Կոմիտասին
Ինչպես Մաշտոցը մեկենասությամբ
Արքայի հայոց
Ընծայաբերեց իր ժողովրդին տառերի ոսկին`
Մտահայեցմամբ,տքնանքով ոգու,
Այնպես էլ մի օր հայոց մեղեդին
Մեծն Կոմիտասի ձեռքով սրբագրվեց
Ու նոտայագիր հանձնվեց դատին իր ժողովրդի,
Տառերի պես, տաղերի ոսկին` անխառն ու մաքուր,
Հնչում է հիմա իբրև երկնքից իջած մանանա,
Աղոթահյուս շարականների լուսապսակով
Մտնում տուն ու դուռ ու եկեղեցի,
Խոնարհվում մաքուր սնար ու բարձի,
Մե՛կ մոլորյալին բերում է դարձի,
Մե՛կ շնորհյալին թևեր է տալիս անհունի,բարձրի,
Մե՛կ Կռունկ դառնում,մե՛կ էլ Անտունի…
Հովիվ ու գեղջուկ խաղիկը առած,
Պարապ-անպարապ, շուրթով ծարաված`
Տնետուն բերին ու… անցյալից` ներկա,
Մինչ ճեմարանական լույսերով օծուն
Պատանի ձայնն ու շնորհը հանկարծ
Լսողին գերեց,
Հմայեց այնքան,
Մինչև նա արդեն խաղիկների մեջ խայտանքն էր փնտրում
Իր հող ու ջրի,
Ցոլանքը` լույսի,
Կամուրջը` հույսի,
Մեղեդին այնքան պարզ էր,անաչառ,
Ասե՛ս ծաղկումն էր թևավոր բույսի,
Ասե՛ս թռիչքն էր հեգ տատրակների`
Արտերի միջով,
Ուր ցել էր անում գութանն իր տիրոջ`
Հորովելի տակ…
Հորովե՜լ,ջա՜ն հորովել…
Մինչև երկինքը հանկարծ խռովեց,
Մինչև թուխպ դարձավ ամպիկը կապույտ,
Մինչև խաղիկը էլ լու՜յս չէր ծորում,
Այլ արտերի մեջ արյու՛ն էր թորում`
Նեռի ձեռքերով…
Էլ ի՞նչ հորովել…
Երբ հարս ու աղջիկ ծաղիկ փնջելու էլ չգնացին,
Երբ մատաղ փեշը անառակի պես օտարն էր փնջում`
Չհարցնելով տարիք ու սահման,
Երբ արտերի մեջ հացաբույր ցորենն այնքան տրորվեց
Մինչև կակաչի մահաստան դարձավ…
Էլ ո՞վ կարող էր այդ դժոխային պատկերի հանդեպ
Անտարբեր լինել,
Ու թե մանավանդ սիրտդ քո ազգի համար էր ծնվել`
Էլ ո՞նց դիմանար,
Երբ աչքիդ առջև կոտորած էր մի մեծ, հին ժողովրդի…
Էլ ի՞նչ շնորհյալ,ի՞նչ խաղիկ-մաղիկ, էլ ի՞նչ մեղեդի,
Ռեքվիե՜մ էր մեծ,որ չէր էլ գրվել այս երկրագնդի
Պատմության գրքում և ո՜չ մի անգամ…
Հետո հայտնվեց նա Եվրոպայում,
Ճակատագրի հեգնանքով մի լուռ հե՛նց այն երկրում,
Ուր և նյութվում էր բիրտ այս խաղի ծրագիրն անմիտ`
Իբրև մասնակից,
Ու եվրոպական այդ մեծ քաղաքում
Լո՛ւյսն էր, որ որակվեց բառով դաժան ու պատիր`
Խելագարությու՛ն,
Ցնորվա՜ծ ասին,երբ իրենք էին ասես ցնորվել
Դարասկզբին
Ու ողջ մարդկության անտարբերության առջև…
Էլ ի՞նչ ճեմարան,էլ ի՞նչ մոմավառ գավիթ վանքերի,
Ու էլ ի՞նչ աղոթք, կամ էլ շարական,
Նրա հետ ասես մեռավ խաղիկը հայոց…
Բայց չէ՜, չմեռավ,
Թե մեռնելու էր`չպիտի ծնվեր,
Նա պիտի ծնվեր ու …խելագարվեր,
Որ ապացուցեր սնանկությունը քաղաքակրթության`
Եվրոպա կոչվող այդ առաջատարի,
Ու հիմա իրենց անմիտ դիվանում
Որքան էլ փորձեն առևտուր անել
Բառի որակմամբ` Ցեղասպանություն,
Խոնա՜րհ են,մե՛կ է,հրաշաձայն մեղեդու առաջ,
Մի լա՛րի առաջ հայոց գործիքի`
Շվի,թե` դուդուկ,
Հոտընկայս այնքան,
Մինչև ձայնն ինքը դահլիճ չլքի,
Մինչև խաղիկը կամաց չմարի նրանց կամարում…
Ուր հայոց վերքի կաթիլն է տիրում…
Մարինե Մկրտչյան