«Ջավախք. հայկական ավանդապատում»
Նվիրում եմ Սարգիս Դարչինյանի, մի մարդու պայծառ հիշատակին, ով Վրաստանում մղում էր ծանր ու ահեղ պայքար հանուն Հայ տեսակի ինքնության և մեր ազգային արժանապատվության և միշտ հաղթում էր:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում՝ Ռոմանոս Սահակյանին, Ռուբեն Նահատակյանին, Մովսես Նաճարյանին, Օֆելյա Ստեփանյանին, իրենց ցուցաբերած աջակցության համար:
Ծիրանի ծառ
Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի.
Պտուղներս քաղցրահամ
Բոլոր մարդկանց պիտանի:
Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան.
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:
Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ.
Հյութս որդունքն է ծծում,
Իմ տունկերուս փոխանակ:
Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան:
Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ՝ աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց:
Ուղարկեց մի այգեպան,
Հարավից հսկա իշխան.
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական:
Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ:
(Ջիվանի «Ջավանի»)
Հնագույն ժամանակներից Հայկական լեռնաշխարհը համարվել է Աստվածների երկիր, իսկ ազգն` Հայք դյուցազնական: Նրանք համայն մարդկությանը տվել են Աստվածային օրենքներ, գիտություն, արվեստ և արհեստներ: Ես այժմ ձեզ կպատմեմ հայ ազգի վաղնջական ժամանակների հիշողությունների գրքից Ջավախք աշխարհի մասին հնագույն մի ավանդապատում:
Արարումից հետո Արարիչը շատ սիրեց այդ աշխարհը: Եվ որպես Իր սիրո վառ ապացույց այդ աշխարհի երկնքում թողեց «Է» արարչագործության խորհրդանիշը: Իսկ այդ կուսական հողում Իր սերմերը ցանեց և այն խնամելու ուղարկեց այգեպանին: Այգեպանը Արարչի ամենասիրելին էր՝ Արամ Աշխարհակալի թոռ, Արա Գեղեցիկի որդի Արի Կարդոսը: Վերջինս մեծ երկյուղածությամբ և սիրով ներկայացավ Արարչին: Արարիչն ասաց.
-«Արի Կարդոս Հայկազուն, գիտցիր, որ դու Թորգոմա Տան դյուցազուններից ես: Թորգոմի որդիներից յոթ մարդ հայտնի դարձան, որպես հզոր ու անվանի հսկաներ: Նրանց անուններն են, առաջինը՝ Հայկ, երկրորդը՝ Բարդոս, երրորդը՝ Մովական , չորրորդը՝ Լեկան, հինգերորդը՝ Հերոս, վեցերորդը՝ Կովկաս, յոթերորդը՝ Էգրոս : Այս յոթ եղբայրները հսկաներ էին, սակայն Հայկը ամենից առավել հսկա էր, քանզի նրա նմանը երբեք չի եղել ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ հետո՝ ուժով, մարմնով ու քաջությամբ: Եվ դու Հայկի դյուցազուն զարմն ես: Կարդոս, Ես Իմ օրհնությունն եմ տվել, և՛ Թորգոմին, և՛ Հայկին, և՛ քեզ, և՛ ազգին Հայոց: Արարչագործության սրբազան օրենքի համաձայն` դու պետք է ամուսնանաս և սրբազան ընտանիք կազմես: Ես օրհնելու եմ նաև քո անդրանիկ զարմին: Ես նրան բազմաթիվ պարգևներ եմ տալու և Իմ արարած երկիրն իր անունով եմ անվանելու: Իմ Օրհնությամբ և Կամոքն նրան Ջավանի կանվանես, իսկ Ես իմ արարած երկիրը՝ Ջավախք: Ջավը աստղաբույլ յոթնեղբայրն է: Ջավանի անունը նրան կտաս, որովհետև նա յոթ եղբայրներից ամենահզորի՝ Հայկի ժառանգորդն է լինելու: Իսկ Փոքր Արջ աստղաբույլը երկնքում, իր յոթ պայծառ աստղերով, Ջավախք աշխարհի աստեղատունն է լինելու: Փոքր Արջ աստեղատան ամենապայծառ աստղը՝ Բևեռային աստղն է, իսկ երկրի վրա նրա խորհրդանիշը կլինի Արագած լեռը և քո որդին՝ Ջավանին: Նա իր ազգի համար ջահ-ուղեցույց կդառնա, ինչպես Հյուսիսային Բևեռային աստղը՝ ողջ մարդկության համար»:
Կարդոսը խոնարհվեց և սպասեց մինչև Արարիչն անհետացավ: Նա զգաց, թե ինչպես է իր մեջ ավյունը լցվում, ինչպես է ինքը հզորանում: Արագածի լանջին, 3000 մետր բարձրության վրա, տեղակայված Քարե լիճը մրցում էր երկնքի հետ իր լազուրով և թափանցիկությամբ: Կարդոսը ցանկացավ լողալ այդ լճում՝ վայելել պարգևն Արարչի: Ջրի պաղությունը նրան իրականություն վերադարձրեց: Նա հարյուրապատիկ անգամ զորացավ և իմաստնացավ: Ջրից դուրս եկավ, պառկեց կանաչին և խորը քուն մտավ: Աստվածամայր Անահիտը հայտնվեց երազում և մայրաբար ժպտաց Կարդոսին ու ասաց.
-Կարդոս, որդիս, Արարչի Կամոք և Իմ ցանկությամբ այս հրաշք լճի սպիտակ փրփուրից, լույս արեգակի հուր ճառագայթից, օդից, եթերից, լեռ վեհությունից և հզոր սիրուց, Հայրը քեզ համար կին արարեց, անունը նրա Վեհանուշ դրեց: Ես Վեհանուշին հոգով սիրեցի, նրան պարգևեցի շատ հատկանիշներ՝ կանացիություն, նազանք, հեզություն, վեհություն, համբերություն, ներողամտություն, անկեղծություն, հավատարմություն, եզակիություն, սեր և մայրություն: Նա իր գեղեցկությամբ կարող է մրցել դիցուհիների հետ, հեզությամբ՝ եղնիկի, ընտանիքի և երեխաների պաշտպանության համար՝ մայր առյուծի հետ, ամուսնու համար կլինի պահապան հրեշտակ, օջախը կպահի միշտ վառ ու պայծառ: Իմ և Հայր Արարչի օրհնությունը միշտ կլինի ձեզ հետ:
Կարդոսն արթնացավ, բայց Աստվածամայր Անահիտն արդեն անհետացել էր: Նա մոտեցավ լճակին և ժպտաց նրան: Ինչ-որ հարազատ զգացմունքներ արթնացան նրա մեջ: Կարդոսին թվաց, թե լճակն էլ իրեն ժպտաց հանկարծակի հայտնված կոհակի և նրա մակերևույթին խաղացող արևի ճաճանչներով: Կարկաչի մեջ առվակի, որը լիճն էր լցվում, նա կնոջ զրնգուն ծիծաղ լսեց: Հենց Քարե լճակից դուրս եկավ Հրաշք հայկազն դիցուհին: Արարչի կանթեղի լույսը ծիածանվեց` և Արագածը հյուսիսային և բևեռն հարավային իրար հետ կապեց: Հետո այդ լույսը պարուրաձև պտտվելով իր մեջ պարուրեց Վեհանուշին ամբողջապես: Սիգաճեմ քայլքով և վեհ կեցվածքով Վեհանուշը մոտեցավ Կարդոսին և հենց այդ պահին, այդ երկուսի սիրո զորությամբ ծաղիկը ծաղկեց, թռչունը երգեց և ողջ երկիրը երփներանգ ծաղիկներով և նրանց բույրով ու գույներով լցվեց: Կարդոսը գրկեց Վեհանուշին, ճակատը համբուրեց և գլուխ խոնարհեց ու փառաբանեց Արարչին և Աստվածամայր Անահիտին` պարգևի համար: Այդպես, ժպտալով իրար` լեռնից իջան ցած:
Այդ օրը տոն էր: Ցնծում էին, և՛ մարդիկ, և՛ բնությունը: Արարչի օրհնությունը պարուրել էր աշխարհն Հայոց: Տիեզերական հարսանիքից ինն ամիս հետո Ջավանին ծնվեց: Աստվածամայր Անահիտը մանկան գլխին լուսապսակ դրեց և օրհնեց նրան, իսկ Հայր Արարիչը՝ Խաչ Պատերազմին կապեց աջ բազկին և Իր օրհնությունն ու զորությունը Ջավանիին տվեց:
Արի Կարդոսը որդուն նվիրեց Արարչի արարած սրբազան Ջավախք աշխարհը: Ջավախքում Կարդոսը քաղաք հիմնեց և այդ քաղաքում ամուր բերդ կառուցեց: Ջավախք աշխարհի արարման և Ջավանիի ծննդյան առթիվ այն Ծնունդա անվանեց (հետագայում ժողովրդական խոսակցական լեզվի մեջ այն Ծունդա-ի փոխվեց): Մարդկանց բերեց և այդ հովտում բնակեցրեց ու հովիտը՝ Մարդաստան կոչեց: Այս մարդիկ սիրեցին իրենց Ջավախք աշխարհը ու Ջավանիին և հետևյալ օրհներգը ձոնեցին նրանց.
Ջավախք, երկիր դու Հայոց՝ հզոր և պանծալի,
Արարչի Կամոք արարված, զավակը Տավրոս ու Կովկաս լեռների,
Վեհագույնդ դու երկիր հայոց քաջերի և մարգարեների,
Արարչի սերմից արարված, արարչական անեղծանելի,
Խորհուրդն արարման հասկացար դու, օրհնյալ ես Ջավանի,
Քեզ սիրեցին Հայր Արարիչն ու մարդիկ Ջավախք աշխարհի:
Դարերի խորքից ծնվեցիր, եկար և առանցք դու դարձար,
Ու ողջ աշխարհն է շուրջդ պտտվում, ինչպես ջաղացքար:
Աշխարհն Հայոց քեզ իր Օջախն է համարում,
Շնորհալի մարդիկ ես միշտ դու պարգևում,
Խենթ են նրանք, թե խելացի, պայքարում են հանուն սիրո, արդար հացի,
Անգամ նրանք չեն պարծենում իրենց տրված մեծ պարգևի,
Րոպեներում շուտ ընկալում են իմաստը դարի,
