Դերենիկ Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը առասպելի էր նման…
Հայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ:
Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում եղել է դեպք, որը խզել է արտաքուստ միապաղաղ նրա կյանքի շղթան` հերթական անգամ վկայելով, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները:
Նոր էր վախճանվել գրողի սիրելի կինը, նրան մտահոգում էր նաև մայրական խնամքից զրկված հիվանդ որդին, որը գտնվում էր գրողի քրոջ խնամքի ներքո:
Այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանի իշխանությունները հորդորում էին նրան վերադառնալ Երևան, ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ: Դեմիրճյանի համար դժվար էր կտրուկ որոշումներ կայացնելը, իսկ իրականությունն այն էր, որ նա ապրում էր չափազանց սուղ պայմաններում, մշտապես աշխատանք որոնելու և ապրուստի միջոցներ հայթայթելու մտատանջությամբ:
Եվ ահա 1923 թվականին նա հրավեր է ստանում ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացներում: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է` չիմանալով, որ այդ նոր աշխատավայրում իրեն սպասում է իր կյանքի մեծագույն անակնկալը` նույն դպրոցի վարիչի կնոջ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիա Ումուդանովանայի հետ հանդիպումը, որը նաև զավակ ուներ:
Սակայն սկզբնական հանդիպման տպավորությունն այնքան վառ էր, որ Դեմիրճյանն առաջին իսկ պահից նույնիսկ մտածել չէր ցանկանում որևէ հանգամանքի մասին:
Շատ կարճ ժամանակ անց հրապուրանքը դառնում է խորը զգացմունք, տառապանք ու մտասևեռում` մոռացության տալով աշխատանք, ընտանիք, գրական կյանք, դժվարություններ…
Վճիռն այլևս անբեկանելի էր. Մարիան պիտի լիներ իր կինը: Սակայն ինչպե±ս դա անել, ինչպե±ս իրականացնել մի ցանկություն, որը համարյա անհնարին էր և դեռ` վտանգներով ու ծանր հետևանքներով հղի: Հազիվ թե որևէ մեկը աջակցեր իրեն, խրախուսեր իր որոշումը, նպատակը չդարձներ հանդիմանության ու նախատինքի թիրախ:
Բայց արի ու տես, որ այդպիսի մեկը գտնվեց: Եվ դա ոչ այլ ոք էր, քան… Եղիշե Չարենցը:
Իսկ թե ինչ է լինում հետո, ավելի լավ է լսենք հենց «քաջագործության» հեղինակից` գրող Վահան Թոթովենցին հասցեագրված մի նամակից, որը թվագրված է 1923թ. հոկտեմբերի 29-ի ամսաթվով, այսինքն այն բանից հետո, երբ մտադրությունն արդեն իրագործված էր:
«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը… Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը…
Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի` պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը… իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու… շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր…»:
Այնուհետև մեծ խոչընդոտներ հաղթահարելով նրանք պիտի ապրեին երկարատև ու համերաշխ կյանք` դժվարություններով և ուրախություններով, վերելքներով ու անկումներով:
Մարիան մշտապես մնաց ամուսնու նվիրյալ աջակիցն ու օգնականը: Իսկ Դեմիրճյանի մահից հետո տնօրինեց նրա հարուստ արխիվը` սերունդներին փոխանցելով գրողի գրական ժառանգությունը, որ ծնվել էր տառապանքով, երբեմն պարզապես մարդկային կարողություններից վեր ջանքերի գնով, սակայն` սիրով:
«Վարդանանքի» հեղինակի` հայ մեծ գրող Դերենիկ Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը առասպելի էր նման, որը ավարտվեց բարի վերջաբանով: