Տաղ Նարեկացուն …
Հեռու կապույտում շողակաթ ամպի
Ու առավոտի թաց շամանդաղում,
Տեսիլ հայտվեց ամպաքող եթեր`
Ճերմակ հանդերձով` մարդ էր
Աստծո պես` հայացքով խոհուն,
Թվաց, թե Տերն է,
Հայտնության նշան, մի նոր ավետիս,
Նրանից այնքան լույս էր աղերսվում
Հողին արթնացող,
Ասես արևի շողերից արձակ
Ծլարձակվում էր ցողունը ձիգ
Ու բացվում ծաղիկ մի անակնկալ`
Դեղնատոտիկ մեղուներ վրան:
Կենսաթրթիռ տրոփյունն ասես
Անտես բջիջի լսելի էր ինձ` հար և նման
Մեղեդուն զանգի տիեզերական
Ամեն առավոտ երկնքից իջնող…
Ասես շուրջառ էր հագել արևի
Մարդը անսովոր, անիմանալի,
Հեռու ամպերից նա եկավ նստեց`
Նարեկա վանքի լուռ գմբեթներին,
Նրա քիվերից տատրակներ թռան
Կապույտը վերին` բառերի շքեղ ոսկե երամով,
Դեպի ծովակը երկնահայաց ու այնքան մոտիկ
Հրեշտակների ալիքը վազեց անխոս մրմունջով`
Ձկների նման պոչավոր լռին ու մաքուր արծաթ…
Մարդ էր, տեսիլ չէր, տարիներ հետո պիտի տեսիլվեր,
Այնքան մաքուր էր աղոթքները ջինջ,
Ապաշխարանքը` սրտի խորքերից ու անկեղծության հար
Պոռթկումի պահի, զղջանքն` անսովոր և ոչ մի մարդու
Թուլությանն հարիր, ընծայականը` խոսքով ոսկեբեր ու
Ոսկեանձրև` վերև ու ներքև,
Ադամանդի շիթ`շողարձակումից արևն է անգամ
Ամաչում այնքան,
Բառերի ջրվեժ, որ ծավալանայր այստեղ ու այնտեղ`
Գիշերով` խաղաղ, ցերեկով` բարի,
Ամեն աստծո օր` քաղցր մանանա,
Շուրթերին հպվող արտաբերելիս,
Քեզ ինչպես երգեմ,
Մարդ եմ անցողիկ,
Չունեմ քո խոսքի ուժը ես երբեք, աստվածահաճո
Ձայնը քո եդեմ`
Խաղաղեցնող, ինչպես նորահրաշ մանուկ ու ժպիտ,
Հանդարտեցնող` ինչպես մոր ձեռքեր,
Նվիրական` հող հայրենի, տարածվող եզերք,
Չափումներով նոր, աստվածային,
Գլխահակ եմ ես,
Խոնարհ եմ անվերջ,
Երկրպագողդ` մինչև, մինչև վերջ…
Մարինե Մկրտչյան