«Պատմությունը ազգի կենսափորձն է». Արցախ
Արցախ
(Հայկական հնագույն ավանդապատում)
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Օֆելյա Ստեփանյանին, Ռոմանոս Սահակյանին,
Ռուբեն Նահատակյանին, Մովսես Նաճարյանին իրենց ցուցաբերած աջակցության համար:
«Ծագում չունեցող ազգը չծնված ազգ է: Պատմություն չունեցող ազգը մեռած ազգ է: Ազգի պատմությունը եղելությունների պարզ հաջորդականություն չէ: Պատմությունը ազգի կենսափորձն է: Բայց պատմությունը ազգի կենսափորձ է դառնում, երբ ազգը վերապրում է այն իր զգայական, խոհական, երեւակայական որակներով եւ իմաստավորում այն սերունդների մեջ… Դիցաբանություն չունեցող ազգը չունի ծագում, չունի պատմություն, որպես կենսափորձ: Նշանակում է, որ նա չի ծնվել եւ չի ապրել: Նա պարզապես գոյություն է ունեցել որպես մի վիժված անկատարություն, որն իր գոյությունը պահպանում է միայն մակաբուծությամբ` սնվելով ուրիշի կենսագրությունից, ուրիշի կենսափորձից, ուրիշի հավատքից, ուրիշի բարքերից… Իսկ այդպիսին դեր չունի կյանքում, եւ նրա կյանքն ընդհանրապես ավելորդություն է»:
Սլակ Կակոսյան «Արարատյան դիցաբանություն»
Հայ ազգի հիշողության գիրքը լի է վաղնջական ժամանակների ավանդապատումներով և իրենց նախահայրերի՝ աստվածների վեհությամբ: Հարյուր հազարավոր տարիներ առաջ նրանք հպարտ և վեհագույն ազգ էին, ունեին շատ բարձր քաղաքակրթություն և յուրահատուկ բնություն: Հիշողությունների գրքից ես ձեզ կպատմեմ հնագույն մի ավանդապատում Արցախի մասին:
Արարչության ժամանակ, Արարիչը լեռնակղզին ջրից դուրս բերեց և որպես արարման վայր, այն Հայք կոչեց: Իր էությամբ և որակով Աստվածամարդուն արարեց և նրան Հայա կոչեց ու Հայքին տեր կարգեց: Բույսերին, կենդանիներին և մարդկանց որդիներին արարելուց հետո, Արարիչը Հայային Իր Աստվածային Օրենքները տվեց և պատգամեց:
Հայքում ջրհեղեղից հետո տեղի ունեցավ առաջին տիեզերական ժողովը: Արարչի հետ մյուս երկնային աստվածներն էլ էին եկել այդ ժողովին: Եվ Արարիչը Հայային ասաց.
— Վեհագույն երկիրը, որը Ես արարեցի՝ այս լեռնաշխարհն է, որն անվանեցի՝ Արարատյան աշխարհ (Արիների արարման վայր): Եվ երկրորդ` դրախտավայրը այս լեռնաշխարհում եմ արարել և Արացխ-Սյունիք եմ կոչել: Արացխ է կոչվում, որովհետև Արիների կենտրոնատեղին է, իսկ կառավարման կենտրոնը՝ Շուշի` որպես ուշադրության շեմ: Իսկ Սյունիքը՝ Տիեզերքի սյունն է, որովհետև նա է տիեզերքի արարման ցուցիչը, և ժամանակի գետի հոսքն այս ցուցիչի միջոցով է կարգավորվելու և բոլորն են դրանով առաջնորդվելու: Արիական այս բնօրրանում դու պետք է մի քանի արիական տոհմերից ազգեր ստեղծես: Ես օրհնում եմ քեզ, ուրեմն ի գործ:
Հետո Արարիչն երկնային աստվածների հետ միասին անհետացավ: Հայան խոկումների մեջ ընկավ: Նա դեռ ամբողջովին չէր կարողանում իր առաքելությունը հասկանալ: Պետք է կազմակերպել մարդկանց որդիներին: Բայց ինչպե՞ս: Նա չգիտեր: Հայան դիմեց Հայր Արարչին.
-Ամենակարող Հա՛յր Արարիչ, ես մարդկանց որդիներից ինչպե՞ս ազգ ստեղծեմ: Ինչպիսի՞ օրենքներով: Օգնի՛ր ինձ, Հայր:
Արարիչը պատասխանեց.
-Հայա, ազգի հիմքը ընտանիքն է և Իմ տված Աստվածային Օրենքները: Դու պետք է կին առնես, որ ընտանիք կազմես: Իսկ կին Ես քեզ համար կարարեմ: Դու կունենաս ընտանիք, որի հիմքը Աստվածային սերն է լինելու: Դա է Իմ առաջին օրենքը: Երկուսդ մեկ ամբողջություն եք լինելու և զավակներ եք ունենալու: Եվ ձեր այդ երրորդություն` ընտանիքը աստվածային է լինելու: Դուք չորս որդիներ եք ունենալու, ովքեր լինելու են չորս ազգությունների նահապետներ: Ես քեզ աշխարհարարման գաղտնիքը բացահայտեցի:
Հայան Արարչից այսպիսի պատգամ ստացավ: Նա գիտեր, որ Արարիչն իրեն կին է ուղարկելու: Եվ առիթը չուշացավ: Արեգակի պայծառ լույսից, ծով ծիրանիի, ջրի կապույտից, հով-զով քամուց, աղբյուրի կարկաչից, եղնիկի նազանքից Արփենին լուսեղեն մարմին ստացավ, ոսկեհեր փարթամ ու ջրվեժ մազեր, երկնքի լազուրի հետ մրցող կապույտ աչքեր, սիգաճեմ քայլք ու նազանք: Հայան առաջին հայացքից սիրեց Արփենիին, և Աստվածային սիրո ողջ հուրը, ամբողջովին լցրեց նրա էությունը: Արփենին էլ սիրեց Հայային, իսկ Արարիչը օրհնեց նրանց միությունը:
Նա նորից հայտնվեց Հայային և ասաց.
-Դու արդեն կին ունես և զավակներ էլ կունենաս: Իմ արարածներին պահիր, պահպանիր, բազմացրու և նրանց Արքան եղիր:
Հայան պատասխանեց.
-Ես Քո արարած երկիրն ու արարածներին կպահպանեմ և կբազմացնեմ: Համաձայն եմ նրանց արքան լինել: Իմ թագավորությունում ոչ տաք քամի, ոչ սառը քամի, ոչ հիվանդություն և ոչ էլ մահ է լինելու:
Արարիչը մի ոսկենշան թուր և մի ոսկե օղ նվիրեց նրան: Եվ այսպես Հայան Արարչի կողմից թագավոր օծվեց, և Արցախ աշխարհում մարդկանց որդիների վրա թագավորեց:
Անցավ երեք հարյուր տարի: Հայան չորս որդի ունեցավ: Առաջինի անունը նա Հայկ դրեց, երկրորդինը՝ Ռուսե, երրորդինը՝ Փարսե, չորրորդինը՝ Հինդու: Երկիրը լցվեց նախիրներով, հոտերով, մարդկանցով, շներով ու թռչուններով, կարմիր այրող կրակով: Հայան իր որդիների հետ միասին, մարդկանց սովորեցնում էր անասնապահություն, գյուղատնտեսություն, մարտարվեստ, ջրանցքների և տաճարների կառուցում, աստղագիտություն, տարբեր արհեստներ: Իսկ Արփենին նրանց կանանց ընտանեկան գործեր էր սովորեցնում՝ հագուստ գործել, կով և ոչխար կթել, մածուն մերել, պանիր պատրաստել, ցորենը և գարին աղալ և այդ ալյուրից հաց թխել:
Արփենի թագուհուն մարդիկ փառաբանության օրհներգ էին նվիրել.
Վեհագույն կեցվածքով Մասիսի, գորովով նայեցիր դու մարդկանց,
Արեգակն արդար ճակատիդ՝ զգացիր ապրումները նրանց,
Բեկելով լույսը յոթնագույն՝ ծիածանի պես ժպտացիր,
Եվ արևի, սիրո ջերմությամբ մարդկանց դու հույս տվեցիր:
Լինելով հայոց մեծ մայրը՝ դու Արացխ աշխարհն օրհնեցիր,
Հայա Աստծո անունից ծով բարիքներ բաժանեցիր,
Արացխ աշխարհը Հայոց, Արիաց կենտրոն կարգեցիր,
Ու նրա շունչը ոգեղեն վեհագույն դրոշ կոչեցիր:
Դու Դրախտի թագուհի խարտյաշ, հուրհեր Արփենի,
Սեր, խնդության պահապան՝ ողջն աստվածային դարձրիր,
Ընտանիքը սրբություն, դու սուրբ սիրով օծեցիր,
Որդիներիդ Նահապետ, չորս ազգերի հայր կարգեցիր:
Արարիչն Արարատյան լեռնաշխարհին շռայլորեն պարգևել էր յուրահատուկ գեղեցիկ բնություն: Արացխ դրախտավայրը կամոքն Արարչի արևմուտքից դեպի արևելք թեքություն ուներ: Արևմուտքի վերամբարձ լեռներից սկիզբ առնող բոլոր գետերը հոսում են դեպի արևելք և հարավ-արևելք` Արացխի դաշտավայր: Լեռնային այդ արագահոս գետերը իրենց ճանապարհին Արացխ լեռնաշխարհի մակերևույթը վերածել են անդնդախոր ձորերի ու գեղատեսիլ գետահովիտների: Դրանցից ավելի գեղեցիկ և նշանավոր են յոթ ընդարձակ գետահովիտները, որոնք արևելյան` հարթավայրային մասից մտնում են լեռնատարածքի խորքերը: Դրանք Իշխանագետ, Վարանդա, Ամարաս, Խոնաշեն, Կարկառ, Խաչեն, Թարթառ գետահովիտներն են, որոնք հատկապես միջին և վերին հոսանքներում հազվադեպ և անկրկնելի գեղեցկությամբ են օժտված: Հենց այդ հատվածում է գտնվում Հաթերքի անդնդախոր ձորն իր անձեռակերտ հուշարձաններով, ջրվեժներով: Վարանդայի ու Կարկառի լայնաշերտ հովիտները իրենց անզուգական գեղեցկությունն ունեն հատկապես Շուշի քաղաքի մոտ:
Իր գեղեցկությամբ յուրահատուկ է Դրախտիկը, որտեղ Հայան ապրում էր իր ընտանիքով: Նա սիրով էր այդ վայրը Դրախտիկ կոչել: Դրախտային այս անկյունում կարծես թե սոխակը, եղնիկն ու վարդը մրցում են իրար հետ` մեկն իր դայլայլով, մյուսը` նրբությամբ, երրորդը` բուրմունքով, մեղուների բզզոցը` սարից իջնող աղբյուրների կարկաչի հետ, ծառերի կանաչը` լեռան լանջին աճող հյութալի խոտի հետ, լճակների կապույտը` երկնքի լազուրի հետ: Արարչի արարած ամեն մի արարած` լինի դա թռչուն, գազան, բզեզ, ծառ, անտառ, դաշտ, այգի, ամբողջը կատարյալ են, և իրենց գեղեցկությամբ կարծես միմյանց հետ են մրցում: Թարմ օդը, բյուրեղյա քաղցրահամ ջուրը, բազմազան