Հոգով հզոր, մտքով զորեղ և հանճարեղ մեր Ջավանի:
Հյուսիսային Աստղն է երկնքում՝ խորհուրդը Ջավախք աշխարհի,
Արջն է փոքր, յոթ աստղերով՝ թագվո բևեռի,
Յոթնեակի անգամ Արարչի կողմից հողդ օրհնվի,
Որպեսզի մարդիկ ուղղորդվեն աստղով Բևեռ-Հյուսիսի,
Ցնորք դու Ջավախք, հրաշք Հայք երկրի:
Ծունդայում մարդիկ բազմացան: Հիմնականում նրանք զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, խեցեգործությամբ, հանքերի և մետաղների մշակմամբ, մարտարվեստով: Բոլորը՝ փոքրից մինչև մեծը, զբաղվում էին մարտարվեստով: Ծունդայի բնակիչների հերոսություններն ու քաջագործությունները ամենուրեք հայտնի էին: Եվ պատահական չէ, որ մյուս մարդիկ Ծունդան անվանում են նաև Քաջաց տուն:
Եթե մյուս երեխաները տարով, ապա Ջավանին օրեցօր էր մեծանում: Տասը տարեկանում նա հմտորեն տիրապետում էր մարտարվեստին: Թմուկ (Տյումուկ) քրմապետը նրա ուսուցիչն էր: Նա մանուկ Ջավանիին մարտարվեստի հետ միասին նաև տարբեր գիտություններ էր սովորեցնում: Հիմնական ուշադրությունը քրմապետը դարձնում էր աստղագիտությանը: Անմատչելի և անառիկ վայրում նա կառուցում է Թմուկա բերդը: Վեց ապառաժոտ մոտ 1800 մետր բարձրության լեռներ միմյանց կպած և ձգված են Կուրի ուղղությամբ, հարավից հյուսիս: Սրանցից երեքը, որոնցից դեպի հյուսիս գտնվում են երկու, իսկ դեպի հարավ մի լեռ, մյուսներից փոքր-ինչ բարձր են, և ահա այս երեք լեռների վրա կառուցվեց այդ ամրոցը, որի երկարությունը 213, իսկ լայնությունը` 40 մետր էր: Պարիսպը, որի լայնությունը 1 մետր է, կրով և տեղ-տեղ սրբատաշ քարերով շինված, բոլորում է այս երեք լեռների շուրջը, յուրաքանչյուրի վրա մի աշտարակ բարձրացնելով ու ձգվում գնում է կողքի լեռները, ուր միանում է յուրաքանչյուրի վրա շինված մի-մի աշտարակի: Բուն ամրոցի հանդեպ, արևելյան կողմը բարձրանում է այս երեք լեռներին կպած մի տափարակ բլուր, որ նույնպես պարսպապատ է: Ամբողջ բերդն ունի երեք դուռ` հարավից, հյուսիսից և արևելքից: Այս բլրի վրա է հենց գտնվում Թմուկ քրմապետի կացարանը: Հարավային դռան մոտ մի ստորերկրյա անցք ժայռի միջով իջնում է մինչև Կուրը` ջուր բերելու համար: Բլրի առջև կանգնած է 6,5 մետր բարձրության մի հրաշագեղ կոթող` դա Մայր տաճարն է, և նրա շուրջը կառուցված են շատ կացարաններ: Մայր տաճարում նա քրմական դասի հետ ուսումնասիրում էր մոլորակներն ու նրանց շարժումը և աստեղատները: Ջավանին փոքրուց մեծ հաճույքով էր մասնակցում այդ դասերին:
Քրմապետը Ջավանիին սովորեցնում էր երկնային աստեղատների դասավորությունները, նրանց տեղաշարժերը, որոնց շնորհիվ կարելի է հաշվարկների միջոցով ճշգրտել, թե տարին ինչպիսին կլինի` երաշտային թե՞ անձրևային, սերմացուն երբ ցանել, բերքը երբ հավաքել, երբ ճանապարհորդել, երբ ամուսնանալ, երջանիկ և աստվածային ընտանիք կազմել, և երբ պատերազմել թշնամուն ջախջախելու համար:
Ջավախքում ապրող Արի Կարդոսի սերունդը` Արիները կառավարում էին ամբողջ Կովկասը և այդ տարածքում ապրող մարդկանց որդիներին սովորեցնում էին բոլոր գիտությունները, արհեստները, զարգացնում էին անասնապահությունը, գյուղատնտեսությունը: Կարդոսի սերունդին` այնուհետև արիներին, մարդիկ ուսուցիչներ և Աստվածներ էին համարում:
Թմուկ քրմապետը Ջավանիին սովորեցնում էր աշխարհարարման ողջ պատմությունը: Նա ասում էր.
-Ջավանի պատանյակ, առաջին բանը որ Արարիչն արեց, դա երկինքն ու երկիրը իրարից բաժանելն էր: Ջրի մի մասը երկնքում մնաց, մնացածը կազմեցին հետևյալ չորս գետերը` Եփրատ, Քուր, Արաքս և Սև ջուր: Երկինքը յոթ շերտից է բաղկացած` առաջին շերտը ամպն է, մյուսները` ջուրը: Երկնքի ծայրը և վերջը օվկիանի վրա է դրված: Արևն ամեն օր ծագում է և երեկոյան մայր է մտնում, գնում մոր` օվկիանի մեջ է հանգրվանում, որպեսզի առավոտը նորից ծնվի և պտտվի աշխարհի շուրջը: Արևը մայր մտնելուց հետո գետինը խաչված են համարում, դրա համար էլ չեն փորում:
Երկնքի անհամար աստղերից յուրաքանչյուրը պատկանում է մի մարդու և երբ սրա վախճանը հասնում է` աստղը վայր է ընկնում: Սրանց մեջ կան պոչով (գիսավոր) աստղեր, որոնց երևալը պատերազմ լինելու կամ թագավորի մեռնելու նշան է համարվում: Բոլոր աստղերը երկու տեսակ են լինում` բարի և չար: Բարի աստղի տակ ծնածը` երջանիկ, չարինը` դժբախտ է լինում: Աստղերը կարող են զորություն և իմաստնություն տալ մարդկանց: Եթե մարդը խմի քարի փոսի մեջ հավաքված ջրից, որին աստղը խփել է, ապա կիմաստնանա և շատ զորավոր կլինի: Նրան արգելված է ամուսնանալ: Նա պետք է քուրմ օծվի: Նա կկարողանա հոգիների հետ շփվել, գուշակություններ անել և ճակատագրեր փոփոխել: Ջավանի, դու քո երկրում պահիր Արարչի սրբազան օրենքները և պատվիրանները, և երկիրդ կծաղկի: Աստծո որդիները սիրով և համերաշխ կապրեն մարդկանց որդիների հետ:
Ջավախք աշխարհի ամենաբարձր լեռն է Ահուրը (հետո դարձել է Աբուլ), որը բարձրանում է Ջավախքի հենց կենտրոնում: Նա մի քանի գագաթ ունի, բայց երկու մեծ գագաթները 21 մետր միմյանցից հեռու են: Մեծ Ահուրի բարձրությունն է 3301 մետր, փոքրինը` 2803 մետր: Մեծ Ահուրից բխում է մի քաղցրահամ աղբյուր: Նոր տարուն և Ամանորին այդ աղբյուրի ջուրը խմողը առողջանում է և ֆիզիկապես զորանում, իսկ հոգևոր մարդիկ կարողանում են տեսնել անցյալն ու ապագան: Փոքր Ահուրի լանջին կառուցված տաճարում է քո հայրը` Կարդոսը հանդիպում Արարչի հետ: Երկու Ահուրաների միջև է Ահուրափառ լիճը:
Ահուրի շրջակայքը և Ջավախքի այս արևելյան մասը բարձրավանդակ է և շատ լեռնոտ: Այս կողմում գտնվող Փարվանա լիճը փռված է 2140 մետր բարձրության վրա: Մեծ Ահուրից հյուսիս-արևելք Փարվանա (Թափարվան) լճի դիմաց բարձրանում է Կոտորե լեռը, որը Ահուրից հետո, երկրորդ բարձր լեռն է: Սա ծովի մակերևույթից 3192 մետր բարձր է, գագաթից պարզ եղանակին երևում են` Արագած, Մեծ և Փոքր Մասիսներ, Կազբեկ և Էլբրուս լեռները:
Կարդոսի կառուցած ամենամեծ քաղաքն ու բերդը Ախալքալաքն է. ”Ախալ”-ի ”Ախ”-ը նշանակում է պարսպապատ բնակավայր` իր միջնաբերդով, «Ալ»-ը` Աստծո լույսն է, հետևաբար ”Ախալքալաք” նշանակում է Աստծո և Արևի լույսի միջնաբերդ քաղաք: Թափարվան և Քառասունակն գետերը միախառնվելով` ձևացնում են մի պայտաձև թերակղզի, որի վրա է այն գտնվում: Բերդը կառուցված է թերակղզու ծայրին` հենց քաղաքի մեջ, որի երեք կողմերը ձգվում են դեպի ընդարձակ զառիվայրերը: Քաղաքն ամբողջովին պարսպապատ է, և միայն արևելյան և արևմտյան ձորերի մեջ բացված ճանապարհներով է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ:
Հետո քրմապետը խոր շունչ քաշեց և շարունակեց.
-Իսկ այժմ, Ջավանի, դու տես, թե մարդկանց որդիները, նրանց հոտերն ու նախիրները, որքա՞ն են բազմացել: Մարդկանց բնակության համար հողատարածքներ են պետք:
Ջավանին քրմապետին ուշադիր լսեց: Հետո նա ծնկի եկավ և սկսեց փառաբանել Արարչին` Նրա պարգևած բոլոր բարիքների համար.
-Հայր Արարիչ, Ամենակարող և Ամենազոր: Քեզ եմ ես փառաբանում և երկրպագում: Առանց Քո Կամքի արեգակը չի կարող ծագել և մայր մտնել: Առանց Քո Կամքի սերմը չի ծլի և ծառը չի ծաղկի: Առանց Քո Կամքի ոչինչ չի լինի: Խնդրում եմ Քեզ, Հայր` մեծացրու և ընդարձակիր երկիրն իմ, որը Դու ես ինձ նվիրել, իմ նախահայր Թորգոմի, Հայկի, Կարդոսի անմնացորդ նվիրվածության համար, որպես վարձք: Թող մեծանա և ընդարձակվի երկիրն իմ Ջավախք Քո փառքի համար:
Հայր Արարիչը լսեց Ջավանիին և պատասխանեց.
-Սիրելով քեզ և քո նախնիներին, նրանց կատարած բոլոր աստվածահաճո գործերի համար Ես Ջավախքը մեծացնում և ընդարձակում եմ որպես Վարձք: Իմ օրհնությունը թող լինի ձեզ հետ և Աստվածամայր Անահիտին նվիրված մի անձեռակերտ տաճար կերտեք այդ Վարձքում և այն անվանեք` Վարձունիք, կամ Վարձիա:
Ջավանին խոնարհվեց և լռելյայն իր շնորհակալությունը հայտնեց Հայր Արարչին: Արարչի նվիրած Վարձունիքը գտնվում է Կուր գետի ձախ ափին: Գետից մոտավորապես 80.5 մետր հեռավորության վրա ահագին ժայռեր են վեր խոյանում: Դրանց մեջ Ջավանիի կարգադրությամբ արհեստավորները արվեստորեն փորեցին յոթ հարյուրի չափ սենյակներ, տաճարներ և այլ շինություններ: Ընդհանրապես բոլոր շինությունները շատ հմուտ են փորված և բաղկացած են 2-4 սենյակներից, 2 մետրից ավելի բարձրության և զանազան մեծության: Ամբողջ շինությունը բաղկացած է յոթ հարկից, որոնցից յուրաքանչյուրի կտուրը ծառայում է երկրորդին որպես պատշգամբ, կամ ճանապարհ: Առաջին հարկը գետնից մոտ 40 մետրից բարձր է: Այս հզոր շինությունը ունի միայն երկու ճանապարհ ժայռի երկու կողքերից ու սրանք 2 մետրից ավելի բարձրության և մեկուկես մետր լայնության կամարաձև անցքեր են, որ ժայռի ստորոտից տեղ տեղ ոլորվելով բարձրանում են մինչև վերջին հարկը, յուրաքանչյուր հարկի համար դռներ բանալով: Ջավանին այստեղ ժայռը փորել տվեց և Աստվածամայր Անահիտի տաճարը կառուցեց, և միշտ գալիս էր և փառաբանում Աստվածամորը:
Քրմապետի հոգին ուրախությունից ցնծում էր: Ջավանին հոգևոր Աստվածատուր վարդապետության և հավատքի մեջ շատ էր զորացել: Նա արդեն պատրաստ էր արարչագործության և հավատքի մասին ողջ ճշմարտությունը լսել և ընկալել: Քրմապետը մի պահ ժպտաց Ջավանիին և ասաց.
-Ջավանի, իմացիր, արարման այս վայրում Արարիչը խոսել է Արի Կարդոսի հետ: Նա ասել է. «Կարդոս գիտցիր, Իմ սերմն եմ գցել Ջավախքի կուսական հողին, Իմ սերն եմ տվել, արարման Ոգին Ես քեզ եմ տվել, պետք է այն սիրել, սիրով խնամել: Սա պետք է լինի հողը հանճարի և կարևոր մասն է Հայոց աշխարհի: Քանզի մեծ սիրով Ես արարեցի, Հոգու զորությամբ նրան օժտեցի, Ջավանի-Ջավախք նրան կոչեցի: Ջավախքը հոգևոր զավակն է Հայր Արարիչի: Եվ երկիրն այս` Ջավախք-Ջավանի հանճար կծնի և հանճարներով երկիր կլցնի: Կարդոս, դու սիրով պահիր երկիրն սրբազան, քանզի նշանն եմ դրել արարման, Բևեռ Հյուսիսի պայծառ աստղը նրա երկնքում, իսկ երկրի վրա հենց նրա դիմաց լեռն Արագածի: Ամբողջ տարին Բևեռային Աստղը պետք է երևա, ողջ մարդկությանը ուղղություն ցույց տա: Արագած լեռն էլ իր խորհուրդն ունի: Այս լեռան վրա դուք, հայոց ազգի առաջնորդներով պետք է օրհներգեք, ընծաներ մատուցեք Արարչին: Լեռան գագաթին գահն Իմ կլինի, հրաչյա Կարդոս, և ջահը երկնի` աստղը բևեռի, ամբողջ գիշերը պիտ լուսավորի: Դա կանթեղն է Իմ: Այս լեռան վրա մազե կամուրջի սկիզբն է դրված, իսկ վերջը նրա` երկինքներում է: Բարեգործների, բարեպաշտների ոգին այդ պայծառ, մի շատ գեղանի աղջիկ է նրբիկ` անունը Փառիկ: Երկնային Աստվածների օրհնությամբ, և նրա միջոցով եթե նրանք մազե կամուրջը անցնեն` լավագույն և վեհագույն կայանին կհասնեն: Հենց այս լեռան բարձունքում դուք Մայր Անահիտին պիտ փառաբանեք, և պիտ աղերսեք, որպեսզի ամբողջ աշխարհին տիրություն անեք: Իմ արարած երկրին արիական սիրով կնայեմ: Ես Արարիչն եմ լույսի, ցոլքի, սիրո, ջերմության: Եվ սիրով եմ կառուցել իմ լուսաշող հանգստավայրն այս գեղաճաճանչ բարձունքներում, ուր օդը միշտ մեղմ և բարեխառն է, ուր գոյություն չունեն ցուրտը, տապը, խավարը, մութը, հիվանդությունն ու պղծությունը և այդ սրբազան վայրը Արդարության արեգակը հրեշտակների հետ է զարդարել, որպեսզի Ես Իմ հազար աչքերով ի զորու լինեմ բնօրրանն Արիաց պահել, պահպանել: Առավոտ ծեգին, մշտնջենապես, բարձրանիստ Իմ գահից, Ես Իմ արարած աշխարհը դիտեմ: Արագած լեռը առաջինն էր` որ արարեցի: Մյուս լեռներն էլ Արագած լեռից սերվեցին: Եթե այդ լեռները բոլոր Իմ արարչական 18 տարում բարձունքի հասան` ապա պանծալի լեռն Արագած 800 տարում Ես արարեցի, վերջնական տեսքի բերեցի: Բոլոր լեռներն էլ Արագած հզոր լեռից են սնվում` և բազմաբյուր թելով կապված են իր հետ: 800 տարում լեռն արարեցի, և այն չորս փուլով ի մի բերեցի: Երկրորդ նստավայր լեռը Իմ գահի` Ահուր (Աբուլ) լեռն է Ջավախք աշխարհի: Առաջին փուլում` երկնքում աստղերն Ես արարեցի և Ջավախք սրբազան աշխարհին համապատասխանում է Փոքր Արջն է իր յոթ աստղերով, ուր շատ վառ ու փայլուն Բևեռային Աստղն է ամենապայծառ: Երկրորդ փուլում լուսնյակն արարվեց, իսկ երրորդ փուլում` արեգակն արդար: Եվ վերջին փուլում 200 ամյա` Արագած լեռը` հզոր, սրբազան, երկնի անհունի հավերժող լույսի հետ է միացյալ: Կյանքի աղբյուրից, գահից Իմ հզոր, Արագած լեռան ողջ երկարությամբ 999 երկնային գետեր են հոսում, և ծովեր-լճերը, դաշտ-արոտավայր-անտառները խիտ լիցքավորում են կենդանուն, բույսին նաև մարդուն: Արագած լեռը սյունն է երկնքի և արև, լուսնյակ, աստղերը բոլոր, ջրանիվի նման շուրջն են պտտվում»:
Քրմապետն ավարտեց իր խոսքը: Ջավանին լուռ մոտեցավ քրմապետին, նա աջը դրեց Ջավանիի գլխին և օրհնեց նրան: Թմուկ քրմապետի աչքերը փակ էին և երեսին երկնային ժպիտ կար, իսկ փակ կոպերի տակից արցունքներն էին հոսում: Նա փառաբանում էր Արարչին, որովհետև Ջավանին արդեն հասուն այր էր: Նա քաջ էր, բարի և շատ գիտուն: Արդեն լրացել էր Ջավանիի տասնվեց տարին: Նա խարտյաշ, գանգրահեր, հրաչյա մի հսկա էր: Նրանից ճառագում էր բարությունը, անկեղծությունը և սերը: Կարդոս Նահապետը հավաքեց երկրի քրմական խորհուրդը և հայտարարեց.
