Previous Story
Հայտնաբերվել է Էդուարդ Արծրունյանի անհայտ ստեղծագործություններից ևս մեկը …
Posted On 07 Ապր 2014
Comment: 0
Չգիտեմ լրագրող լինելու փա՞ստը, թե՞ պարզապես մեծ սերն է Էդուարդ Արծրունյանի նկատմամբ ինձ ստիպել ամենայն մանրամասնությամբ դրվագներ հիշելու Վարպետի հետ զրույցներից, որոնք ինձ այսօր հնարավորություն են ընձեռում նոր բացահայտումններով ու հետազոտություններով հանդես գալ:
Անկեղծ ասած, այս ստեղծագործության մասին ես միշտ էլ հիշում էի, սակայն մենագրությանս մեջ այս հատվածին չէի հասել` որոշել էի դրան ավելի ուշ անդրադառնալ: Սակայն այն խոսակցությունները, որ ինձ հասան Վարպետի <<Հայաստան>> որմնանկարին հուշարձանի կարգավիճակ տալու նիստից հետո, որոշեցի առանց ժամանակ կորցնելու գնալ դրա հետքերով:
Պատմությունը հետևյալն է` երբ 2009 թվականի սեպտեմբերի 27-ին Գյումրի էինք մեկնում` Էդուարդ Արծրունյանի հոր ջրաղացպան Սիմոն Արծրունյանի ջրաղացները տեսնելու, դեռ Երևանից դուրս չեկած` 15 թաղամաս հասնելուն պես, Արծրունյանը խնդրեց իր զարմիկին` Էդմոնդ Արծրունյանին մեքենան քշել դեպի Մալայանի ակնաբուժական հիվանդանոց, քանի որ այնտեղ իր հեղինակած վիտրաժն է գտնվում: Այդ ժամանակ մեքենայում Վարպետի որդին`Արտեմն էր, վերոնշյալ Էդմոնդն իր որդի Արմանի հետ, բնականաբար, Վարպետն ու ես: Եվ Էդմոնդը պատճառաբանելով, թե շտապում ենք, մերժեց հորեղբորը, ասելով, թե կայցելենք մեկ ուրիշ անգամ: Վարպետիս խոսքը մնաց ականջներումս, սակայն ինչպես տեսնում եք, նույնիսկ տանը բազմաթիվ էսքիզներ հայտաբերելով հանդերձ, որդին ոչ մի կերպ չհիշեց հոր վարած խոսակցությունը, այլապես նա նիստում չէր հայտարարի, թե հայրը բազմաթիվ որմնանկարներ ունի արած: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է:
Ուղիղ մեկ շաբաթ առաջ մեր աշխատանքային խումբը այցելեց Մալայանի ակնաբուժական կլինիկա: Ճիշտ է, Վարպետի ասած վիտրաժին չհանդիպեցինք` փոխարենը կլինիկայի ֆոյեում մի հրաշալի բառելիեֆային հարթաքանդակային կոմպոզիցիա տեսանք : Երկար ուսումնասիրեցինք, որևէ հատվածում ստորագրություն չգտանք, սակայն անսպասելի կերպով տեղում 2 օրինակ էսքիզներ հայտաբերվեցին, որոնք Վարպետի ձեռագրին էին նման: Հարթաքանդակի էսքիզի հեղինակը միանշանակ Էդուարդ Արծրունյանն է, սակայն թե ինչ խմբով են աշխատել, անհայտ է` քանդակագործին և կերամիկայի վարպետին գտնել չհաջողվեց: Կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Մալայանն անձամբ հարթաքանդակի վրա աշխատող խմբի անդամներից ոչ մեկին չհիշեց, քանի որ նրանց հետ երբևէ չի առնչվել,սակայն հաստատեց այն միտքը, որ աշխատանքն իրականցվել է 1986 թ.: Ի դեպ, այս ամենին հաստատելու է գալիս Էդուարդ Արծրունյանի 1987 թ. Երևանում կայացած ցուցահանդեսի Կարծիքների գիրքը, որտեղ մի շատ հետաքրքրական գրառում է պահպանվել, ինչը բացառիկ փաստ, ապացույց է Էդուարդ Արծրունյանի կատարած աշխատանքի մասին:
Այնպես որ, Վարպետիս հարգարժան որդու` Արտեմ Արծրունյանի մարտի 14-ին կայացած նիստում արված հայտարարությանը, թե Արծրունյանն այլ որմնանկարներ ունի, բացառվում է: Ավելին`այս պահի դրությամբ կան բոլորովին այլ ոճերում նոր հայտնաբերված աշխատանքներ, որոնք գտնվում են թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի մարզերում:
Հույս ունենք, որ այս հոդվածից հետո կհայտնվի քանդակագործը և այն մարդիկ, ովքեր մասնակից են եղել այս աշխատանքի ստեղծմանը` ամրագրելով իրենց կատարած աշխատանքը և ինչու չէ անունը արվեստի պատմության մեջ:
Ի դեպ, առաջիկայում Մալայան ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալեքսանդր Մալայանը Մշակույթի նախարարություն կդիմի բառելիեֆային հարթաքանդակին մշակութային հուշարձանի կարգավիճակ տալու խնդրանքով:
Հեղինակ-հետազոտող`Անահիտ Կորյուն
/Մանուկյան/