Լուսինէ, փա՛ռք քեզ
«… Եվ երբ դահլիճը վերջապէս ուշքի եկաւ, հաւաքեց իրեն ու կարողացավ ընկալել Լուսինէ Զաքարեան հրաշք ֆենոմէնը, այն գիտակցութեանը, որ յանձինս նրա ունի մի երգչուհի, որի ձայնի մէջ իրար հետ սերտաճել են մարդկայինն ու աստուածայինը, որոտացին խլացուցիչ ծափերը: Սանձակոտոր դահլիճը որոտում էր ու դղրդում, խելագար ծափերին շուտով միացաւ ոտքերի ոչ պակաս խելագար դոփդոփիւնը, սրան էլ միացաւ հիացական բացականչութիւնների օվկիանոս- հեղեղը: «Լուսինէ, փա՛ռք քեզ» խօսք- կոչս «ուղեկցելով» հնարաւորին չափ աղմկոտ ծափերով, թոքերիս ամբողջ ուժով գոռում էի ես: Ասածս վայրկենապէս տարածուեց, ընդհանրացաւ, և մի ամբողջ դահլիճ, հիացմունքից բոցավառ դէմքերով ու կայծկլտող աչքերով սկսեց ոգևորուած վանկարկել՝ « Լու- սի- նէ, փա՛ռք քեզ» , և դա տևեց շա՜տ երկար…
Այսպէս եմ ես ճանաչել Լուսինէ Զաքարեանին:
«Լուսինէ , փա՛ռք քեզ»- ը դարձաւ, քիչ այսօրույ տերմինաբանւթեամբ ասած, մեր հանդիպումների կարգախօսը: Որտեղ էլ որ նկատէի նրան – լիներ դա Երաժշտական կոնսերուատորիա գնալու ճանապարհին, թէ տրամուայ – տրոլէյբուսի կանգառում, լինէր իր տան մօտ գտնուող մարդաշատ պուրակում, թէ մեր քաղաքի կենտրոնական հրապարակում – մի հաճելի ներքին յուզմունքով կանգնում – մնում էի նրա ճանապարհին և դեռ բաւականին հեռուից ՝ խրոխտաձայնում էի իմ ողջոյն – կարգախօսը. «Լուսինէ , փա՛ռք քեզ» :
Չէր նեղանում, թէև, ճիշտն ասած, առանձնապէս չէր էլ խանդավառւում: Յետոյ, շատ յետոյ պիտի հասկանայի, որ Լուսինէ Զաքարեանը այն ասուածընտիր երգչուհին էր, որի համար գոյութիւն չունէր երկրայինն ու աշխարհիկը, որ աշխարհածին փառքերը, գնահատականները, կոչումներն ու փառաբանութիւնները նրան գրեթէ չէին հետաքրքրում: Ահա թէ ինչու նա անհանգիստ ու սովորական էր ընդունում այդ կարգի ամէն մի ոգորում, հարկաւ նաև իմ գերադրական բարև — ողջոյնը: Մի անգամ միայն ինձ նայեց դժգոհ – քննադատական հայացքով և ՝
— Ի՜ , այդպէս մի ասա, ամաչում եմ:
— Բայց մի՞թե ես սխալ եմ ասում:
— Դէ՝ չգիտեմ: Գոնէ սպասիր գնամ – գամ , յետոյ:
— Ո՞ւր գնաս – գաս:
— Գնալու եմ Փարիզ: Համերգներ եմ տալու:
— Փարի՞զ , — ականջներիս չհավատացի, — դու մտածե՞լ ես , թէ ուր ես գնում , Լուսինէ:
Ժպտաց իր անուշ – մեղուշ ժպիտով:
— Իսկ ի՞նչ կայ որ , կգնամ, կերգեմ ու կգամ: Լաւ կլինի, կտեսնես:
Գնում էր Փարիզ…»
ՍՈՒՐԷՆ ՇՏԻԿԵԱՆ
«ԼՈՒՍԱՒՈՐԻՉ» 8 ՄԱՐՏԻ , 1993