Արամ Պետրոսեան. «Չարենց»
Իմ պէս տղայ էր…
մի քիչ կամակոր…
ներսում լոյս ունէր…
կապոյտ…
ծիրանի ծիր անծիր…
եւ արեան կարմիրն էր բո՛րբ
կաթում նրա գրչածայրից…
Նաիրեան երազներ էր հեղում
տեղին-անտեղին՝
վարանոտ հայեացքի ծայրով
խե՛թ
նայելով իր սերմանած բառուբանի
տիտանական աճին…
Չմարսուած օրերի դառը թուքը
մատների ծայրին՝
էյջաշրջումներ էր անում
եւ ամէն էջի՝
պողպատէ ձեռքի դրոշմը զարկում
իբրեւ շտամպ,
չարութեամբ նայելով աչքերի մէջ հէ՛նց
դարի…
Եւ յառնում էր նրա սթափ հայեացքի տակ,
քանդուող անցեալի փլատակներից ելնելով,
ուրուականը փլուզուող կապիտալի.
եւ մուժիկի քայլերի պէս ծանր ու մեծ,
զուռնայի զըռռոցի՞ թէ պօեզի՛ պէս անհեթեթ՝
առաջ էր շարժւում ու տանում իր հետ
թափօր մի խառնածին-խուռներամ՝
արեւներից խելագարուած ամբոխների
եւ իրենց արիւնով ներկուած սուինների՛, դրօշների՛…
Յետո՛յ. պատերազմում էր նա մեր փոքրկութեան
ու գաւառական նիստուկացի,
ռսի շքանշանը դօշներին՝
ազգային ազատատենչ գործիչների դէմ.
եւ շառաչուն յամբի մտրակով էր
դաղում քամակը
մեր կորաքամակ, խեղճ տէրտէրների
եւ ջարդուխուրդ անում մեր
դարաւոր քնկոտութիւնն ու
առհասարակ ամէն թերացում, բացթողում…
Բաց տողերի արանքում իսկ –
առաջնորդի աչքից թաքուն –
մտքեր ու յոյզեր էր հեղում ահագին,
որ գանգրահեր պատանին մի օր գա’ր ու կարդար,
ծանէ՛ր իւրովի,
վերծանէր…
Եւ իզուր էր փորձում պարզեցնել հաշիւը.
լաւ գիտէր, որ ի՛նքն էլ սխալ է,
սխալական աւելի,
քան որեւէ մէկն իր հանճարեղ ցեղից.
գիտէր, որ չա՛ր է, չա՛ր…
ու չարութեամբ էր իր սէրը
թափում անսէրացած աշխարհի
չքմեղ ուսերին…
Նա արեւի տենչ էր ժառանգել Աւիկից
ու տերեանական թախիծ մի բուռ, նաեւ
անմահ Նարեկացւոյ հաւիկից
մի քանի փետուր…
Չէ՛. լա՛ւ գիտէր, որ վատն է, վա՛տը՝
ու ցաւի լուռ տաժանքով էր
յուռթի աճած շվերն էտում
մեր բեղ-մօրուսի
եւ պողպատի հալոցքաջրով ջրջնկում
արիւնաքամ հորիզոնները գալիքի…
…գո՜րշ ռեալութեան քմծիծաղն էր այնուհետեւ
խելագարեցնում՝
անբաւարարութեան նոպաների ատրճանակը
ճարճատիւնով պարպում քունքին.
զի պողպատը կարծր դուրս եկաւ սպասուածից՝
եւ փշրո՛ւմ էր, ճզմում մատների արանքում շատ հանգիստ
թէ՛ զգացմունք եւ այլ թուլութիւններ մարդկային,
թէ՛ ողնաշարեր յօդախախտում ազգերի՝
ջախջախելով կողերը պատմութեան…
Եւ ահա մի օր, վերջին ուժերը ժողուելով,
մեռնող արեւի լոյսից խռոված՝
գրեց իր պատուոյ քարերին.
«Դու դարբնի կռանդ զարկեցիր
մի նոր կեանք դարբնելու յոյսով,
այնինչ եւ ի՛նքդ պառկեցիր
խաւարում՝ արեւի լոյսով…»
Միտքը սթափ էր, բարի՛ այս անգամ.
սիրտը չար չէ՛ր այլեւս, այլ անյիշաչար…
Եւ ճիգ արեց, ճի՛գ, ճի՛գ.
ուզեց իր անո՛ւնը գէթ յիշել…
«Քո հոգու, մտքի խռովքը
ո՞ւր կորաւ, կարսեցի՛ մեծ պօէտ.
ահա՛, քո նաիրեան ցնորքն էլ
կորաւ պողպատի, թուջի հետ…»
Միտքը սթափ էր, յօժար.
երեսուն արծաթի վարձն էր եկել իր ոտքով.
բայց չա՛ր չէր բնաւ, չար չէ՛ր, այլ անյիշաչար…
«Եւ ո՞ւր չի կորել մեր ուժը,
որտե՜ղ չենք կորցրել անդարձ…
մի տեղ Վասակն ու Մերուժը
մի տեղ Պետրոսը Գետադարձ…»
Էլ ուժ չմնաց, ուժ չկա’ր էլ.
ե՛տ ընկաւ…
եւ երբ գանգրահեր պատանին
ժպտաց մշուշոտ հեռուից –
ուզեց իր անունը յիշե՛լ…
Եւ չարի աչքերին նայելով՝
վերջին կաթիլով արեան
իր բանտի սառը պատին
գրեց ԵՂԻՇԷ…
2011.01.22
Արամ Պետրոսեան