Ազգասեր
Հասարակ կերպով կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ», «Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազանհրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում:
Այդ սենյակը պարոն Մեկենասի մենարանն է: Ահա՜ նա նստած է գրասեղանի հանդեպ, գրում է, աշխատում է, նա միշտ գրում է: Մի մարդ, խոշոր կազմվածքով, մարմնի զարգացման մեջ չկա ոչինչ թերություն: Մենարանին կից սենյակի դռները շառաչմամբ ետ գնացին. Արշակն ու Տիգրանը աղմուկով ներս մտան: Երեխաներից մինը թռավ, գրասեղանի վրայից խլեց մի բան ու սկսեց վազ տալ եղբոր հետքից:
— Այդ ի՞նչ աղմուկ է, — գոռաց հայրը:
— Այս լինեյկով պիտի խփեմ Արշակին, նա իմ մազերից ձիգ տվավ, — ասաց Տիգրանը:
— Չեն ասում լինեյկա, ասում են քանոն, — ուղղեց հայրը որդու սխալը:
— Քանոն, — կրկնեց Տիգրանը և շարունակեց վազ տալ Արշակի հետքից:
Արշակը շփոթվելով եղբոր հալածանքից, դիպավ բոլորակ սեղանին, սեղանը վայր ընկավ և նրա վրա դրած ջուր խմելու բաժակը կոտրվելով, սփռվեցավ հատակի վրա:
Տիգրանը հասավ յուր նպատակին, եղբայրը, բացի նրանից, որ ձիգ էր տվել յուր մազերը, ահա գտնվեցավ և մի երկրորդ հանցանքի մեջ:
— Տե՜ս, ինչ արավ, հայրիկ, ստաքանը կոտրեց:
— Չեն ասում ստաքան, ասում են բաժակ, — հայրը դարձյալ ուղղեց որդվո սխալը:
— Բաժակ, — կրկնեց Տիգրանը և առաջ տարավ յուր բողոքը Արշակի դեմ:
— Նա այսօր ճաշին կզրկվի կեռաս ուտելուց:
Արշակը տխրեց, լսելով յուր պատիժը: Տիգրանն ուրախ էր: Նա արդեն իրան վրեժխնդիր եղած էր համարում:
— Հայրիկ, ես գիտեմ, թե ինչպես են ասում հայերեն խիարին, Տիգրանը չգիտե, — խոսեց հանցավորը: — Վարունգ:
— Իսկ ձմերուկի՞ն:
— Մեղրապոպ:
— Խարբուզակի՞ն:
— Սեխ:
Եվ իրավ, այդ բառերից և ոչ մինը չգիտեր Տիգրանը:
— Ես ներում եմ քեզ, Արշակ, մյուս անգամ այդպիսի անկարգություն չանես:
Տիգրանը մնաց դժգոհ հոր ներողամտության վրա և սկսավ լաց լինել:
Սույն միջոցին անկյունից լսելի եղավ մի օտարոտի ծիծաղ` խի՛… խի՛… խի՛ …, որին հետևեցին այս խոսքերը: — Քո բանը բարդ է, Տիգրան…: Դարձյալ ծիծաղ՝ խի՛… խի՛… խի ՛…:
Տիգրանը առանց պատասխանելու դուրս գնաց, Արշակը նույնպես վազեց նրա հետքից, որ գնա փոքրիկ աղախնին՝ Նինուցային հաղորդե յուր ազատությունը:
Ծիծաղը անկյունից տակավին շարունակվում էր: Փոքրիկ կատվիկի նման մի մարդ, ալևոր գլխով, ակնոցավոր աչքերով, չէր կարողանում իրան պահել այն զվարճությունից, որ պատճառեց նրա մեջ երեխաների կռիվը: Այդ մարդուն ամեն րոպե կարելի էր այդ սենյակի մեջ գտնել, նա հաշվվում էր նույն կարասիների թվում, որոնք դրած էին նույն սենյակի մեջ:
Պարոն Մեկենասի սեղանի կատուներից մինն էր, և նախանձավոր երկրպագու նրա վեհությանը: Եվ այդ պատճառով մենք նրան կկոչենք Փիսո, որովհետև նա ուներ յուր մեջ փիսոյի շողոքորթությունները:
— Ահա այսպես՝ կրթությունը պետք է սկսվի ընտանիքից: Երեխայությունից պետք է մտցնել մանուկների մեջ սեր դեպի մայրենի լեզուն և ազգային ավանդությունները, այդ ամենագլխավորն է:
— Երանի թե բոլոր ծնողները հետևեին ձեր օրինակին, — պատասխանեց Փիսոն, — այն ժամանակ մեր ազգը բախտավոր կլիներ…: