավարին պետք է հնարավորություն տար մի քանի գործողություն իրականացնել նախքան մութն ընկնելը:
Երկրորդ փուլը
Օձում ծուղակը գցված պարսկական զորամասը կարճ ժամանակում ամբողջությամբ ոչնչացվում է, սակայն դա սկիզբն էր միայն: Դեռևս չէր ավարտվել ծուղակն ընկած զորամասի «հետքերի վերացումը», երբ Խարձքում գտնվող ստորաբաժանումը ստանում է այն կարգադրությունը, որի համար առանձնացվել էր զորամասից։ Հիսնյակին Վահանը հրամայում է սուրալ Միհրանի մոտ և նրանից ևս երկու հազարանոց օգնական զորամաս խնդրել:
Պատմական տեղեկանք.
«Երբ բավականին մոտեցել էին քաղաքի դռանը, Վահանը պարսիկներից խլած ձիերը ու հանդերձանքը տալով քաղաքացիներին` ներսից դուրս կանչեց նրանց: Ապա խրատ տվեց, թե երբ պարսիկները տեսնեն ձեզ, դուք միահամուռ դեպի քաղաքը արշավեք և ներս մտնելով հաղթանակի փողեր հնչեցրեք. դուռն էլ բաց թողեք, որպեսզի նրանք կարծեն, թե քաղաքն արդեն գրավեցին: Եվ այդպես էլ արեցին: Պարսիկները, երբ տեսան, որ նրանք միահամուռ դեպի քաղաքն են դիմում, չափազանց ուրախացած` իրենք էլ դեպի քաղաքը արշավեցին և անհամբերությամբ քաղաքի դռնից ներս էին լցվում»:
Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն առաջին
Վահանը հասցնում է պարսիկ զինվորների ձիերն ու ռազմական հանդերձանքը բաժանել Օձի բնակիչներին, որոնց օգնությամբ նոր ծուղակ է պատրաստում մոտեցող պարսկական զորամասի համար: Մինչ «զինավառված» տեղացիները ներս են մտնում և հաղթական փողեր հնչեցնում` նա ընդառաջ է շարժվում պարսկական զորամասին և հաղթանակի լուրը հայտնում։ Հարուստ ավարի տիրանալու մոլուցքով տարված պարսիկները կորցնում են զգոնությունը և քառատրոփ արշավում դեպի բերդաքաղաք: Օձին մոտեցող պարսկական զորամասի ջախջախումը ձեռնարկելուց առաջ Վահանը համարձակորեն սկսում է բազմաքայլ մարտի երրորդ փուլը: Դեռ բերդաքաղաքին չհասած` պարսկական զորամասից երկու տասնյակ զինվորների նա հրամայում է վերադառնալ և Միհրանին հայտնել Օձի գրավման մասին: Դժգոհելով, որ վերցված ռազմավարից իրենց անմասն են թողնելու, սակայն չհամարձակվելով չենթարկվել հրամանին` ստորաբաժանումը վերադառնում է Միհրանի մոտ և հայտնում բերդաքաղաքի գրավման լուրը։ Վահանն իր ստորաբաժանումով հետևում է պարսիկներին: Պարզվում է` այդ քայլը ևս նախօրոք մտածված էր: Պարսկական զորամասի մեծ մասն արդեն բերդաքաղաք էր մտել, երբ զինվորները սկսում են կասկածել, որ ծուղակն են ընկել: Սակայն այդ պահին բերդաքաղաքի դարպասները փակվում են, ևպարսիկների վրա են գրոհում դարան մտած հայկական զորամասերն ու սկսում նրանց կոտորածը: Հակառակորդի փախուստը թույլ չտալու համար էլ նախատեսված էր Վահան Մամիկոնյանի հետ գործող ստորաբաժանումը, որը թիկունքից հարվածում է Օձ չմտած հակառակորդին: Պարսիկները միայն դեպի ճահճուտ են կարողանում նահանջել, որտեղ էլ Վահանի ուժերը շրջապատում են նրանց և ոչնչացնում:
Երրորդ փուլը
Մտահղացման երրորդ փուլն իրականացնելու համար մեծ համարձակություն էր պահանջվում: Հաջորդ օրն առավոտյան Վահանը մեկ անգամ ևս ուղևորվում է Միհրանի մոտ և նրան հայտնում, որ բերդաքաղաքը գրաված զորամասերը խռովություն են բարձրացրել և չեն ցանկանում հրամանատարի հետ կիսել հարուստ ռազմավարը։ Միհրանը որոշում է, որ խռովարարների ելույթը ճնշելու համար հազար հոգանոց հեծյալ զորամասը բավարար կլինի, բայց Վահանի չափազանցրած լուրերին հավատալով` պատժիչ զորամասի մարտիկների թիվը կրկնապատկում է: Վահանն այդ տեղամասում բավարար ուժեր չուներ հեծյալ զորագնդի ջախջախման համար: Այդ նպատակով նա «առաջարկում» է զորագունդը կիսել երկու մասի և գիշերը հանկարծակի հարձակումներով այս զորամասերը ևս ոչնչացնում:
Պատմական տեղեկանք.
