«Նա այն դերասաններից չէր, որ բեմական արվեստն ուսումնասիրում են դասագրքերով, բայց այն եզակի արվեստագետներից էր, որի փորձի հիման վրա դասագրքեր են գրվում». Հասմիկ
Հասմիկի կուլտուրան բարձր չէր. նա կարգին կրթություն չէր ստացել, առանձնապես կարդացած չէր, զարգացում չուներ, լեզուներ չգիտեր: Նա այն դերասաններից չէր, որ բեմական արվեստն ուսումնասիրում են դասագրքերով, բայց այն եզակի արվեստագետներից էր , որի փորձի հիման վրա դասագրքեր են գրվում: Հասմիկը առաջին հայացքից չէր նշմարվում, նա հետզհետե, համառ և լայն աստիճականությամբ էր համակում ու ենթարկում իր ազդեցությանը: Այո՛, Հասմիկի արվեստն այնքան պարզ էր, որ առաջին հայացքից աննշմարելի էր, բայց և միաժամանակ այնքան խորն էր, որ նկատվելուց հետո երկար ժամանակ չէիր կարողանում ազատվել նրա ազդեցությունից: Թոթովենցն իրավացի էր, երբ ասում էր, թե Հասմիկի արվեստը նման է բնության երևույթներին, ինչպես օրինակ՝ արեգակի ծագումը կամ մայրամուտը, ծաղկի բացվելը, դաշտի ծլարձակումը, մրգահասը…
Հաճախ է խոսվում դերասանական ժամանակակից ոճի մասին: Այն, ինչ ըմբռնվում է դրա տակ՝ պարզություն, կյանքի հավաստիություն, հոգեբանական ստուգություն, զսպվածություն և խստություն, այս ամենը Հասմիկի մեջ կար: Հասմիկը ժողովներում ելույթ ունենալու սովորություն չուներ: Ոչ էլ սիրում էր հրապարակային հայտարարություններ անել: Ասելիքը ասում էր բեմից: Ասում էր գերազանց:
Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ փառքը բարձրամտություն չառաջացրին Հասմիկի մեջ: Սունդուկյանի անվան թատրոնում, ուր նա քառորդ դարից ավելի գործեց, ոչ ոք չէր մտաբերում գեթ մի դեպք, որ նա խուսափեր խաղալուց, ձգտեր քիչ հանդես գալ: Երբեք ուշացած չէր գա ներկայացման: Շտապողականություն չկար նրա մեջ, թեև միշտ անհանգիստ էր լինում ներկայացումից առաջ, նույնիսկ հուզված: Գալիս էր բավական վաղ: Հանգիստ հանում էր վերարկուն, կարգավորում զարդասենյակը, ապա նոր միայն սկսում գրիմը: Գրիմ անելիս ոչ ոքի հետ չէր սիրում խոսել, չէր սիրում, երբ իրեն որևէ բան էին ասում կամ հարց տալիս: Այդպիսով, նա կամաց-կամաց դուրս էր գալիս իր առօրյա մթնոլորտից և մտնում կերպարի մեջ: Նույնը և ներկայացումը վերջանալուց հետո:
Հասմիկի համեստությունը բոլորին լավ հայտնի էր, բայց նա չէր քաշվում հետաքրքրվել, թե ինչ տպավորություն է թողնում իր խաղը: Դա դերասանուհու սովորական փառասիրություն չէ, այլ իր արած գործի կարևորությունը: Հասմիկը սիրված էր: Բայց այդ սիրո մեջ կար ինչ-որ մի տարբեր բան, որ չենք նկատել ուրիշ անգամներ. կար մի մտերմական զգացում, ինչ-որ յուրահատուկ ջերմություն, որ վերացնում էր դերասանուհու և ժողովրդի միջև եղած տարածությունը և նրանց մոտեցնում իրար: Դա հաստատում է 1947թ. մայիսի 26-ի ներկայացումը: Հասմիկն այդ գիշեր հանգիստ չուներ: Նրան ծափահարում էին անընդհատ, կանչում բեմ նորից ու նորից: Ծաղիկներ էին թափվում բեմ: Մի փոքր դադարից հետո որոտընդոստ ծափերը կրկին թնդացնում էին դահլիճը… Այդ օրվա հանդիսատեսները ժողովրդի երախտագիտությունն էին արտահայտում սիրելի և հարազատ դերասանուհուն, թերևս, հրաժեշտ էին տալիս՝ զգալով, որ դա Հասմիկի վերջին ներկայացումն է… Այո՛, վերջին դերը վերջին անգամ:
Ռուբեն Զարյան
Աղբյուրը՝ Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջ