ՀԻՔՍՈՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ (Ք. Ա. ՄՈՏ 1710Թ.) ՁԻ ԼԾԱԾ ՄԱՐՏԱԿԱՌՔԵՐՈՎ` ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ
Քասեցիների՝ Բաբելոնը գրավելուց շուրջ երեսուն տարի անց դեպի Եգիպտոս հաղթական արշավանք էին կատարել հիքսոսները: Քասեցիների եւ հիքսոսների արշավանքների միջեւ ուսումնասիրողները հաճախ տանում են կարեւոր մի զուգահեռ` երկու արշավանքների բնութագրող կողմն ու ընդհանրությունը ձիեր լծած մարտակառքերի կիրառումն էր։
Հիքսոսները
Հիքսոսների հայրենիքը պետք է լիներ կամ հզոր պետություն, կամ փոքր իշխանություններից կազմված հզոր միություն-դաշինք, որոնցից ոչ մեկն էլ առկա չէր արեւելամիջերկրածովյան ավազանում: Միջագետքի կենտրոնում եւ հարավում Հին Բաբելոնյան տերությունն էր, որի արձանագրություններում չի հիշատակվում նման արշավանք ո՜չ իրենց կողմից, ո՜չ արեւելքից` իրենց տարածքով: Նշանակում է` արշավանքը պետք է մեկնարկեր Հյուսիսային Միջագետքի եւ Հայկական լեռնաշխարհի տարածքից, որտեղ դեռեւս Ք. ա. XXIII-XXII դդ. գործում էր հզոր մի համադաշնություն, որը կործանել է աքադական բռնակալությանը: Սրան ավելացնենք, որ հետագայում` հիքսոսների լծից ազատագրված Եգիպտոսը վրիժառու պատերազմ է սկսում նրանց դեմ` հարվածներն ուղղելով Միտաննի երկրի դեմ, ինչից էլ պարզ է դառնում, որ հիքսոսյան արշավանքների մեկնակետը, այլ կերպ ասած` հիքսոսների հայրենիքը եղել է Միտաննին: Վերջինս գտնվում էր Միջագետքի հյուսիսում եւ Հայկական լեռնաշխարհի հարավում, իսկ այնտեղ իշխում էր հնդեվրոպական արքայատոհմը։ Հիքսոսյան արշավանքի մեկնակետը Հայկական լեռնաշխարհում տեղադրելու օգտին է վկայում նաեւ լեռնաշխարհի` ձիաբուծության հայրենիքը լինելու փաստը. հիշենք, որ առաջին անգամ գրավոր աղբյուրները սանձված ձիեր են հիշատակում Արատտա երկրում (Ք. ա. XXVIII-XXVII դդ.)։ Մասնագետներից շատերը, հենվելով հիքսոսյան հատուկ անունների, տիտղոսների ստուգաբանության, նրանց մարտավարման գործում մարտակառքերի կարեւոր դերի եւ այլ փաստարկների վրա, հիքսոսներին համարում են հյուսիսից եկած հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ցեղեր: Հայագիտության մեջ ուշադրություն է դարձվել հիքսոսներին հակ ցեղանվանաձեւով Եվսեբիոս Կեսարացու (260-339թթ.) հիշատակության վրա` այն կապելով Հայք էթնիկական աշխարհի հետ։
Հաղթանակը
Ք. ա. մոտ 1710թ. հյուսիս-արեւելքից Եգիպտոս արշավեցին հիքսոսները եւ տապալեցին ներքին պառակտումներից առանց այդ էլ թուլացած տեղի իշխանությունը: Նրանց հիմնական առավելությունը ընտելացված ձիու եւ մարտակառքերի կիրառումն էր ռազմական գործում, ինչը մինչ այդ անծանոթ էր Եգիպտոսում։ Թերեւս, այդ պատճառով է մեզ հասած եգիպտական աղբյուրում նշվում, որ հիքսոսների կողմից Եգիպտոսի նվաճումը կատարվեց «հեշտությամբ» եւ, նույնիսկ, «առանց պատերազմի»:
Պատմական տեղեկանք.
