«Աստղազարդ երկինք». Արամ Պետրոսյանի բանաստեղծություններից
ԱՍՏՂԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ
(Ծովինար Չիլինգարեանին)
Յիմարի պէս՝ անձրեւ չի գալիս,
որ լուայ վէրքերը հոգուս հոգու…
Ու դրանց ցաւը լիզում է մայթերը,
վէմերի վրայ խաչեր բրում.
զի լոկ կարճատեւ խղճի խայթերն են
շարժում գրիչս, գրո՛ւմ…
Յիմարի պէս՝ անձրեւ չի գալիս,
որ սրբի բորբօսը սրտիս սրտի…
Ու դրա թաւիշը թովում է այլոց,-
փափո՜ւկ է գալիս նրանց սրտերին.
իսկ ես լռում եմ ի միջի այլոց…
…ու դա՛ էլ ներիր, Տէ՛ր իմ…
Յիմարի պէս՝ անձրեւ չի գալիս,
որ քերի ժանգը մտքիս մտքերի…
Ինչո՞ւ են մարդիկ պարզութիւն փնտրում
մոլորեալ աստղի հետագծում.
բախտի ճամփաներ մա՞րդն է ընտրում՝
որ դրա դարպասն է գոցում…
Անձրեւի պէս՝ յիմար, մոլոր,
թափւում ենք աստղերս երկնքի…
2010.10.03
ՁՄՌՆԱՄՈՒՏԻ ԱՐԵՒ
Ու ընկնում է արեւի շողն օրուայ ուսից,
պաղ ջրի մէջ ծիածանւում աշնանահամ…
— Այս մշուշը, այս անձրե՜ւը սի՛րտս հիւսեց,
որ չմրսեն երազներս ու խորշոմեն…
Դեռ չի թափուել ոսկեգոյնը տերեւներից,
ու գետինը չի ճերմակել տեղը-տեղին…
_ Իսկ յոգնե՜լ են երազներս… թէեւ նորից
արեւի պէս լոյս են տալիս պաղ ու դեղին…
Մի ուշացած թռչուն անցաւ մտացրիւ,
պատկերները դողդողացին ու միացան.
երեւոյթուե՜ց երազներիս մտածրից
աշնանաձոյլ ու ոսկերիզ մի ծիածան
ԴԱՐՁ
Մեռելահոտ աշունների քծնաբարո օրերից
Սթափվեցի ու փարվեցի իմ հուսախաբ անցյալին,
Սակայն դեռ նոր կարոտս առած մշտամրմունջ օրորից՝
Մանուկները հանկարծ մահվան գոց գաղտնիքը բաց արին:
Ու սարսափած աշունների կենսահալած հողմերից՝
Ոռնացի ես երկինքն ի վեր՝ երկնավտար ու տրտում,
Սակայն ուշ էր ու վայրկյանն իմ սպառնում էր թողնել ինձ,
Երբ մեր նախնյաց փորձը հանկարծ իմաստնացավ իմ սրտում:
Հիմա անունկ՝ մանուկների չվերծանված ճիչերին,
Եւ մեռնողի մշտամորմոք բողոքներին՝ անտարբեր.
Հույս-հավատին ու սիրույն եմ հավերժ սիրտը զիջել իմ,
Քանի հոգիս աշունների դիահոտից չի արբել…
ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