«Կորած բախտի խաղիկ». Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից
Կորած Բախտի Խաղիկ
Հավք էր՝ թռավ բախտը ձեռքից,
թևին տալով թռավ, գնաց.
ինձ մխիթար ու կարեկից
մի թևաթափ փետուր մնաց:
Ախ,սուրբ Սարգիս, խաբրիկ մը բեր,
ու՞ր է թռչում քո ձին ճերմակ,
քո ձին ճերմակ, ոտքը՝ ամպե,
ոտքերի տակ՝ բախտի վերմակ:
Հավք էր՝ սահեց վերմակը տաք,
հավք էր՝ թռավ բախտը երեր,
ախ, սուրբ Սարգիս, քեզ ձին ճերմակ
շեղեր ճամփից, իմ տուն բերեր:
Բայց թռչում է քո ձին հեռու,
շուրթին՝ ամպի փրփուր ու ձայն՝
ուրիշներին բախտ տանելու,
իսկ ինձ՝ բաժակ համբերություն:
Էլ սիրտ չկա համբերելու.
գնամ-մտնեմ ծովերն անվերջ՝
կորած հավքը ետ բերելու
թարթիչներիս ուռկանի մեջ:
Ես՝ նավաստի, հոգնած ու լուռ՝
տարիների ալիքն առած,
տաք խարիսխ եմ փնտրում անլուր,
ափ-օջախի քարին սառած:
Ջուր եմ փնտրում սկիզբ ու վերջ
անհույս թախծի խոր հատակին.
մի հավք կորավ ծովերի մեջ,
որպես անդարձ ճակատագիր:
***
Երկու կյանքերի հորիզոններում
աղավնու երկու թևեր են ճախրում,
երկու կարոտ կա ծովերի վրա
և հառաչանքի ծովերի ծալքում.
-Հանիր, սիրելիս,
մտքիցդ հանիր
ջրահարսերի կապույտ վերարկուն:
Երկու կարոտ կա ծովերի վրա
և հառաչանքի ծովերի ծալքում.
-Փռիր, սիրելիս,
հեզորեն փռիր ալիքների մեջ
ջրահարսերի կապույտ վերարկուն:
Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ
աղավնու երկու թևեր են ճախրում,
երկու փետուր է պոկվում թևերից
և հառաչանքի ծովերին բախվում,
իմ կյանքի համար ընկած փետուրից
տխրության երկու բառեր են կախվում.
-Հանիր, սիրելիս,
մտքիցդ հանիր
ջրահարսերի կապույտ վերարկուն:
Իմ և քո կյանքի խորհուրդների մեջ
աղավնու երկու թևեր են ճախրում,
թևերը կարոտ ծովերին բախվում
և մերկանում են փետուր առ փետուր,
և մերկանում են թևերը մեկ-մեկ.
ճերմակ աղավնին գնում է, կորչում
տրտմության, պահի, օրերի հերկում.
-Իմ կարոտների ստվերների մեջ
փռիր, սիրելիս,
հեզորեն փռիր
ջրահարսերի կապույտ վերարկուն:
Արմեն Մարտիրոսյան