պտուղները, հատապտուղները, մրգերը, այդ դրախտային անկյունում, միայն իրենց արքային` մարդուն են սպասում: Արևի ճաճանչները խաղում են ձկների վտառների հետ և արծաթե փայլով լցնում գետակները: Այս դրախտավայրում մարդուն միայն մի բան է մնում` վայելել և բնության հետ համահունչ ապրել: Եվ ուրախանում էր Հայան` տեսնելով բնության զարթոնքն ու եռուզեռը: Հայան սիրում էր իր արարած մարդուն և հրաշք բնությունը իր կենդանական հարուստ աշխարհով: Ե’վ մարդիկ, և’ բնությունը սիրում էին իրենց Հայա աստծուն: Մարդիկ նրանից սեր, լույս և ջերմություն էին ստանում: Հայան սրբությամբ էր կատարում Արարչին տրված իր խոստումը, Արարիչն էլ ավելի էր օրհնում Արացխ դրախտավայրը: Դրախտիկը մի դրախտային անկյուն էր Արացխ դրախտավայրում: Այն գտնվում էր Քիրսի լեռնաճյուղերից մեկի արևելահայաց լանջին: Հենց այս գետային ավազանների ձորահովտում է գտնվում Դիզափայտ լեռը, որի լանջերը հայտնի են ոչ միայն անզուգական բնական գեղեցկություններով` բազմազան ծաղիկներով, բուսատեսակներով, ալպյան մարգագետիններով, անտառներով, զուլալ սառնորակ աղբյուրներով: Այդ տարածքի զգալի մասը թավ անտառներ են, որոնք հարուստ են բազմազան պտուղներով, իսկ Քիրսի լեռնաշղթայի ու Դիզափայտի լանջերը ծաղկառատ, խոտառատ արոտավայրեր են: Դիզափայտ լեռան վրա, Հայայի կամքով նրա չորս որդիները` Հայկը, Ռուսեն, Փարսեն և Հինդուն կառուցեցին ”Սպիտակ տաճարը”: Հայան Արարչի հետ այս տաճարում էր հանդիպում և այստեղ էր Նրան փառաբանում և երկրպագում: Այս վայրին մոտ էր գտնվում քարանձավային մեծ համալիրը, որը բաղկացած էր մեծ ու փոքր, իրար հետ կապված բազմաթիվ սրահներից, զիգզագաձև անցուղիներից: Սրահների մեծ մասը ընդարձակ էր: Եվ հետագայում սառցակալման ժամանակ Հայան այդ քարանձավները և գետնուղիները օգտագործեց մարդկանց և կենդանիների փրկության համար:
Արարիչը նորից հայտնվեց Հայային և ասաց.
-Ո՜վ հրաչյա Հայա, վատագույն ձմեռ է իջնելու Երկրի վրա, լինելու է սարսափելի ցուրտ ու սառցակալում, մահաբեր ձմեռ է լինելու աշխարհի վրա: Ո՜վ Հայա, լեռներից մեկն ընտրիր և այնտեղ մի ապաստարան շինիր ու այնտեղ տար Իմ արարած աշխարհիս վսեմագույն և ազնվագույն կանանց ու արանց սերմը: Այնտեղ դու պետք է տանես Իմ արարած, աշխարհիս ամենաընտիր, լավագույն և ազնվագույն բոլոր տեսակի կենդանիների սերմը:
Հայան շնորհակալություն հայտնեց և փառաբանեց Արարչին.
