Հայտնաբերվել է Ապոլոնի բրոնզաձույլ արձանը
Գազայի շրջանում բավականին խորհրդավոր պայմաններում հայտնաբերվել է դարեր շարունակ անհայտացած համարվող Ապոլոն աստծո բրոնզե արձանը, որը գտնվել է պատահականության արդյունքում: Ք.ա. IV դարից մեզ հասած այս արձանի գտնվելու մասին չհաստատված լուրեր էին շրջում դեռևս 2013 թ., նույնիսկ հրապարակումներ եղան այդ մասին: Արձանի հայտնաբերման լուրը գրավել է հնագետների ուշադրությունը, որոնք ցանկություն են հայտնում տեսնելու և գնահատելու գտածոն, սակայն ոստիկանությունն արգելում է և տեղեկացնում, որ արձանն առայժմ ցուցադրելու մտադրություն չունեն. թե ե՞րբ և որտե՞ղ այն կցուցադրվի, առայժմ անհայտ է:
Ըստ Աթենքի լրատվական միջոցների կենտրոնական գործակալության հաղորդման՝ Գազայի շրջանում մի ձկնորս հայտարարել է, որ 2013 թ. օգոստոսին ցամաքից 100 մետր հեռավորության վրա՝ ծովում 500 կգ-անոց արձան է գտել և ավանակին լծված կառքով այն իր տուն հասցրել՝ պատկերացում չունենալով անգամ արձանի իրական արժեքի մասին: Նշված դեպքից հետո ոմանք, միայն գուշակելով արձանի արժեքավոր լինելը, այն կարճ ժամանակով ցուցադրել են ebay կայքում՝ վաճառքի հանելու նպատակով՝ գինը նշանակելով 500 000 ամերիկյան դոլար: Համաս իսլամական շարժման ոստիկանությունը, որը կառավարում է Գազայի հատվածը, բացահայտել է իրադեպն ու արձանը բռնագրավել: Ոստիկանությունը հայտարարում է, որ գործը քննության ընթացքի մեջ է:
Հնագետները խիստ վրդովմունքով հայտնում են, որ իրենց հնարավորություն չի տրվել դիտելու Ապոլոնի արձանը՝ դրա ծագման ու արժեքի մասին համապատասխան գնահատում տալու համար: Նրանց վրդովել է հատկապես այն փաստը, որ իրենց տրամադրվել են միայն մի քանի ոչ հստակ լուսանկարներ՝ գտածոյի արժեքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Լուսանկարներն ուսումնասիրելով եկել են այն եզրահանգման, որ արձանը Ք.ա. V-I դարերի աշխատանք է:
— Գտածոն եզակի է և իր արժեքով անգնահատելի: Նույնն է, ինչ եթե հարցնեն Լուվրում պահվող «Ջոկոնդայի» արժեքի մասին, -հայտարարել է Ժան Միշել Տարագոն՝ Երուսաղեմի ֆրանսիական գրականության և հնագիտության համալսարանի պատմաբանը:
— Արդի ժամանակներում այնքան էլ հաճախադեպ չէ մետաղից պատրաստված արձան հայտնաբերելը. դրանք հիմնականում մարմարից և այլ քարերից են կերտված լինում: Արձանը լավ է պահպանվել, դա խոսում է այն մասին, որ այն ջրում չի գտնվել կամ ծովի շրջակայքում, քանի որ շատ մաքուր է: Ո՛չ, արձանը գտնվել է ցամաքում՝ չոր տեղում, — պնդում է Տարագոն:
26-ամյա պաղեստինցի ձկնորս Ջուդատ Գրաբը, սակայն, պնդում է՝ ասելով.
— Տեսա ծովում մարդու կերպարանքով դեպի ափ շարժվող օբյեկտը, ափից 100 մետր հեռավորությամբ Եգիպտոսի և Գազայի հատվածի հյուսիսային սահմանների մոտ: Սկզբից կարծեցի, թե ջրահեղձ մարմին է, սուզվելուց հետո միայն հասկացա, որ լողացողը արձան է: Չորս ժամ ծախսեցինք հարազատներիս հետ արձանը ափ հասցնելու համար:
Արձանը պատկերում է երիտասարդ, կոփված մարմնով հունական աստված Ապոլոնին՝ կանգնած վիճակում, ձգված ձեռքով և ձեռքի բաց ափը՝ դեպի վեր ուղղությամբ:
Գրաբը խոստովանել է, որ արձանի մատներից մեկը կտրել է ոսկերիչին ցույց տալու նպատակով, քանի որ կարծել է, թե արձանը կարող է ոսկեձույլ լինել: Ցավոք, արձանի երկրորդ մատն էլ կտրել է նրա եղբայրներից մեկը՝ նույն կասկածանքով. մատը, սակայն, ոսկերիչի փորձերից հալվել է: Ապա ընտանիքի անդամների որոշմամբ արձանը ներկայացվել է ebay կայքում՝ վաճառելու նպատակով, ինչն էլ բացահայտման և արձանի բռնագրավման պատճառն է դարձել: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ արձանի իրական վաճառողներին այլ տեղում պիտի փնտրել:
Արձանն այժմ «բանտարկված» է: Գազայի զբոսաշրջության նախարարության պատասխանատու պաշտոնյաները տեղեկացրել են «Reuters» լրատվական գործակալությանը, որ արձանը չի ցուցադրվի այնքան ժամանակ, մինչև չբացահայտվի այն վաճառել ցանկացողի իրական անձը:
Հնագիտության նախարարության ղեկավար Ահմադ Ալ Բուրսը հայտնել է, որ անձամբ տեսել է արձանը, որը կվերականգնվի և կցուցադրվի Գազայում:
— Մեզ զանգահարել են աշխարհի տարբեր թանգարաններից, այդ թվում և՝ «Լուվրից»: Նրանք ցանկություն են հայտնել վարձակալությամբ վերցնելու արձանը՝ սեփական թանգարաններում ցուցադրելու նպատակով, — ասել է նա:
Նյութը՝ Պերճ Դոլինյանի