«Հայտնի չէ, թե ինչու աստված զայրացավ մեր վրա: Արեւելքից անսպասելիորեն հայտնվեցին անհայտ ծագումով մարդիկ. նրանք հանդգնորեն գրոհեցին մեր երկրի վրա եւ հեշտությամբ նվաճեցին այն` առանց պատերազմի … Իրենց միջավայրից մեկին նրանք հռչակեցին թագավոր. նրան կոչում էին Սալիտիս: Նա եկավ Մեմֆիս, հարկեր դրեց Վերին եւ Ստորին երկրների վրա եւ տեղակայեց զորակայաններ առավել հարմար վայրերում… Հարմար տեղադրություն ունեցող Ավարիս քաղաքը, որ ստացել էր այդ անունը` համաձայն հին առասպելի, նա բնակեցրեց ու խիստ ամրացրեց, եւ այնտեղ տեղակայեց զորակայան` բաղկացած 240 հազարանոց ծանրազեն զինվորներից»:
Հիքսոսների արշավանքի մասին եգիպտական քուրմ Մանեթոնի վկայությունը` պահպանված Հովսեպոս Փլավիոսի երկում:
Ակնհայտ է, որ մայրաքաղաք հռչակված Ավարիսում հիքսոսների բանակի թվաքանակի մասին մեզ հասած տեղեկությունը չափազանցված, նաեւ` վիպականացված է: Դրա պատճառը, հավանաբար, կարճ ժամանակում նրանց ունեցած հսկայական ռազմական հաջողություններն էին: Սա հիշեցնում է Հայոց ռազմական պատմության հերոսական էջերից մեկի կապակցությամբ միջագետքյան բնագրերի այն տեղեկությունը, որ բռնակալ Նարամ-Սուենը դեպի Հայաստան ուղարկած երեք բանակներից` 120 հազար, 90 հազար եւ 60700 զինվորներով, «ոչ ոք կենդանի չվերադարձավ»: Որքան էլ այս թվերը վիպականացված լինեն, Միջագետքում եւ Եգիպտոսում տարածված այս բնագրերը միանշանակորեն վկայում են Հայկական լեռնաշխարհի զորքերի տարած լիակատար ու բացառիկ հաղթանակների մասին: Հիքսոսյան տիրապետությունը Եգիպտոսի համար չեղավ ավերի ու ամայացման ժամանակաշրջան: Ընդհակառակը. այս ժամանակաշրջանից հայտնաբերվել են արվեստի բարձրաճաշակ ստեղծագործություններ, հայտնի են գրի ու գրականության, մաթեմատիկայի եւ բժշկության բնագավառի ակնառու ստեղծագործություններ: Ք. ա. III հազարամյակի վերջից, երբ Եգիպտոսը մտել էր Միջին թագավորության ժամանակաշրջան, մինչեւ Ք. ա. XVIII դ. վերջերը Եգիպտոսին անհայտ էին բրոնզը (գործածվում էր պղինձը), ձիաբուծությունը, մարտակառքերը: Հիքսոսներն էին, որ եգիպտացիներին ծանոթացրեցին այդ ամենի հետ:
Տեղեկանք.
Գերմանացի ականավոր արեւելագետ Մաքս Մյուլլերը, ցույց տալով, որ հիքսոսների տիրապետությունը տարածվել է շատ հյուսիս (մինչեւ Փոքր Ասիա եւ Հայկական լեռնաշխարհ), գտնում է, որ պատահական չէր Ավարիսի տեղի ընտրությունը. այն պետք է գտնվեր նրանց տերության կենտրոնական շրջանում: Հնարավոր համարելով դա` իր հերթին ականավոր ռուս արեւելագետ Բ. Ա. Տուրաեւը գտնում է, որ «հիքսոսների դարաշրջանն ունեցել է կարեւոր մշակութային նշանակություն. այն առաջին անգամ մեկ քաղաքական օրգանիզմի մեջ է միավորել Եգիպտոսն առաջավորասիական քաղաքակրթության մարզերի հետ»:
Тураев Б.A., История Древнего Востока, ч. 1, СПб., 1913, с. 257.
Հիքսոսները, ըստ Մանեթոնի, ունեցել են երկու դինաստիա` Եգիպտոսի պատմության XV եւ XVI հարստությունները: Նրանք իշխել են ավելի քան մեկ դար` մինչեւ Ք. ա. մոտ 1580թ.։
Մարտավարությունը
Ըստ պահպանված տեղեկությունների` հիքսոսները հեռացել են Եգիպտոսից դեպի հյուսիս-արեւելք: Ընդ որում, Թեբեի զորքերը, որ առաջնորդում էին ապստամբ եգիպտացիներին, պաշարում են հիքսոսների մայրաքաղաք Ավարիսը: Երկարատեւ պաշարումը ոչինչ չի տալիս եգիպտացիներին: Այս տեղեկությունը վկայում է, որ հիքսոսների բանակի զինանոցը հարուստ էր ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունների մարտավարական հնարքներով: Երկկողմանի հյուծիչ հակամարտությունը կողմերին առավելություն չէր տալիս, եւ ի վերջո սկսվում են բանակցություններ, որոնք ավարտվում են հաշտությամբ. հիքսոսները համաձայնում են առանց պատերազմի եգիպտացիներին թողնել իրենց երկիրը եւ վերադառնալ հայրենիք: Այնուհետեւ եգիպտացիները որոշում են վրիժառու պատերազմ սկսել հիքսոսների տերության դեմ, որը չափազանց երկար է տեւում: Միայն հիքսոսներին պատկանող Պաղեստինի հարավում գտնվող Շարուխեն ամրոցի պաշարումը շարունակվում է վեց տարի…
Եզրակացություն
Ք. ա. XVIII դ. երկրորդ կեսին Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ մեկնարկած երկրորդ ռազմական արշավանքը եւս ոչ միայն պսակվել է հաղթանակով, այլեւ իր հետ բերել ավելի քան հարյուրամյա տիրապետություն եւ քաղաքակրթական մեծ ազդեցություն Եգիպտոսում։
Մեր Հաղթանակները, հտ. Ա., էջ 58-62