-Փառք Քեզ, Հայր Արարիչ: Հազար փառք: Դու ինձ և իմ ընտանիքին շատ ես սիրում: Երախտապարտ եմ Քեզ փրկության համար: Ես Քո կամքը կկատարեմ:
Հետո Հայան այդ լեռը, որի վրա նա միշտ աղոթում էր և փառաբանում Հայր Արարչին, կոչեց՝ Արարչի լեռ, որը հետագայում վերանվանվեց՝ Դիզափայտի լեռ: Նա Արացխ և Սյունիք աշխարհների ընդերքում գետնուղիներ պատրաստեց և դեպի ներքև բրգաձև կառույց ստեղծեց: Դեպի վերև՝ բրգաձև լեռան և դեպի ներքև՝ ընդերքի բուրգի հատման մասում, նա արարչական զորություն հայտնաբերեց: Հայան կարողացավ, Արարչի կամոք այդ գետնուղիները լուսավորել և ջերմացնել, որպեսզի թե՛ մարդկանց, թե՛ անասուններին այդտեղ բնակեցնի: Եվ դա աստվածային մտքի հանճարն էր: Այսպես աստվածային Հայան կարողացավ սառցակալումից փրկել մարդկանց և կենդանիներին: Եվ Արացխում ու Սյունիքում մինչև այժմ պահպանվում են այդ գետնուղիները, որոնց հզոր կենտրոններում մարդիկ տաճարներ կառուցեցին: Դրանից հետո Հայկի սերունդները, իրենց աստվածային հոր՝ Հայայի անունով, հայեր կոչվեցին: Եվ դա եզակի դեպք էր: Եվ հայերը օրհներգ ձոնեցին Հայային.
Հայա` մեր Աստված հզոր, Քեզ հազար-հազար փառք,
Բազմաթիվ անգամ, Դու մեզ փրկեցիր, Քեզ հազար-հազար փառք,
Սառցակալումից, մեզ ազատեցիր, Քեզ հազար-հազար փառք,
Հայի Աստվածը դարձար Դու վսեմ, Քեզ հազար-հազար փառք:
Ազգդ Քո անվամբ, իրեն Հայ կոչեց, Քեզ հազար-հազար փառք,
Եվ Քո զորությամբ իրեն պաշտպանեց, Քեզ հազար-հազար փառք,
Արարման Քո հզոր մտքով տաճարներ կերտեց, Քեզ հազար-հազար փառք,
Եվ Արարչության լուսաշող քարը Քեզ թագ դարձրեց, Քեզ հազար-հազար փառք:
Արացխում դրախտ Նա կերտեց, Քեզ հազար-հազար փառք,
Սերդ արարման խորհուրդը դարձավ, Քեզ հազար-հազար փառք,
Դու հզոր մարտիկն ես Արարչի, Քեզ հազար-հազար փառք,
Կամքդ բանալի հավերժի, Քեզ հազար-հազար փառք:
Սառցակալումից հետո, Արարիչը Դիզափայտ լեռան վրա հանդիպեց Հայայի հետ:
-Ո’վ Հայա, երկրի սառցակալումը և քո թագավորության երեք հարյուրերորդ ձմեռն ավարտվեց: Դու Իմ արարած մարդկությանը պահեցիր և պահպանեցիր, օգտագործելով Իմ տված աստվածային կրակը: Եվ այժմ, Ես քեզ, երկիրն ընդարձակելու իշխանություն եմ տալիս: Հայա` դու արևի լույսով դեպի հարավ գնա, ոսկե օղակը` արորը մխրճիր հողի մեջ: Գետինը Իմ տված թրով ճեղքիր և այն կընդարձակվի:
Եվ Հայան ոսկե արորը մխրճեց գետնի մեջ և ասաց.
-Ո’վ դու Սանդարամետ, խնդրում եմ բարեգթությամբ ընդարձակվիր, որպեսզի նախիրներին, հոտերին ու մարդկանց տեղ տաս:
Եվ Հայան ի վերուստ իրեն տրված իշխանությամբ, երկիրը մեկ երրորդով դեպի արևելք, էլ ավելի է ընդարձակում: Անցնում է 600 տարի և նույն բանը կրկնվում է: Հայան երկիրը դեպի հյուսիս երկու երրորդով էլ ավելի է ընդարձակում: Հայան մարդկության աճի և պահպանման գործում, ինչ որ խոստացել էր Արարչին` կատարում է: 900 տարի անցնելուց հետո, Հայան երկիրը դեպի հարավ-արևելք երկու երրորդով նորից է ընդարձակում: Արարիչը հայտնվում է Հայային և ասում.
