«Տիպար հայ էր՝ ազգասեր ու գործունյա». Անդրանիկը` Թումանյանի մասին
Անհատներ կան, որոնց ներկայությունը հանրային ու ընկերային կյանքին մեջ հմայք, ուժ, վստահություն ու ոգևորություն կներշնչե: Այսպիսի անձերուն կյանքը և անոնց մատուցած ծառայությունները ժողովուրդը գիտե հարգել, սիրել և գնահատել: Այսպիսի ժողովրդային դեմքերից մեկն էր հայ գեղջկական բանաստեղծության ռահվիրան, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը:
1904-ին առաջին անգամ ըլլլալով տեսա և ճանչցա զայն իր բնակարանին մեջ: Առաջին տեսակցությամբ մտերիմներ ու բարեկամներ էինք: Մեկ նայվածք մը բավ էր հասկանալու և ճանչնալու անոր սրտի անբիծ ու նկարագրին անաղարտ վիճակը: Մագնիսական ուժ մը քաշած, կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու և հարգելու: Իր բարձր հասակին, գեղեցիկ ու վայելուչ կազմվածքին կմիանային ժպտուն աչքեր՝ շնորհալի և հրապուրիչ երևույթ մը տալով իրեն: Բաց էին իր տան դռները բոլորին առջև: Առանց հյուրի սեղան չէր նստեր և ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք և նախանձ՝ կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր ու պարզ էր իր սիրտն ու հոգին ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր՝ ազգասեր ու գործունյա: Առաքինության և սիրո մարմնացումն էր Թումանյան: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլև կհարգվեր ու կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ և թաթար ժողովուրդներեն:
… Թումանյան կրնար անփույթ ու անտարբեր իր ցեղի ցավին երջանիկ կյանք մը ապրիլ: Կրնար կեղծ բառերով ու փուճ արցունքներով, նստած և ընկողմանած ճոխություններու մեջ՝ հայրենիքի վիշտը երգել թուղթի վրա: Կրնար ամառանոցներու և հանքային ջուրերու հեշտանքը վայելել: Կրնար հարստանալ և փառքերու տիրանալ, բայց այս բոլորը արհամարհեց իր ցեղին բեկորներու համար ու տքնեցավ անոնց հետ՝ անոնց ցավն ու վիշտը բաժնելով: Իր արենակիցներուն դառն վիճակը և չարչարանքները խլեցին իր խնդում ճակատեն ու աչքերեն ժպիտն ու ծիծաղը՝ անթեղելով իր սրտին մեջ իր ցեղին ցավը: Այդ ցավը մաշեցուց, հանգցուց զինք, մինչև որ մահը վերջ դրավ իր խոցող խորհուրդներուն, ա՜լ չի զգալու, ա՜լ չի տառապելու և չի վիճաբանելու կեղծ և ոչ հարազատ ազգասերներներուն հետ:
Թումանյան Տրապիզոնի ճակատի կռիվներեն մեկուն մեջ իր եղբայրը կորսնցուց: Վասպուրականեն Սալմաստ, երբ 25000 գաղթականությունը կնահանջեր, իր 22 տարեկան տղան կ’ իյնար գաղթականին նահանջի գիծը ապահովելու ջանքերով: Զոհաբերության և հայրենասիրության այն բարձր ու վսեմ գաղափարական բանաստեղծը ներշնչած էր իր զավակներուն՝ անոնց ուսուցանելով ծառայել և մեռնիլ ամեն բանե առաջ հայրենիքի համար:
Իր գրական տաղանդին համար իմ բառերս շատ կարճ կուգան: Ես ալ շատ սիրած եմ անոր երգերը: Երգած, զգացած և վայելած եմ անոր
երգերն ու գրական արտադրությունները: Կողբամ անոր դառն վաղաժամ կորուստը: Հայրենի հողին վրա ապրող հայ գեղացին և մտավորականը դեռ շատ պետք ունեին անոր: Թումանյան կապն էր գյուղացիին և ուսյալին: Սիրելի ուսուցիչն ու վարժապետն էր մանուկներուն: Ան շատ հանգիստ խղճով իջավ գերեզման անոր համար, որ կատարեց իր պարտականությունը ցեղին ու հայրենիքին հանդեպ:
Սիրելի՛ Հովհաննես, չկաս այլևս, որ վիճես ու տառապիս ցեղիդ բարօրության ու գոյության համար: Ալ հանգչած են հոգնատանջ ոտքերդ ու ձեռքերդ: Թող ուրախանան ամեն անոնք, որոնք իրենց դեմ չեն գտներ սիրտդ, որ անկաշառ էր ու անխարդախ, հոգի մը, որ վեհանձն էր ու անխարդախ: Հանցանքը, որ ունեիր, կուսակցական չէիր… Հանցանքը, որ ունեիր, սիրտդ չէր կեղծեր: Ընդունե երկնային փառքիդ մեջ սա մեկ քանի տողերը, ուր ջանացած եմ ծրարել իմ հարգանքիս հետ թշվառ ցեղիս երախտագիտության արտահայտությունն ալ, որոնց համար հոգնեցար, տառապեցար և կյանքիդ գնով զոհաբերեցիր զավակներովդ: Հանգի՛ստ ոսկորներուդ, հարգանք հիշատակիդ , սիրելի Հովհաննես: Ակնածանոք կխոնահիմ շիրիմիդ առջև:
ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ
1923 թ. ապրիլ