Եղիշե Չարենցի վերջին օրերը
1939 թ. գտնվում էի Լենինականում: Հանդիպեցի բարեկամներիցս մէկին, որի բանտակութեան մասին լսել էի: Իրեն յանձնուած է եղել 2000 ռուբլի, որպէսզի դպրոցի ներկելուն և վերանորգման հոգ տանի, սակայն ինքը դրամը ծախսել է և ժամանակին չի կարողացել ճարել ու վերադարձնել: Այդ պատճառով դատում են բարեկամիս և մէկ ու կէս տարուայ բանտարկութեան վճիռ արձակում: Վճիռն անմիջապէս գործադրւում է, և նրան բանտարկում Երևանի բանտում: Բարեկամս, լինելով երիտասարդ ուսուցիչ և քրէական յանցագործ, բաւական «արտօնութիւններ» է վայելում, մինչդեռ քաղաքականներն իրենց խցիկներում, մեկուսարաններում փակված, զուրկ են արեւի լոյսից անգամ:
Մի օր էլ… ստանում է նոր յանձնարարութիւն, ամէն օր երկու անգամ բանտի խոհանոցից ճաշ պիտի տանի մի հիւանդ բանտարկեալի: Հիւանդ բանտարկեալը Եղիշե Չարենցն էր: Բարեկամս առաջին անգամ ճաշը տանելիս ճանաչում է, բայց հսկիչի ներկայութեամբ ոչինչ չի կարողանում հարցնել կամ խօսել հետը: Այսպէս շարունակ, մի քանի ամիս, մինչև Չարենցի մահը:
_ Չարենցը բանտարկուած էր մեկուսարանում: Նրա մեկուսարանը զուրկ էր արևի լոյսից, խոնաւ էր, և միակ լոյսը էլեկտրական փոքրիկ մի ճրագ էր: Անկողին չկար, դրան փոխարինում էր խոնաւացած խոտի մի կոյտ, իսկ մեկուսարանի ուղիղ մէջտեղը կար մի երկաթեայ սիւն, որ ամրացած էր յատակից մինչև առաստաղ: Երբեմն հսկիչը դուրսն էր կանգնում, և ես, առիթից օգտուելով, փորձում էի խօսեցնել Չարենցին, բայց իզուր. նա միշտ լուռ էր, երբեմն մռլտում էր և փորը բռնում կամ կծկվում ինչ-որ սուր ցաւերից: Բանտում բուժում չկար, նոյնիսկ ծխելն արգելել էին:
Մի անգամ, երբ նորից փորձեցի խօսեցնել, նա շատ ջղայնացած հարցրեց.
_ Ծխու՞մ ես:
Ասացի՝ ոչ:
_ Դէ գնա՛,_ ասաց,_ եթէ կարող ես, ինձ համար մի հատ ծխախոտ ճարիր:
Ծխախոտ ճարեցի և տարայ: Պէտք էր տեսնել, թէ ի՛նչ ագահութեամբ էր ծխում այդ էժան մախորկան՝ լրագրի թղթով փաթաթած: Տարածս կերակուրներից շատ քիչ էր ուտում, որովհետև անորակ էին, անհամ: Գնալով նրա ցաւերը ուժեղանում էին, և նա, այլևս չդիմանալով, սկսում էր գոռգոռալ, հայհոյել, աղաղակել: Վերջին շաբաթները նա գրեթէ ճաշին ձեռք չէր տալիս: Ինձ հետ միշտ գալիս էր հսկիչը, որ բաց էր անում դուռը և դրսում սպասում, մինչև Չարենցը վերջացնի. յետոյ ես ամանները վերցնում ու դուրս էի գալիս:
Մի օր էլ ճաշ տարա և տեսայ, որ հսկիչը ներս մտաւ ու սկսեց բաց անել Չարենցի կապերը: Նա կապուած էր իր մեկուսարանի մէջտեղի երկաթեայ ձողին, որպէսզի զուրկ լինի շարժվելու և դուռը ծեծելու հնարաւորութիւնից: Այսպէս շարունակուեց մի քանի օր ևս: Մի օր էլ, երբ հսկիչը դուռը բացեց, ես սարսափով տեսայ, որ Չարենցը կապուած է ու նրա մեծ գլուխը կախուած է… Նա լուռ էր և նա լռեց յաւիտեան…
Յետոյ՝ անշուք մի դագաղ, անյայտ ի մեռել, և Չարենցն անցաւ պատմութեան…
Ա. Բագրատունի
(«Չարենցի հետ» գրքից)