-Դու իսկապես փրկեցիր իմ ստեղծած արարածներին: Իմ Արարչական Օրհնությամբ դու ես մարդկության Աստվածը և միայն դու կարող էս մարդկությանը Իմ Արարչական Օրենքները և’ տալ, և’ կիրառել: Դու ես Օծյալը և Ես ու դու մեկ ամբողջություն ենք: Իմ Կամքն է.
1.Հայկի հետ միասին ապրելու ես Իմ արարած դրախտավայրում` Արարատում:
2.Ռուսեն գնալու է հյուսիս և հյուսիսային ազգերի Նահապետն է դառնալու:
3.Փարսեն գնալու է հարավ և հարավի ազգերի Նահապետն է դառնալու:
4.Հինդուն գնալու է հարավ-արևելք և հարավ-արևելքի ազգերի Նահապետն է դառնալու:
Ծաղկելու է Աշխարհն Արարատյան, և Հայա, քո զավակները` հայերը Բարձրյալ են կոչվելու: Նրանք են Իմ և քո որդիները, և նրանք պետք է շարունակեն արարումը Արարատում: Նրանք ապրելու են աստվածային օրենքներով, և ամենուրեք տիրելու է խաղաղություն, սեր, միաբանություն: Նրանք մյուս ազգերին կսովորեցնեն և կփոխանցեն մշակույթը, արվեստներն ու արհեստները: Եվ քեզ, ո’վ Հրաշադեմք Հայա և քո արարչագործ ազգին եմ փոխանցում արարչության գաղտնի վարդապետությունը.
-«Ով կներթափանցի Սրբազան Կրակի գաղտնիքների մեջ և կձուլվի Նրա հետ, պետք է նախ հոգով ու մարմնով ձուլվի Երկրի` իր մոր հետ, Մարդկության` իր քրոջ հետ և Գիտության` իր դստեր հետ»:
Եվ այս մաղթանքներից հետո Արարիչը հեռացավ: Հայա Աստծո խնամակալությամբ բոլոր երեք նահապետներրը` Ռուսեն, Փարսեն և Հինդուն իրենց ազգերով ուղևորվեցին Արարչի կողմից կանխանշած և Հայայի ընդարձակած երկրները:
Հայա Աստծո օրհնությամբ Հայկը մնաց մարդկության բնօրրանում` Արարատում: Հայան օրհնեց նրան.
-Հայկ, դու աստվածային զարմ էս և քո սերունդն էլ աստվածային է: Դու կամուսնանաս Հայարփիի հետ և աստվածների ազգը` հայերը կբազմանան: Եվ նրանք են աշխարհը կառավարելու, և բոլոր գիտությունները նրանց են տրվելու: Արարատյան լեռնաշխարհն է կենաց գոտին և քո աստվածային սերունդն է աշխարհը փրկելու: Իմ օրհնությունը թող լինի քո, քո սերունդների և Արարատյան աշխարհի դրախտավայր` Արացխի վրա: Միշտ փառաբանեք և երկրպագեք մեր Արարչին:
Եվ Հայա Աստվածը Հայկի հետ միասին բնակվեցին Արարատյան լեռնաշխարհի դրախտավայրում` Արացխում` Աստվածների և Աստվածային Օրենքների երկրում:
Հավերժ փառք Հայր Արարիչին, Հայա Աստծուն, Արփենիին, Հայկին, Ռուսեին, Փարսեին, Հինդուին և ազգին Հայոց: Փառք նաև քեզ՝ ավանդապատումը ուշիմ լսողիդ և ապագա սերունդներին փոխանցողիդ:
Հեղինակ՝ Հրաչյա Հարությունյան