Սանր. ամենօրյա գործածություն ունեցող այս հասարակ առարկայի հնագույն պատմությունը
Դարերի խորքից եկած և մեր կենցաղում պահպանված ամենահասարակ իրերից մեկը մազի սանրն է, որոնք պահվում են մեր լոգարաններում, պայուսակներում և գրպաններում: Հնագույն առարկա լինելով հանդերձ՝ սանրի տեսքը դարերի ընթացքում գրեթե փոփոխության չի ենթարկվել:
Հնագույն սանրը ծագել է Միջագետքում՝ մ.թ.ա. 5-րդ հազարամյակում և հիշատակվում է դեռևս հնագույն մատյաններում (հին հունարեն՝ κτείς , նոր հունարեն՝ κτενάς` սանր, լատիներեն՝ pecten): Դարեր ի վեր սանրի արտաքին տեսքի կրած փոփոխությունն աննշան է, հաճախ ստեղծվել են նաև երկկողմանի ատամնաշարով սանրեր, իսկ սանրի հիմնական տեսքը նրա բռնակն ու ատամնաշարն է: Մեր օրերում սանրեր պատրաստվում են փայտից, կարծրախեժից (պլաստմասսա) կամ մետաղներից, հնում սանրեր պատրաստել են փայտից, փղոսկրից և ազնիվ մետաղներից:
Մազերի հարդարանքին դարձված մեր մեծ ուշադրությունն էլ շարունակությունն է հնագույն ժամանակների սովորույթների: Մազեր հարդարելը համարվել և համարվում է ոչ միայն գեղեցկության ցուցադրություն, այլև հիգիենայի կանոնների պահպանման կարևոր հանգամանք է: Օրինակ՝ Հին աշխարհում սանրն օգտագործվել է մազից մակաբույծների և կեղտի հեռացման նպատակով:
Հին հույները մեծ ուշադրություն են դարձրել մազերի խնամքին, նրանց հարդարմանն ու մաքրությանը: Տարբեր սանրվածքների ձևեր են մշակվել և կիրառվել կենցաղում: Հոմերոսի «Աքայացիներ»-ում առկա են ծաղրապատկերներ, որտեղ ներկայացվում են կանանց և տղամարդկանց մշակված սանրվածքների մի ստվար շարք: Ուրեմն՝ դեռևս հոմերոսյան Հունաստանում սանրվածքին մեծ նշանակություն է հատկացվել հույների կողմից: Անխնամ մազն ընկալվում էր իբրև հիվանդության նշան կամ հասարակության ստորին խավի պատկանելության ցուցիչն էր:
Փոքրիկ մեջբերում Հերոդոտոսից. « …երբ պարսից Քսերքսես արքան գրավել էր Հունաստանը և ցանկացել բացահայտել Թերմոպիլի հույներին, որպես լրտես՝ մի հեծյալ էր ուղարկել այդ ուղղությամբ: Լրտեսը նկատել էր, որ սպարտացիները Լեոնիդասի ղեկավարությամբ սանրվում և մարզվում են («τας κόμας κτενιζομένους»՝ «նրանք սանրում էին իրենց մազերը»): Երբ լրտեսն այդ մասին պատմել է Քսերքսեսին, նա չի հավատացել լսածին և հարցրել է Հին Սպարտայի 15-րդ արքա Դիմարատոսին, որը հաստատել է սույն փաստը՝ նշելով, որ սպարտացիների սովորույթներից մեկը սանրվելն է. «ἐπεὰν μέλλωσι κινδυνεύειν τῇ ψυχῇ, τότε τὰς κεφαλὰς κοσμέονται» («Երբ վտանգված է հոգու (կյանքի) ապագան, գլուխը զարդարելը դառնում է անհրաժեշտություն…»):
Թեև արդի ժամանակներում արդեն մոռացված, բայց հնում սանրը բավականին տարածված է եղել նաև որպես զարդարանք. թանկարժեք սանրերով են զարդարվել կանանց գեղահարդար մազերը:
Հարդարված մազը Հին Հունաստանում վերնախավի ներկայացուցչի, առողջության (հոգու և մարմնի) վկայականն էր, անգամ պատերազմի պատրաստվելիս զինվորները պիտի լինեին խնամքով լողացած, սանրված և օծանելիքներով օծված:
( Նկարում՝ Հունական ոսկե սանր, պատկանել է սկյութների թագավորներից մեկին: Հույն հմուտ վարպետի ձեռքի գործ է: Սանրի վրա պատկերված է հին հունական տաճարների բարձրաքանդակ:
Թվագրվում է՝ մ.թ.ա. 4-5-րդ դ.: Պահվում է Էրմիտաժում )
6-րդ դարի էտրուսկյան սանր: Պատրաստված է փղոսկրից, պահվում է Բալթիմորի Վոլտերսի անվան գեղարվեստական թանգարանում:
Վիկինգների ժամանակաշրջանի սանր է՝ իր պատյանով՝ պատրաստված եղջերուի պոզից: 9-10-րդ դդ., հայտնաբերվել է Բրիտանիայի Յորք քաղաքում: Պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:
Նյութը՝ Պերճ Դոլինյանի