«Երբ գնացին հասան Մեղտի գետի եզերքը, (Վահանը) նրանց (պարսկական առաջին զորամասը) թողեց գետի այն կողմը, որ քնեն, իսկ ինքը դարանակալներին պատրաստ պահելով, սպասավորներին հրամայեց անջատել ձիերի երամակը` արոտի տանելու պատրվակով: Այսպես բոլորին անհոգ անելով, հանկարծակի երկու կողմից հնչեցրին փողերը և բոլորին մեջտեղն առնելով իսկույն ևեթ կտրեցին նրանց գլուխները և գետը նետեցին. և նրանցից ոչ մեկը չկարողացավ փախչել ազատվել: Ապա հրամայեց երիվարներին ծմակը տանել: Մինչև սրանք կոտորածի այս գործն էլ ավարտեցին, այնուհետև շարժվեցին մյուսներին (երկրորդ հազարյակին) ընդառաջ, քանի դեռ նրանք չէին եկել հասել ծմակին… Երբ եկան և բանից անտեղյակ այնտեղ հասան, այնժամ կամուրջի երկու ծայրերը շրջափակեցին, նրանց շուրջանակի մեջտեղը առան և ահեղագոչ որոտալով սկսեցին անխնա կոտորել»:
Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Պատճեն առաջին
Կարճ ժամանակում իրականացված մարտերում տարած հաղթանակները վկայում են, որ Վահան Մամիկոնյանը կարող է համարվել շուրջկալների և գիշերային մարտերի բոլոր ժամանակների ամենահաջողակ հայ վարպետներից մեկը:
Գիշերային մարտի արվեստը
Գիշերային մարտին ռազմական խորամանկություն ավելացնելով` Վահան Մամիկոնյանը նոր մակարդակի է բարձրացնում մեր ռազմարվեստը: Այդ պատճառով հայ զորավարը հետագա սերունդների հիշողության մեջ մնացել է որպես «Գայլ Վահան»: Ուշագրավ է, որ Վահանին առաջինը «Գայլ» է անվանում նրա դեմ մարտական գործողություններ վարող սարսափահար եղած պարսիկ զորավարներից մեկը: Հայաստանում ջախջախված պարսիկ զորավարը հավանաբար չէր կարծում, որ իր տված մականունը շատ արագ պատվանվան է վերածվելու: Իր կիրառած մարտավարությունով Վահան Մամիկոնյանը հետևել է Տայքի անտառներում այս հայեցակարգը մշակող իր մեծ նախնու և անվանակցի փորձին: Պարսկական երկու զորամասերի ջախջախումով ավարտվում է նվաճողների դեմ Տարոնի հայության հերոսամարտի առաջին պատերազմաշրջանը, որը, սակայն, երկարատև ու հյուծիչ հակամարտության սկիզբն էր միայն: Առաջին հաղթանակով հակառակորդն այնպիսի ծանր հարված է ստանում, որ նորանոր «անակնկալներից» գլուխը կորցնելով` որոշ ժամանակ անց հեռանում է քաջ և հնարամիտ լեռնականների երկրամասից: Այսպիսով, երկու օրից էլ քիչ ժամանակ տևած հակամարտության ընթացքում պարսկական բանակը կորցնում է իր անձնակազմի գրեթե մեկ երրորդը: Մինչդեռ հակառակորդից անհամեմատ քիչ ուժեր ունեցող հայկական կողմի զոհերը տասնապատիկ քիչ էին: Օձ բերդաքաղաքի շրջակայքում հաղթարշավն իրականացնելով, մեր ազատագրական պայքարի երկնակամարում հայտնվեց ամենավառ անհատականություններից մեկը` տաղանդավոր զորավար և եռանդուն կազմակերպիչ Վահան Մամիկոնյանը: Մինչև կյանքի վերջը (606թ.) Գայլ Վահանը գլխավորում է Տարոնի հայության պայքարն օտար նվաճողների դեմ` դառնալով մեր ռազմարվեստի անվանի բարեփոխիչներից մեկը: Հայ զորավարի համարձակությունը, բոլոր հանգամանքները մանրակրկիտ հաշվի առնելու կարողությունը, արագ փոփոխվող իրավիճակում նույնքան արագ կողմնորոշվելու ընդունակությունը կարող են զարմանալի թվալ անգամ մեր օրերում: Օձի երկօրյա ճակատամարտը համաշխարհային ռազմական գիտության մեջ օպերատիվ արվեստի առանձնանալուն նախորդած դարաշրջանի ամենաբազմաքայլ մարտական գործողություններից է:
Մեր Հաղթանակները, հտ. Բ