«Կան հաճելի ֆիլմեր և դառը ֆիլմեր». Միքելանջելլո Անտոնիոնի
Անտոնիոնին սիմվոլիստ չե, բայց նրա մոտ կան որոշակի Նշաններ: Ես երբեմն վախենում եմ բացահայտել այդ Նշանները, քանի որ զգում եմ, որ նրանց Գաղտնիքը իրենց բազմիմաստության և անորոշության մեջ է:
Այս ռեժիսորը չէր սիրում կոնկրետացումներ, բայց կրկին «Արկած» ֆիլմում մի համեմատություն կա, որ ժամանակին նկարագրել է ամենահայտնի տեսաբաններից մեկը, և որի մասին պատմում է հենց Անտոնիոնին.
«Ժորժ Սադուլը ճիշտ է նկարագրել այն, ինչ ես մտադրվել էի ասել վերջին տեսարանում: Չգիտեմ` արդյոք դուք հիշում եք այն: Կադրի մի կողմում Էթնա լեռն է` իր ձյունե ճերմակության մեջ, մյուս կողմում հասարակ պատ է:
Ընդունված իմաստով` պատը խորհրդանշում է տղամարդուն, իսկ Էթնան` կնոջը: Կադրը բաժանված է հավասար կեսերի:
Այն մասը, որտեղ գտնվում է պատը, կապված է վատատեսական սկզբունքի հետ, իսկ մյուսը, որը պատկերում է Էթնան, լավատեսական է,- ու հետո շարունակում վերլուծությունը,- ես չգիտեմ` ինչ զարգացում կստանան երկու կեսերի հարաբերությունները, չնայած պարզից էլ պարզ է, որ հերոսները չեն բաժանվի իրարից: Աղջիկը, իհարկե, չի թողնի տղամարդուն, նա կմնա նրա հետ և կների նրան, որովհետև նա հասկանում է, որ իրենք շատ բաներում նման են: Քանզի այն պահից, երբ նա զգաց, որ Աննան կարող է վերադառնալ, նրան պատում է այնպիսի վախ, որ ստիպում է մոռանալ ընկերական զգացումների մասին, որոնք կապում էին իրենց մի ժամանակ: Նույն կերպ հերոսն է մի ժամանակ դադարել սիրել Աննային, և հնարավոր է` այժմ վերջանում է նրա սերը նաև այս աղջկա հանդեպ: Բայց ի՞նչ է մնում աղջկան, բացի նրա հետ մնալուց: Ոչինչ հնարավոր չէր լինի պահպանել, եթե չլիներ այդ ընդհանուր մեղքի զգացումը, որն էլ հանդիսնում է նաև ուժի աղբյուր»:[1]
Քանի որ նյութն այսքան կենտրոնացվեց «Արկած» ֆիլմի վրա, շարունակեմ ուսումնասիրությունը և բերեմ հատված Անտոնիոնիի գրառումներից, որոնք պատմում են այդ ֆիլմի նկարահանումներից: Դրանք նույնպես խորհրդանշական են.
«…երբ ծովը հանգիստ էր, կարելի էր հետևել օդի արտաժայթքումներին և ջրի մակերեսի գոլորշուն` բաժանված բազմաթիվ մոխրագույն պղպջակների: Բայց այն երբեք հանգիստ չէր լինում, այն անընդհատ փոթորկվում էր 8-9 բալ ուժգնությամբ: Եվ կարճատև ուղևորությունների ընթացքում մենք բառացիորեն վտանգի էինք ենթարկում մեր կյանքը: Շոգենավերը ժամանակավոր դադարեցրել էին գծի ծառայությունը, և մենք սնվում էինք բորբոսնած թխվածքաբլիթներով: Կղզու վրա կային վայրի ճագարներ, բայց նրանք ինչ-որ բանով հիվանդ էին: Ծխախոտ չկար: Եվ աշխատավարձ, իմիջիայլոց, նույնպես: Մի հրաշալի օր սպասարկող անձնակազմը գործադուլ հայտարարեց, բոլորը որոշեցին վերադառնալ Հռոմ:
Մենք մնացինք 6 թե 7 հոգով` դերասանները, օպերատորը, կինոնկարի տնօրենը և իմ ասիստենտները: Մենք սովորեցինք մեր վրա քարշ տալ լուսարձակները և տեղադրել դրանք համարյա բաց ծովում: Մի անգամ` գիշերը, ծովի ալեկոծությունը մեզ խանգարեց վերադառնալ Պանարեա, և մենք ստիպված եղանք գիշերել ժայռին: Երբ մենք փորձեցինք նստել նավակին, ալիքը պոկեց լաստանավակի պարանները, որի վրա 2 հոգի կար, և քշեց այն բաց ծով: Ամբողջ գիշեր ես նայում էի ծովին. դա իսկական դժոխք էր, և երկու դժբախտ մարդ` խենթացած տարերքի ճանկերում: Ես լսում էի`ինչպես էին ալիքները բախվում քարերին, տեսնում էի լուսնի լույսով լուսավորված ցայտերը … Լաստանավակը մենք գտանք լուսաբացին`ամբոջովին տանջված, ուժասպառ եղած մարդկանցով: Պարզ երկինք, աչք ծակող արև, ծովում 8 բալանոց մրրիկ: Մենք հետևում էինք` ինչպես էին հորիզոնից բարձրանում հսկայական ալիքները, և թվում էր, թե մեր նավիկը չի կարող դրանք հաղթահարել: Բայց հաղթահարեց, ալիքից ալիք: Նյութը հետագայում նայեցինք, այն ինձ ահավոր թվաց:
…Իհարկե ես կուզեի թաքցնել իմ գործընկերներից խնդիրները, դժվարություններն ու ստորացումները, որոնք ես զգում էի այն բանից, որ պարտադրում էի նրանց այդքան անհեթեթ կյանք և աշխատանք: Եթե դա է կինոն, ապա ի՞նչ է կինոն:
Կան հաճելի ֆիլմեր և դառը ֆիլմեր: «Արկածը» դառը ֆիլմ է , մասնակիորեն` հիվանդ,- խոստովանում է Անտոնիոնին նույն գրառման մեջ,- կսկիծը այն զգացմունքների, որոնց սկիզբը, ծնունդն արդեն դրոշմված է ավարտի դրոշմով: Եվ այդ ամեն ինչը ես փորձել եմ պատմել էֆեկտներից զրկված լեզվով: Ասում են`այս ֆիլմը «կառուցված է դանդաղեցված ռիթմի վրա, տարածությունն ու ժամանակը մոտեցված են ռեալ տարածությանն ու ժամանակին»: Սրանք իմ բառերը չեն: Այսպիսի բառեր ես չգիտեմ: Ավելի լավ է ես մի օրինակ բերեմ: Բոլոր նրանք, ովքեր տեսել են ֆիլմը, հարցնում են, թե ուր է չքվել Աննան: Սցենարում մի էպիզոդ կա, հետո, չեմ հիշում` ինչու, այն կտրեցին, այդ էպիզոդում Կլաուդիան` Աննայի ընկերուհին, և նրա մյուս ընկերները թափառում են կղզիով և արտահայտում են բազմապիսի ենթադրություններ աղջկա անհայտանալու կապակցությամբ: Բայց չեն կարողանում կանգ առնել որևէ մեկի վրա: Լռություն է տիրում, ու հետո ինչ-որ մեկն ասում է. «Իսկ կարող է պատահել, որ նա ուղղակի խեղդվել է»: