Մահացել է աշխարհահռչակ ֆիզիկոս, աստղագետ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը
Ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյան ծնվել է 1922 թ. հոկտեմբերի 15-ին, Բաղդադում:
Նրա ծնողները 1915 թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։
1944 թ․ նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում և ըստ էության (ԲԱ) հիմնադրող թիմի կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
Մահացել է 2014 թ. փետրվարի 22-ին, Երևանում:
Վերջին տարիներին ընթերցողի իմ հայացքը շարունակ բևեռված է մեր ժամանակների մեծագույն գիտնականի, իսկական մտավորականի, հայրենասեր հայ մարդու` Գրիգոր Գուրզադյանի կերպարին: Նրա հեղինակած ‹‹Կոսմիկական կատաստրոֆա››, ‹‹Մի կում ջուր››, ‹‹Մի սիրո պատմություն››, ‹‹Տիեզերքը ափի մեջ››, ‹‹Որդիս Արարատի գագաթին››, ‹‹Կաքավաբերդի առեղծվածը›› գրքերի ընթերցումը մի իսկական տոն, կատարյալ բերկրանք են եղել ինձ համար: Ահա իմ ձեռքին է նրա ‹‹Խոհեր… խոհեր…›› էսսեների ժողովածուն, որտեղ տեղ են գտել մեծ մտածողի` գրականությանն ու արվեստին նվիրված ‹‹Մարիամ Ասլամազյան››, ‹‹Սարոյանի աշխարհը››, ‹‹Այս ինչ արիր.. Սիլվա››, ‹‹Տիեզերական ընթացքը ճարտարապետության›› և այլ էսսեներ, ինչպես նաև գիտության մեծ նվիրյալների` Դիրակի, Բրոյլի, Լայբնիցի մասին պատմող հոդվածներ:
Հրաշալի ‹‹Ինտուիցիա. ի՞նչ է դա›› էսսեում մեծ գիտնականը հաստատում է, որ դարակազմիկ բազում հայտնագործությունների, պատմության խոշոր իրադարձությունների հիմքում միշտ էլ գործել է մեծ անհատների ինտուիցիան: Բացառիկ ինտուիցիայով են օժտված եղել Նապոլեոնը, Մագելանը, Հաննիբալը, Մարիա Կյուրին, Նյուտոնը, Ֆերմին: Էսսեն ընթերցվում է անհագ հետաքրքրությամբ:
Հապա ‹‹Երեք Զվարթնոց››-ը: Որ Գրիգոր Գուրզադյանը հայ միջնադարյան ճարտարապետության մեծագույն գիտակ է, կասկածից վեր է: Նրա Խծկոնքին, Կուսանաց վանքին, Երերույքին, Կարմրավորին ու Պտղնիի կամարին նվիրված հադվածները ուղղակի չքնաղ են: Ու ահա Զվարթնոցը, նրան հար և նման Գագկաշենը Անիում, և, ո՜վ հրաշք, երրորդը` Բանաքը, Էրզրումի վիլայեթում` Էրզրումից արևելք`բարձրադիր սարահարթի վրա` հավանաբար դարձյալ կառուցված 7-րդ դարում` Զվարթնոցից առաջ: Մի իսկական տիեզերական տեսիլք:
Սքանչելի են Վ. Սարոյանի, Մ. Ասլամազյանի. Ս.Կապուտիկյանի մասին պատմող էսսեները: Բայց ես ուզում եմ անդրադառնալ հատկապես ‹‹Աղբյուրի մոտ…Թրքուհին›› էսսեին: Ի՜նչ չքնաղ են Հայաստան աշխարհը, նրա բնությունը, բնաշխարհի պարզ ու հասարակ մարդիկ Գրիգոր Գուրզադյանի գրչի տակ: Անկրկնելի են պարզապես: Մի հրաշալի նովել է այս գործը, իսկական հիմն`կնոջ հավերժական գեղեցկությանն ու խորախորհուրդ էությանը նվիրված:
Ժողովածուում զետեղված են մեծ մտավորականի գեղանկարչական գործերը: Հրաշալի, բազմերանգ կտավներ: Եվ չգիտես` որ ասպարեզում է նա կատարյալ`հոգեցունց խոսքի, գեղանկարչությա՞ն, թե՞ գիտության ու փիլիսոփայության: Գրիգոր Գուրզադյան ֆենոմենը:
Թամար Ղահրամանյան
ghtamar.wordpress.com