-Հարգարժան տիարք, իմ միակ զավակը, Ջավանին արդեն հասուն է, և եկել է նրա ամուսնության ժամանակը: Խնդրում եմ որդուս համապատասխան կին ընտրեք: Քրմական խորհուրդը թող աղոթքով Աստվածամայր Անահիտի օրհնությունը խնդրի` որ Աստվածամայրը Ջավանիին համապատասխան կին կպարգևի:
Կարդոսը լռեց: Քրմապետ Թմուկը ասաց.
-Վեհագույնդ և ծիրանածին Կարդոս, Ջավանին արդեն հասուն է և կատարյալ տիրապետում է և’ մարտարվեստին, և՛ բոլոր գիտություններին: Թող նա իր համար կին փնտրի և ընտրի: Եթե Աստվածամայր Անահիտի օրհնությունը ստանա, ապա նա շատ արագ կգտնի իր միակին: Եկեք երեք օր նրան ժամանակ տանք և սպասենք:
Կարդոսը համաձայնեց Թմուկի հետ և ժողովականներին ազատ արձակեց:
Ջավանին շատ էր սիրում Ջավախք աշխարհը և’ հոգով, և’ սրտով, և’ ողջ էությամբ կապված էր իր երկրի հետ: Ջավախքը շատ հարուստ է փոքրիկ լճերով, որոնցից նշանավոր է` Ծովակն Հյուսիսո, քանզի գտնվում է ուղիղ Հյուսիսային Աստղի տակ: Մյուս նշանավոր և ամենամեծ լիճը` Փարվանա, կամ Թափարվան լիճն է: Այն գտնվում է Ջավախքի արևելահյուսիսային սահմաններում և ծովի մակերևույթից 2098 մետր բարձր է: Լճի ջուրը անուշահամ է և ականակիտ: Ջավանին իր ապագա կնոջը տեսել էր հենց այս վայրում: Նա միշտ սպասումների մեջ էր: Գիտեր, որ Աստվածամայր Անահիտի կամոք ինքն անպայման կհանդիպի իր ապագա կնոջը: Աստվածամայր Անահիտը տասնվեց երկար տարիներ սպասել էր Ջավանիի հասունացմանը: Եվ ահա պահը եկել էր:
Փարվանա լիճը իր փերին ուներ, ով միշտ օգնում էր մոլորված մարդկանց և ձկնորսներին: Ձկնորսներն էլ միշտ իրենց բռնած առաջին ձկները նվիրաբերում էին Աստվածամայր Անահիտի տաճարին և լճի տիրուհուն` Գոհար- Ջավահիրին: Գոհարը երկնային գեղեցկություն ուներ: Ամեն օր կեսգիշերին նա, լճի կենտրոնում, կանգնում էր ջրի վրա, և լուսնի ու աստղերի լույսը ընկնում էր նրա վրա: Իսկ Գոհարն ինքը որպես ջահ իր լույսով ողողում էր ողջ լիճը մինչև լուսաբաց, որպեսզի մոլորված անցորդը գա դեպի լույսը, իսկ հյուրասեր ձկնորսները նրանց հյուրասիրում էին կարմրախայտ ձկով: Մարդիկ իրար միշտ պատմում էին նրա մասին, բայց իրականում ոչ ոք, բացի պայծառ լույսից, չէր տեսել Գոհարին:
Օրերից մի օր Աստվածամայր Անահիտը հայտնվեց փերուն և հարցրեց.
-Գոհար` ջահ լուսավոր, կցանկանայի՞ր լինել մահկանացու, սիրեիր և սիրվեիր, քո սիրելիի հետ ամուսնանայիր, ընտանիք կազմեիր և նրա համար երեխաներ ծնեիր:
Գոհարը պատասխանեց.
-Մայր Անահիտ, իսկ լիճը, լույսը, մոլորված անցորդները, ձկնորսները: Աստվածամայր, իսկ ի՞նչ է սերը, չէ՞ որ ես սիրում եմ Քեզ, Հայր Արարչին, լճակը, մոլորված մարդկանց, ձկնորսներին: Ի՞նչն է պատճառը, որ Աստվածամայրն Ինքն է եկել ինձ մոտ: Խնդրում եմ բացատրիր:
Աստվածամայր Անահիտը պատասխանեց.
-Ցորենը ծլում է, ծառ ու ծաղիկ ծաղկում են, թռչունները ճռվողում են, գազանները բարիանում են: Արևն է սիրով ժպտում, լճակն է սիրով ծփում, մարդիկ են սիրով արբենում, Արարիչն է սիրով արարում: Ե՛վ կենդանական և՛ բուսական աշխարհն է սիրով բազմանում` և Արարչի Կամքը կատարում: Զավակը ծնված սիրո պտուղից` արարչագործ է դառնում Հոր նման: Նա ի ծնե հոգևոր է դառնում և աստվածային սիրո այդ կայծն իր մեջ է կրում:
Աստվածամայրը լռեց: Գոհարը խորհում էր: Նա ամբողջովին ընկալեց Մայր Անահիտի ասածը և սիրեց, բայց նա չգիտեր, թե ո՞ւմ է սիրում: Նա տխրեց և դիմեց Աստվածամորը.
-Փառք Քեզ, Մայր Անահիտ, ես զգացի այդ սերը, ես սիրեցի, բայց չգիտեմ, թե ո՞ւմ եմ սիրում: Կամոքն Արարչի ո՞ւմ պետք է սիրեմ, ո՞ւմ պետք է սիրով որդի պարգևեմ: Կամքն Արարչի պետք է կատարեմ, արդեն պատրաստ եմ:
Մայր Անահիտը պատասխանեց.
-Գոհար, Մեր արարչական Կամքով, լճակիդ ափին, դու կհանդիպես դյուցազուն Ջավանիին: Դուք երջանիկ զույգեր կլինեք, զավակներ կունենաք և Ջավախք աշխարհը կշենացնեք: Այսօր կեսգիշերին նա լճակ կգա լողալու: Դու կլուսավորես նրա ճանապարհը: Նա քեզ լույսերի մեջ կտեսնի և կսիրի: Ամպերը կծածկեն լուսինն ու աստղերը և քո լույսը մի պահ կկորչի: Ջավանին կկորցնի ուղղությունը և լողալուց կհոգնի, երբ կսկսի խեղդվել, հենց այդ պահին ամպերը կբացեն երեսը լուսնի ու աստղերի և դու քո լույսով կլուսավորես նրա ճանապարհը ու կփրկես Ջավանիի կյանքը: Հենց այդ պահից էլ, դու նրա համար տեսանելի կդառնաս և նա էլ քեզ կսիրի:
Հետո Մայր Անահիտն անհետացավ: Ինչպես Նա ասել էր, այնպես էլ եղավ: Ջավանին տեսավ, որ հրաշք մի փերի է իրեն մոտենում: Նա կորցրեց գիտակցությունը, և երբ ուշքի եկավ, տեսավ, որ ինքը գտնվում է ձկնորսական մի հյուղակում: Նրան ժպտալով և նազանքով մոտեցավ այդ թովիչ գեղեցկուհին: Նա շատ գեղեցիկ ու նուրբ ժպիտ ուներ, և ամեն անգամ յուրովի էր ժպտում: Աչքերով ժպտալիս կայծակի պես շանթահարում էր, իսկ հետո Ջավանին զգաց, որ սիրո ջերմությունն է լցվում սրտի մեջ: Իսկ Գոհարն արդեն շուրթերով էր ժպտում, և սիրո ջերմությունն ամբողջովին ողողում էր Ջավանիին: Երբ կիսաթեք հայացքով էր ժպտում, ասես սիրո խոստովանություն էր անում: Նրա ժպիտը կարծես բազմաթերթ և բոսոր վարդ լիներ, որը թերթիկ-թերթիկ բացում էր Ջավանիի հոգու թաքստոցները և այնտեղ հարուցում խենթացնող մեծ սեր: Գոհարի ներսից ճառագող լույսը, աչքերի մեջ ամբողջովին վերածվում էր սիրո և ջերմության: Գոհարը սեր էր ճառագում, լույս էր ճառագում, ջերմություն էր ճառագում: Եվ Ջավանին հասկացավ, որ Գոհարը իր կեսն է, և ամբողջացնում է իրեն, և առանց Գոհարի իր կյանքն իմաստ չունի: Նա իր ամբողջ հոգով զգաց Գոհարին, զգաց այն աստվածայինը, որը մեծ սիրով նրա մեջ, դրել էր Աստվածամայր Անահիտը: Նա Գոհարին ասաց.
-Եթե դու հրաշք ես, հազար ափսոս, ես իմ ողջ կյանքում կտանջվեմ, եթե իրական ես, ուրեմն ես ամենաերջանիկ մարդն եմ: Փառք Քեզ, Հայր Արարիչ, փառք Քեզ, Մայր Անահիտ, ինձ պարգևած այս մեծ հրաշքի համար: Գոհար, դու, Ջահ սիրո, ցանկանում եմ քեզ հետ ամուսնանալ: Եթե համաձայն ես, ապա գնանք պալատ, որպեսզի իմ հայրը, մայրը, Թմուկ քրմապետը և Ջավախք աշխարհի հայկազունները տեսնեն իմ ընտրյալին:
Գոհարը գլուխը խոնարհեց Ջավանիի առջև: Ջավանին Գոհարի ճակատը համբուրեց, և ձեռք ձեռքի տված միասին գնացին Քաջաց տուն: Ջավախք աշխարհը ցնծության մեջ էր: Ե՛վ Արարիչն էր ուրախ, և՛ Մայր Անահիտը, և՛ մյուս դիցերը, և՛ կենդանիները, և՛ բնությունը:
Կարդոսը և Վեհանուշը ցնծությամբ դիմավորեցին Ջավանիին և Գոհարին: Գոհարը ծնկեց և համբուրեց Վեհանուշի աջ ձեռքը: Վեհանուշը Գոհարին վեր բարձրացրեց, Կարդոսը նրա ճակատը համբուրեց և ասաց.
-Քանզի Ջավախք աշխարհին համապատասխանում է Փոքր Արջ համաստեղությունը իր յոթ պայծառ աստղերով և այն Արարչի նշան Է-ն է խորհրդանշում, և աշխարհով մեկ Թորգոմա տան յոթ հսկաներն են ճանաչված, ապա յոթը Ջավախք աշխարհի թիվն է: Ուրեմն, պետք է յոթ օր յոթ գիշեր հարսանիք անենք: Իսկ քրմապետը մյուս քրմերի հետ միասին, այդ ամբողջ ծիսակարգը թող վարի:
Մյուս օրը, Թմուկն ու մյուս քրմերը տաճարում հավաքվեցին: Նրանք խորը լռության մեջ աղոթքի նստեցին: Շատ ժամանակ էր անցել, երբ հանկարծ տաճարը լույսով ողողվեց: Բոլոր քրմերը միասին ծնկի իջան և երկրպագեցին: Միայն քրմապետն էր երկյուղածությամբ լույսին նայում: Լույսի միջից դուրս եկավ Աստվածամայր Անահիտը` պահապանը Հայոց աշխարհի, իր ողջ հանդիսավորությամբ: Քրմերն սկսեցին երկրպագել և փառաբանել Աստվածամորը: Երբ նրանք լռեցին Աստվածամայրը դիմեց քրմապետին.
-Կամոքն Արարչի և Աստվածամոր, այս միությունը օրհնվեց երկնքում: Եվ ընտանիքը կլինի հիմքը Հայոց աշխարհի: Հավերժ կմնա ազգն Հայոց, հավերժ: Հայր Արարչին միշտ փառաբանեք, Նրա օրենքով դուք առաջնորդվեք: Ուստրերդ հզոր` Առյուծ կորյուններ, իսկ դուստրերդ հեզ` եղնիկ սիգաճեմ: Եվ դժվար պահին` դուստրերը Հայոց արծիվ կդառնան, հպարտ կսավառնեն` և ուստրերի հետ թշնամուն կհաղթեն:
Աստվածամայրը լռեց: Քրմապետը խոնարհվեց և խոսեց.
-Մայր Անահիտ, Ջավանիի և Գոհարի հարսանիքը ինչպե՞ս կատարենք: Ի՞նչն է ամենագլխավորը այս ծիսակարգում:
Աստվածամայրը պատասխանեց.
-Թող բոլոր աղջիկները փեսացուին փառաբանեն` որպես Թագավորի, իսկ տղաները հարսին` որպես Թագուհու, որովհետև դա նաև հոգևոր միություն է: Այսպիսի միությունից անպայման դյուցազուններ, հանճարներ և հոգևոր մարդիկ կծնվեն: Եվ ազգն Հայոց հավերժ կգոյատևի:
Հետո Աստվածամայրը անհետացավ: Քրմապետը քրմերի հետ միասին դուրս եկան տաճարից: Քրմապետը հայտարարեց.
-Եկե՛ք Ջավախքի աղջիկներ, փառաբանեք Ջավանիին` որպես Թագավոր: Եկեք քաջեր հայկազունք փառաբանեք Գոհարին` որպես Թագուհի: Սա է պատգամը Մայր Անահիտի: Սերը մարդկային պետք է հոգևոր լինի, մեկ ամբողջ լինեն հոգով և մարմնով` որպեսզի ազգն Հայոց լինի զորավոր: Փառք Արարչին: Փառք Մայր Անահիտին:
Բոլոր հավաքվածները միաձայն գոչեցին.
-Փառք Արարչին, փառք Մայր Անահիտին:
Ջավախք աշխարհի երգիչը զորեղ, դյուցազն Ջավանիին և Գոհար փերուն իր երգը ձոնեց.
Արարիչը կապեց գոտին ծիածան,
Եվ յոթ գույներով բոլորը հիացան,
Մարդկանց հոգիները մեծ խինդ ապրեցան,
Արարիչը մեզ` Հզոր պահապան:
Թռչուններն իրենց երգը կապեցին և ճռվողեցին,
Աղբյուրներն իրենց քչքչոցներով նրանց միացան,
Ծառ, ծաղիկ իրենց բազմերանգ գույնով, նրբին բուրմունքով,
Հայր Արարիչին բույր խնկարկեցին, երկրպագեցին:
Երկիրը Ջավախք օծվեց գույներով, ծաղկանց բուրմունքով,
Եվ օրհնությունը Հայր Արարիչի, սիրով պարուրեց երկիրն Ջավանի,
Ու Աստվածամայր Անահիտը վեհ,
Իր Օրհնությունը Ջավախքին տվեց,
Գոհար, Ջավանու սերը Նա օրհնեց,
Յոթ օր յոթ գիշեր հարսանիք մաղթեց:
Ցնծա դու աշխարհ Հայոց քաջերի,
Ջավախք` Օջախդ միշտ հավերժ լինի:
Հավերժ փառք Հայր Արարչին, Աստվածամայր Անահիտին, բոլոր դիցերին, Կարդոս Նահապետին, Վեհանուշին, Ջավանիին, Գոհարին և Ջավախք աշխարհին: Փա~ռք նաև քեզ` ավանդապատումը ուշիմ լսողիդ, այսինքն՝ քեզ, որ այս բոլորը սրբազնորեն և անփոփոխ փոխանցելու ես ապագա սերունդներին:
Հեղինակ` Հրաչյա Հարությունյան